Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Բեռլինյան ոսկե գլխարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲեռլինի Նախապատմության և վաղ պատմության թանգարանի բոլոր ցուցանմուշներից այդ հնագույն արտեֆակտը՝ Բեռլինյան ոսկե գլխարկ, թերևս ամենաառեղծվածայինն է: Ամբողջովին անհասկանալի է, թե որտե՞ղ է այն հայտնաբերվել, այդ առարկայի ճշգրիտ նպատակը լիովին պարզված չէ, և այդ հարցով կան միայն մի քանի հիմնական վարկածներ, իսկ թանգարանում դրա հայտնվելու հանգամանքները պատված են առեղծվածով։
Բեռլինյան ոսկյա գլխարկը բրոնզի դարի նեկրոպոլիսների՝ գերեզմանների, մշակույթի արտեֆակտ է, այն պատրաստված է բարակ թիթեղյա ոսկուց, ավելի ճիշտ 87,7% ոսկու պարունակությամբ համաձուլվածքից, իսկ մնացած տարրերը արծաթ և քիչ քանակի պղնձի և ցինկի խառնուրդներ են: Ամենայն հավանականությամբ, դա եզրային ձևավորմամբ գլխարկ է, որը կազմված է եղել օրգանական նյութերից և պաշտպանել է իր արտաքին տեսքը ոսկե հենքի օգնությամբ, որն էլ հասել է մինչև մեր օրերը։ Գլխարկի բարձրությունը 745 մմ է: Այդ գլխարկը ներկայումս հայտնի չորս կոնաձև բրոնզ-ոսկյա գլխարկների լավագույն պահպանված օրինակն է, որոնք հայտնաբերվել են 19-րդ և 20-րդ դարերում հարավային Գերմանիայում (Բուրգտանի և Շիֆերշտադի գլխարկներ) և Ֆրանսիայում (Ավանտոնի գլխարկ) և որոնք գտնվում են քիչ թե շատ բավարար վիճակում։
Ներկայումս ենթադրվում է, որ նման ոսկե գլխարկները ծառայել են կրոնական և պաշտամունքային նպատակների համար և օգտագործվել են Արևի պաշտամունքի քահանաների կողմից, որը լայնորեն է տարածված եղել Եվրոպայում ուշ բրոնզի դարում: Այդ տեսակետը հիմնավորվում է Սքանեի (Հարավային Շվեդիա) տարածքում գտնվող Չիվիկ դամբարանում գտնվող քարե սկավառակի վրա հայտնաբերված կոնաձև առարկայի պատկերի համանմանությամբ, որը միանշանակորեն կրոնական և պաշտամունքային համատեքստ ունի: Բեռլինյան գլխարկի զարդանախշի մասնակի վերծանումից և Շիֆերշտադում հայտնաբերված նմանատիպ կոնաձև գլխարկի հետ համադրելուց հետո, այդ իրերին պաշտամունքային գործառույթներից բացի վերագրվել է նաև օրացույցի հետ կապված տարբեր գործառույթներ։ Սակայն հայտնի չէ, արդյո՞ք դրանք օգտագործվել են հատուկ որպես օրացույց, թե ուղղակի օգտագործվել են միայն հիմնական աստղագիտական գործառույթների համար։
1996 թվականին է հայտնվել Բեռլինյան ոսկե գլխարկը Բեռլինի Նախապատմության և վաղ պատմության թանգարանում առանց ծագման որևէ բացատրության, ինչը, ըստ երևույթին, անօրինական հնագիտական պեղումների արդյունք էր և ձեռք էր բերվել արվեստի գործերի սև շուկայում հայտնվելուց հետո: Հիմնվելով այդ գլխարկի զարդանախշերի այլ արտեֆակտների հետ համեմատության վրա, որոնց թվագրումը կարելի է ավելի ճշգրիտ որոշել, Բեռլինյան ոսկե գլխարկի ստեղծման ամենահավանական ժամանակը համարվում է բրոնզի դարի վերջին շրջանը, մոտ մ.թ.ա. 1000-ից 800–ական թվականները: Իսկ հայտնաբերման սկզբնական վայրը ամենայն հավանականությամբ հարավային Գերմանիան կամ Շվեյցարիան է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am