ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր են «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գումարները և ո՞վ է իրականացնում աուդիտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սույն թվականի մարտի 15-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի նիստ է գումարել ու որոշել խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Հոգաբարձուների խորհուրդը նաև հայտարարել է, որ հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը։ Իսկ, որ հոգաբարձուների առանձին անդամների, հանրության և նվիրատուների մոտ կասկածներ կան հավաքագրված գումարների արդյունավետ ծախսման առնչությամբ, միանշանակ է:

Խնդիրն այն է, որ պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել է կառավարությանը։ Աղմուկի պատճառն այն է, որ պատերազմից հետո մամուլում շրջանառվեցին լուրեր, որ կառավարությանը փոխանցված գումարը ոչ նպատակային է ծախսել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված և ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: Կառավարությունը առ այսօր նման հաշվետվություն չի ներկայացրել: Ինչևէ, մարդիկ շոկի մեջ են ու պատասխաններ են ուզում, թե պատերազմի ժամանակ իրենց կողմից Հիմնադրամին ուղարկված տասնյակ միլիոնավոր դոլարներն ուր են, ինչի վրա է ծախսել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Չկան այս հարցերի պատասխանները, չկա նաև այն հարցի պատասխանը, թե Կառավարությունն ինչ իրավունքով է Հիմնադրամից միլիարդավոր դրամներ վերցրել: Մարդիկ այդ գումարները հանգանակել են բանակի, զինվորի համար, այլ ոչ թե Կառավարության ընթացիկ ծախսերը փակելու համար: Իհարկե, մի օր անպայմանորեն կպարզվի, թե ուր են փողերը, կամ ինչի՞ վրա են ծախսվել, մեղավորներն էլ պատասխանատվության կկանչվեն, բայց այս իշխանությունների օրոք դա չի լինի, քանի որ ոչ մի իշխանություն չի կտրում ճյուղը, որի վրա նստած է: Մի ուշագրավ խնդիր էլ կա այս պատմության մեջ:

Ըստ Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքի՝ Աուդիտորական կազմակերպությունը ձեռք է բերում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք այն ամսաթվից, երբ նրա մասին տեղեկությունները գրանցվում են մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աուդիտորն է «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերությունը, որն, ըստ օրենքի պահանջի, պետք է 2021թ. Հունվարի 1-ի դրությամբ գրանցված լիներ մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում, ինչը տեղի չի ունեցել: Հետևաբար հարց է առաջանում, թե նախ ի՞նչ չափանիշներով է բազմաթիվ կազմակերպություններից ընտրվել հենց այս կազմակերպությունը և իրավունք ո՞ւնի «Բեյքեր Թիլլի Արմենիա»-ն աուդիտորական ծառայություններ մատուցելու՝ հաշվի առնելով օրենքի մեջբերածս հոդվածը:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular