Եթե սահմանները բացվեն, մարդիկ այս անգամ Հայաստանը կլքեն՝ առանց հետ նայելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյն օրից, երբ շրջանառության մեջ դրվեց՝ «… մինչև Արցախի հարցը չլուծենք, լավ չենք ապրելու Սերգո ջան» թեզը, դրանից հետո այդպես էլ չբացատրվեց, թե ինչու չենք կարող առանց Արցախի հարցը լուծելու լավ ապրել: Լավ ապրել, չապրելու թեզը կորցրեց ակտուալությունը պալատական հեղաշրջումից հետո, քանի որ Արցախից ՀՀ վարչապետ նշանակված, հետո նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը հասարակությանը ապացուցեց ճիշտ հակառակը: Այդ ժամանակ պարզվեց, որ առանց Արցախի հարցը լուծելու էլ է հնարավոր լավ ապրել, բայց, այդ լավ ապրելը ոչ բոլորի հագով էր: Յուրայիններն ու նրանք, որոնք սիրում էին Հայաստանը կամ գնալու տեղ չունեին՝ մնացին Հայաստանում, մնացածը իրենց բարեկեցությունը քիչ թե շատ ապահովելու համար արտագաղթեցին:
2018-ի հեղափոխությունից հետո շատերը սկսեցին մտածել, որ երկիրը երկիր կդառնա, ու բոլորն էլ հնարավորություն կունենան իրենց ունակությունների ու հնարավորությունների սահմաններում լավ ապրել: Սակայն, կարճ ժամանակ անց պետք է պարզվեր, որ նախկին իշխանությունների յուրայիններին եկել են նոր իշխանությունների յուրայինները փոխարինելու: Ու թեև հասարակությունն այս անգամ չշտապեց արտագաղել, սակայն, վրա հասավ պատերազմը և բացեց մինչ այդ չբացված բազմաթիվ փակագծեր: Հիմա՝ պատերազմից հետո, երբ երկիրը հայտնվել է անորոշության մեջ, շատերը կրկին սկսել են մտածել երկիրը լքելու մասին, քանի որ արդեն երկու սերունդ է սպասում են, որ երկիրը երկիր դառնա, բայց այդպես էլ շատ բան չի փոխվել: Նույն աթոռակռիվը, նույն մարդիկ, նույն դեմքերն ու դեպքերը թույլ չեն տալիս, որ երկիրը նորմալ հունով զարգանա, իսկ թե երբ կլինի այս ամենի վերջը՝ ոչ ոք չգիտի:
Մեկ բան ակնհայտ է՝ մարդիկ հոգնել են պայքարելուց, իսկ առանց պայքարելու էլ երկիրը զարգանալ չի կարող: Հասարակությունը հոգնել է բոլորից և երազում է չքաղաքականացված միջավայրում ապրելու մասին, ուստի բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե սահմանները բացվեն, շատերը Հայաստանը կլքեն՝ առանց հետ նայելու, քանի որ այլևս չկա այնպիսի խոստում, որին հավատալով մարդը կարող է հետ կանգել իր որոշումից:
Արմինե Գրիգորյան