«Ինձ համար կյանքը կանգ էր առել». Լիլիթ Կարապետյանը` հորն ու եղբորը կորցնելու, 16 տարեկանում իր ձեռքը խնդրելու մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցը երգչուհի Լիլիթ Կարապետյանն է։
Մանկություն
Մանկությունս ու պատանեկությունս անցել է Ալավերդիում։Ունեցել եմ կատարյալ մանկություն։ Բաներ կան, որ մինչև հիմա շատ լավ են տպավորված։ Հեքիաթային է անցել մեր յուրաքանչյուր օրը մինչև հայրիկիս մահանալը։ Երբ ասում են մանկություն ակամայից հիշում եմ մորս, հորս, թե ինչ սիրով էին ապրում և ինչ սեր էին տալիս մեզ։ Հիշում եմ` ինչպես էինք պատրաստվում Նոր տարվան։ Տոնածառն էինք զարդարում։
Մանկության տարիներին կենցաղային խնդիրներ չենք ունեցել։ Մայրս ու հայրս աշխատում էին և մեզ ամեն ինչով ապահովում։ Ամեն տարի մենք գնում էինք հանգստանալու տարբեր տեղեր։
Այդ տարիքում տարբեր երազանքներ եմ ունեցել։ Երգչուհի դառնալը միշտ եղել է։ Հայրս երաժշտական տեխնիկա ուներ։ Հիշում եմ, որ մեր տոնածառի մոտ քառակուսի արկղով իբրև բեմ էինք սարքել։ Երբ հյուրեր էին գալիս մեր տուն, բարձրանում էի դրա վրա ու երգում։ Հետո մոդել էի ուզում դառնալ։ Ընտանիքի անդամների ու հյուրերի մոտ իբրև նորաձևության ցուցադրություն էի կազմակերպում ու քայլում էի։ Ի դեպ, քայլելն ինձ մոտ շատ լավ էր ստացվում։ Երազում էի, որ մեծանամ սեփական մանկապարտեզն ունենամ, որտեղ պետք է սովորեն այն երեխաները, որոնք արվեստի հետ կապ ունեն. պարարվեստ, երգարվեստ և այլն։ Ես էլ իրենց մեջ պետք է զարգացնեմ այն տաղանդը, որն ունեն։

Երբ հիշում եմ մանկությունս հորս եմ կարոտում։ Իսկապես հեքիաթային կյանքով ենք ապրել այդ 9 տարիները։ Հայրիկիցս հետո կարծես`այդ ամենը հօդս ցնդեց։ Ես այդ ժամանակ այդքան չէի էլ հասկանում։ Ավելի հասուն տարիքում եմ գիտակցել, թե ինչպիսի հայր եմ ունեցել։
Հիշում եմ`ամեն երեկո հայրիկիս գրկում էի քնում, իսկ ինքը տանում էր ինձ իմ ննջասենյակ։ Մի խոսքով երանելի մանկություն եմ ունեցել։
Հետո մայրս մեզ մեծացրեց և հասցրեց պատանեկության շրջան։
Պատանեկություն
Պատանեկության տարիները համընկեց մութ ու ցուրտ տարիները։ Մայրս ջանք չէր խնայում և ամեն ինչ անում էր, որ մենք ոչ մի բանի պակաս չունենանք։ Նա զրկում էր իրեն ամեն ինչից և մեզ էր տալիս։ Նրա հետ ես ու եղբայրս հասանք մեր երազանքին։ Մենք տարբեր վայրերում համերգներ էինք տալիս և զբաղվում ձայնագրությամբ։
Այդ ժամանակ շատ էինք զգում հայրիկիս բացակայությունը։ Հատկապես մայրս շատ ծանր է տարել։ Պատկերացրեք նման ամուսին կորցնելը ցանկացած կնոջ համար ցավալի է։ Մայրս հորս մահից հետո ամբողջությամբ մեզ է նվիրվել։ Մամաս միշտ ասում է, որ եթե հայրդ ողջ լիներ մեզ հասնող չէր լինի։
Մինչ օրս շատ լավ եմ հիշում, թե մայրս ինչեր է արել մեզ համար։ Մենք մի հարուստ գրապահարան ունեինք։ 1000–ից ավելի գիրք կար։ Մութ ու ցուրտ տարիներին, երբ հացի, ջեռուցման խնդիր կար, մայրս ամեն առավոտ կաթը տաքացնում էր Ստալինյան գրքերը վառելով։ Կաթի մեջ հաց էր մանրացնում և տալիս մեզ։ Հետո գնում էր աշխատանքի։

