Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում շարունակում են քննարկել Լաչինի ուղղությամբ ծառայություն իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու հանգամանքները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ զինծառայողի անհետացման փաստով քրեական գործ է հարուցվել, իսկ նախաքննության ընթացքում պարզել են, որ նա ինքնակամ լքել է զորամասը։ Ավելի ուշ իրենց հայտնի է դարձել, որ Մուսաևը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է հայկական իրավասու մարմինների կողմից։
Ադրբեջանական Globalinfo.az-ին տված հարցազրույցում ադրբեջանցի ռազմական փորձագետ, գնդապետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ այս պահին դեպքի իրական պատճառները հստակ չեն, անհրաժեշտ է ամբողջական ու օբյեկտիվ քննություն։ «Այստեղ կարող են տարբեր պատճառներ լինել։ Այդ պատճառները պարզելու համար պետք է համակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացվի»,- ասել է Ջաֆարովը։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նմանատիպ դեպք չէր արձանագրվել, ուստի այժմ անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին։ Նա նաև նշել է, որ եթե պարզվի, որ զինծառայողը կամավոր է անցել հակառակ կողմ, նրա նկատմամբ իրավական պատասխանատվությունը կարող է ավելի ծանր լինել։ Բայց եթե, ըստ Ջաֆարովի, պարզվի, որ նա մոլորվել է կամ սահմանը հատել է որևէ այլ պատճառով, ապա իրավիճակը կարող է բոլորովին այլ գնահատական ստանալ. «Եթե նա գիտակցված կերպով է այդ քայլը կատարել, նրա գործողություններին իրավական գնահատական կտրվի։ Եթե դեպքը տեղի է ունեցել այլ պատճառով, նրա նկատմամբ վերաբերմունքը նույնպես բոլորովին այլ կլինի»։ Ջաֆարովը մեկ այլ հարցազրույցում էլ անդրադարձել է այն տեղեկություններին, որ Մուսաևը Հայաստանում` Շաքի գյուղում հայ կնոջ վրա է կրակել: Նա կարծում է, որ այժմ հնարավոր չէ վստահ ասել՝ ինչ պայմաններում է ադրբեջանցի զինծառայողը հայտնվել Հայաստանի տարածքում, դրա պատասխանը կտա միայն հետաքննությունը. «Մենք՝ հեռվից գտնվող մարդիկ, այս մասին կարող ենք միայն ենթադրություններ անել»,- նշել է նա և չի բացառել, որ եթե պարզվի՝ զինծառայողը պարզապես մոլորվել և պատահաբար է անցել սահմանը, ապա կարող է կազմակերպվել նրա վերադարձը Ադրբեջան։ Իսկ եթե նա չցանկանա վերադառնալ, ըստ Ջաֆարովի, իրավիճակն այլ ընթացք կստանա։
Հ.Գ Ակնհայտորեն ադրբեջանական կողմը փորձում է հերթական կեղծ վարկածն առաջ քաշել, իբրև թե զինված զինծառայողը մոլորվել է: Ադրբեջանցի ռազմական փորձագետը նաև կասկածի տակ է դնում այն հանգամանքը, որ նա հայ կնոջ վրա է կրակել: