Ռուս փորձագետը նշել է այն ոլորտները, որտեղ «սրվել» են Երևան-Մոսկվա հարաբերությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍոցիոլոգիայի դոկտոր և Ռուսաստանի հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Վալենտինա Կոմլևան հայտարարել է, որ Հայաստանը զգուշորեն հեռանում է Մոսկվայից, սակայն դա չի նշանակում անցում դեպի բացահայտ թշնամանք, գրում է ritmeurasia.ru–ն։
Նա նման կերպ մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը մտադիր չէ մասնակցել հակառուսական նախագծերին։ Մասնագետի խոսքով Փաշինյանի խոսքերը պետք է դիտարկել որպես նախընտրական ժեստ՝ ուղղված ընտրազանգվածի ռուսամետ մասին, որը Հայաստանում շարունակում է զգալի լինել։
Վերլուծելով երկկողմ հարաբերությունների դինամիկան սոցիոլոգը նշել է մի քանի ոլորտներ, որտեղ, իր կարծիքով, «ձախողում» է տեղի ունեցել։ Առաջին հերթին, դա քաղաքական դիսկուրսն է. 2025 թվականին տեղական լրատվամիջոցներում գրանցվել է հակառուսական հռետորաբանության աճ, ռուսական լրատվամիջոցների գործունեության պայմանները վատթարացել են, փոխվել է նաև պետական մարմինների կրոնական քաղաքականությունը։ Մասնագետը նաև նշել է Երևանի ռազմական և քաղաքական շրջադարձը դեպի ՆԱՏՕ։ Միևնույն ժամանակ, ըստ Կոմլևայի, երկրների միջև տնտեսական երկխոսությունը մնում է անփոփոխ, և Հայաստանը շարունակում է զարգացնել բազմակողմանի կապեր այլ պետությունների հետ։ Հայաստանի ԵՄ ինտեգրման հեռանկարների վերաբերյալ փորձագետը կասկածներ է հայտնել արագ արդյունքների վերաբերյալ նշելով հայկական արտադրանքի անհամապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Նրա կարծիքով, ԵՄ չափանիշներին հարմարվելը անխուսափելիորեն կհանգեցնի ԵԱՏՄ չափանիշներից շեղման, ինչը լրացուցիչ սահմանափակումներ կստեղծի Ռուսաստանի հետ առևտրի համար։
«Հայաստանը կշարունակի համագործակցել ԵԱՏՄ-ի հետ», - եզրափակել է Կոմլևան հավելելով, որ Արևմուտքը առատաձեռն է խոստումների հարցում, բայց որևէ երաշխիք չի տալիս ո՛չ տնտեսության, ո՛չ էլ անվտանգության վերաբերյալ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am