Ես ինքս չեմ սիրել, բայց երկրպագուներ շատ եմ ունեցել։ Մի տղա կար, որ ինձ էր սիրում։ Նա շատ գեղեցկադեմ, ուժեղ տղա էր։ Անունը` Արմեն։ Բոլորն իրենից վախենում էին։ Նա ոչ ոքի չէր թույլ տալիս` մոտենալ ինձ։ Ամեն օր մեր բակ էր գալիս և հետևում ինձ։ Հիշում եմ` Վրաստանից մի տղա էր եկել Ալավերդի, ում հայրը կոշիկի գործարանի տեր էր ու բավականին կայացած լավ ընտանիք ուներ։ Նա ինձ ծաղիկներ էր ուղարկել։ Բայց որոշ ժամանակ անց նրա մասին էլ տեղեկություն չունեցա։ Հետո եմ իմացել, որ Արմենն իմացել է այդ մասին և արգելել է, որ նա ինձ մոտենա։
16 տարեկան էի, երբ Արմենի ծնողները եկան մեր տուն ձեռքս խնդրելու։ Մայրս, իհարկե, չհամաձայնեց, ասաց, որ պետք է եղբորս հետ շարունակեմ երգարվեստով զբաղվել։ Արմենի ծնողներն էլ այդ ժամանակ պետք է մեկնեին Հունաստան։ Արմենն ասել էր, որ եթե ձեռքս չխնդրեն ոչ մի տեղ էլ չի գնա։ Ստիպված մայրս ասաց, որ խաբեն Արմենին ասեն, որ համաձայնվել ենք։ Այդպես նա մեկնեց, բայց երբ մի տարի անց վերադարձավ ամեն ինչ գիտեր։
Այդ տարիքում ես ոչ մի բան ինքնուրույն չէի որոշում։ Մայրս ինչ ասում էր ես այն անում էի։ Ի դեպ, շատ խիստ մայր եմ ունեցել։ Եթե մայրս խիստ չլիներ ու ինձ հարցներ, ապա ես հնարավոր է համաձայնեի։
Չափահասություն
Այդ ժամանակ ես արդեն Երևանում էի ապրում եղբորս հետ։ Մայրս զագսի պատճառով մնաց Ալավերդի չէր կարող թողնել և Երևան գալ։ 18 տարեկանից սկսած մեր վերելքի տարիներն էին։ Նկարահանում էինք տեսահոլովակներ, երգեր էինք ձայնագրում։ Այդ տարիքում էլ շատ սիրո առաջարկություններ էլ եմ ստացել։ Չեմ ուզում ինքնագովեստ լինի, բայց իմ կյանքը նման չէ մյուս հայ երգչուհիների կյանքին։ Իմը բուռն է ու հարուստ։ Երբ կարդում եմ համաշխարհային աստղերի պատմությունները, հասկանում եմ` իմն էլ է իրենց նման։ Իսկապես աստղային կյանք եմ ունեցել մինչև 24 տարեկան, երբ եղբայրս մահացավ։ Ինձ համար կյանքը կանգ էր առել։
Եղբորս հետ բազում շրջագայությունների էինք մեկնում։ Նա շատ տաղանդավոր էր։ Նրա նման դաշնակահար ես դեռ չեմ հանդիպել։ Միասին շատ ծրագրեր ունեինք։ Բայց այդ դեպքից հետո մորս ու ինձ համար կարծես աշխարհը փուլ եկած լիներ։ Այդ տարիքում ես կորցրեցի իմ ընկերոջը, որի հետ պատրաստվում էի նշանվեի, հետո մի քանի ամիս անց եղբորս, որը ընկերուհի ուներ և իր կյանքը պետք է դասավորեր։
Ի դեպ, հետո ենք իմացել, որ արտերկրից մեզնով հետաքրքրվել են և նույնիսկ առաջարկություններ արել, սակայն մեզ ոչ մեկ դրա մասին չի ասել և մերժել են։ Պատկերացնում էիք, որ մենք իմանայինք ու գնայինք աշխատելու։ Ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր։

Եղբորս կորստից հետո ոչ մի բան չէի ուզում անել։ Բայց շատ ընկերներ ինձ խորհուրդ տվեցին շարունակել։ Ասում էին, որ եղբայրդ քեզ հետևելու է երկնքից ու ուրախ կլինի, որ դու շարունակես։
Ես ու մայրս բնակվում էինք մի սենյականոց բնակարանում։ Ինձ այդ ժամանակ շատ էր պետք աշխատանք։ Ընկերներս ասացին, որ ակումբում երգեմ։ Ինձ համար դա անընդունելի էր, քանի որ միշտ էլ ես ու եղբայրս դեմ ենք եղել ռեստորաններում ու ակումբներում երգել։ Երբ սկսեցի երգել, հասկացա որ վատ բան չկա։ Ակումբային աշխատանքից ես կարողացա երեք տուն փոխել։ Զեյթունում գնել էի հետո դա վաճառեցի և Երիցյաններ փողոցում գնեցի և վերանորոգեցի, հետո դա էլ վաճառեցի և Թումանյան փողոցի վրա բնակարան գնեցի։
Ես շատ ծնողասեր եմ ու նույնիսկ այս տարիքում իմ աշխատավարձը տալիս եմ մայրիկիս։ Մեր տան դրվածքն է այդպես եղել ու կշարունակվի այդպես։ Մորս կուրորեն եմ սիրել ու պաշտել։ Բայց տղայիս ծնունդից հետո, նա դարձավ ինձ համար առաջնային, հետո մայրս։ Կարենի ծնունդից հետո իմ մեջ շատ բան փոխվեց։ Նրա ծնունդը ինձ ստիպեց, որ ես ապրեմ։

Շարունակությունն՝ այստեղ.