Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Երկնաքերեր
ՖՈՏՈԵրկնաքեր շենքի նվազագույն բարձրության որոշումը հակասական է: ԱՄՆ-ում և Եվրոպայում սովորաբար երկնաքերեր համարվում են առնվազն 150 մ բարձրություն ունեցող շենքերը: Emporis-ը սահմանում է երկնաքերը որպես 100 մետրից բարձր շենք, ի տարբերություն պարզապես բարձրահարկ շենքերի (35-ից 100 մետր), իսկ SkyscraperCity-ն որպես 200 մետր բարձրության վրա գտնվող շենք: 300 մ բարձրությանից ավելի երկնաքերերը անվանվում են գերբարձր, իսկ 600 մ-ից ավելին մեգաբարձր (անգլերեն megatall):
Մինչև 20-րդ դարը վեց հարկից ավելի բարձրությամբ շենքեր հազվադեպ էին կառուցվում։ Դա պայմանավորված էր աստիճաններով մեծ բարձունքներ բարձրանալու անհարմարությամբ: Բացի այդ, այն ժամանակ օգտագործվող ջրի պոմպերը թույլ էին տալիս ջուրը բարձրացնել միայն 10 մ-ից ոչ ավելի: Պողպատի, երկաթբետոնի և ջրի ճնշման պոմպերի տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև անվտանգ վերելակների հայտնագործումը հնարավորություն տվեցին տասնյակ անգամ բարձրացնել շենքերի բարձրությունը, ինչը հատկապես պահանջված էր մեգապոլիսներում, որտեղ հողատարածքի արժեքը շատ էր բարձր։
Թեև մարդկության հին պատմության մեջ կառուցվել են բազմահարկ (ներառյալ նեղ) շենքեր և նույնիսկ ամբողջ քաղաքներ (օրինակ Եմենի Շիբամը, Իտալիայի Սան Ջիմինյանոն), սակայն առաջին երկնաքեր է համարվում է 1885 թվականին Չիկագոյում կառուցված ապահովագրական ընկերության շենքը ( Home Insurance Building ), որը գոյություն է ունեցել մինչև 1931 թվականը։ Այն ի սկզբանե ուներ ընդամենը 10 հարկ և 42 մ բարձրություն, ավելի ուշ՝ 1891 թվականին, ավելացվել է ևս երկու հարկ, և շենքի բարձրությունը հասել էր 54,9 մ-ի։
Կա մի տարր, առանց որի անհնար է պատկերացնել երկնաքերը, և դա վերելակն է։ Գրասենյակային շենքերի առաջին վերելակները հայտնվել էին դեռ 1870 թվականին Նյու Յորքի Equitable Life շենքում: Սկզբում վերելակները հիդրավլիկ մեխանիզմով էին, որ սահմանափակում էր շենքի բարձրությունը քսան հարկով: 1903 թվականինին Օտիսը մշակել է էլեկտրական էներգիայով աշխատող վերելակ, որի դեպքում դեպի վեր բարձրացող կաբինայի քաշը մասամբ հավասարակշռվում էր իջնողի քաշով: Այդ նորամուծության արդյունքում էլ հանվել են բարձրության սահմանափակումները։
Սկզբում երկնաքերերի կառուցման առաջնայնությունը պատկանում էր Չիկագոյին, սակայն 1893 թվականին այնտեղ արգելվեց 39 մ-ից բարձր շենքեր կառուցել, և երկնաքերերի հետագա զարգացումը տեղի ունեցավ Նյու Յորքում։
Գրեթե երկու դար առաջ բազմահարկ շենքերի շինարարական տեխնոլոգիաները ենթադրում էին, որ շենքի արտաքին պատերը պետք է կրեն շենքի ընդհանուր քաշը: Բայց ճարտարապետ Ֆուլլուրը նոր գաղափար առաջացրեց: Նա սկսեց պողպատե կարկասներ ստեղծել շենքի ներսում, որի արդյունքում շենքի ծանրաբեռնվածությունը արդեն չէր ընկնում արտաքին պատերի վրա: Այդ նորամուծությունը նա օգտագործեց Տակոմա երկնաքերի կառուցման ժամանակ։ Այս ամենի արդյունքում ամբողջ աշխարհում սկսվեց մրցավազք ամենաբարձր երկնաքերի կառուցման հարցում: Ինչ որ մեկը ռեկորդ է խփում, բայց դա երկար չի տևում:
Կ. Խաչիկյան