Ծանոթ ու միաժամանակ անհայտ` ծամոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾամոնի (մաստակ) պատմությունը սկիզբ է առել դեռ այն հին ժամանակներից, երբ չկային ատամի մածուկներ ու խոզանակներ, և մարդիկ ատամները մաքրելու համար օգտագործում էին խեժ, ինչպես դա անում էին օրինակ արևելքում կամ ամերիկյան մայա հնդիկները Հևեա ծառի հյութը (կաուչուկ) ծամելով: Հենց այդ բնական նյութերն էլ կարելի է համարել ծամոնի նախատիպերը: Անկասկած ամերիկացիներն են առաջինը սկսել ծամոն արտադրել: 19-րդ դարում Քուրտիս եղբայրներն են հորինել ծամոնը, որը նրանք տնայնագործական մեթոդներով պատրաստել են մեղրամոմից և սոճու խեժից: Գաղափարը այնքան հաջող է եղել, որ որոշվել է ավելացնել արտադրությունը: Բուրավետիչների օգտագործումը եղբայրներին թույլ է տվել ընդլայնել արտադրանքի տեսականին մինչև չորս տեսակի: Այնուամենայնիվ Ուիլյամ Ֆինլի Սեմփլն է առաջինը 1869 թվականին ծամոնի արտոնագիր ստացել, սակայն չի զբաղվել դրա արտադրությամբ: Իսկ ամերիկացի Թոմաս Ադամսը, իր տրամադրության տակ ունենալով մեկ տոննա կաուչուկ, ինքնուրույն պատրաստել է ծամոնի փորձնական խմբաքանակ: Այդ խմբաքանակը այնքան արագ է վաճառել, որ Ադամսը որոշել է արտադրություն հիմնել: 1871 թվականին նա արտոնագրել է ծամոնի արտադրության ավտոմատ մեքենան և սկսել ծամոն արտադրել արդյունաբերական մասշտաբով: Հասնելով առաջին հաջողություններին՝ Ադամսը սկսել է բարելավել իր արտադրանքի որակը: Ձեռնարկատերը որոշել է կաուչուկին ավելացնել անուշահոտ բուրավետիչ, որի արդյունքում հայտնվել է «Black Jack» անունով նոր ծամոնը: Բացի համից, նոր արտադրանքը սկսել է տարբերվել նաև ձևով, և սովորական գնդիկների փոխարեն հայտնվել է մատիտ ծամոնը:
Ծամոնի ստեղծման պատմության հաջորդ փուլը եղել է 20-րդ դարի սկզբին, երբ Ֆրենկ Ֆլիրի կողմից արտադրվել է «Blibber-Blubber» ծամոնը, որը հնարավոր է փչել: Այս դարի 20-ականների վերջում ընկերության աշխատակից Վալտեր Դիմերը առաջարկել է արտադրանքի որակի բնութագրերի բարելավման տարբերակներ, ինչի արդյունքում ընկերությունը սկսել է արտադրել կոնֆետներ, որոնց ներսում փոքրիկ ծամոն է: Արդեն 20-րդ դարի կեսերին ծամոնը նվաճել է Միացյալ նահանգները: «Չոր օրենքի» ժամանակ այդ արտադրանքը շատ պահանջարկ է ունեցել, քանի որ այն թաքցնում է ալկոհոլի հոտը: Ժամանակակից աշխարհում ծամոնը օգտագործվում է բոլորի կողմից՝ սկսած փոքրիկներից, որոնք այն ծամում են հաճույքի և զվարճանքի համար, մինչև տարեցները, որոնք այն օգտագործում են հիգիենայի, ատամների և լնդերի հիվանդությունների կանխարգելման համար: Չնայած ժամանակի ընթացքում ծամոնի օգտագործման ուղղությունները բազմապատկվել են (օրինակ՝ ծամոն սկսել են օգտագործել շնչառության թարմացման համար), բայց նրա հիմնական գործառույթը հիմա էլ անփոփոխ է՝ ատամները մաքրելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը