ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչն է Թուրքիա փրկարարներ ուղարկելու նժարի հակառակ կողմում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը Սիրիա և Թուրքիա հումանիտար և փրկարարական օգնություն կուղարկի:

Այս մասին նախ հայտնեց ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, ապա ոստիկանապետն անձամբ փրկարարական խմբերին ճանապարհեց աղետի գոտիներ: Վարչապետ Փաշինյանն էլ զրույց ունեցավ Սիրայի և Թուրքիայի նախագահների հետ:

Թվում է, թե սովորական իրավիճակ է: Կա աղետի գոտի և օգնության կարիք ունեցող մարդիկ, որոնց պետք է աջակցել: Այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Սիրայից մեծ թվով վարձկաններ էին կռվում ադերբեջանցիների կողմից, թողնենք մի  կողմ, քանի որ խոսքն անհատների մասին է, ովքեր ունեն այլ արժեքներ և հանուն ֆինանսի պատրաստ են ամեն ինչի:

Բայց, եթե փրկարարներ ուղարկելուն նայենք  գործնականում, ապա առնվազն պետության մասով, պետք է դիտարկել արժանապատվության և ինքնասիրության գործոնը:

 Ո՞ր փրկարարին է Փաշինյանն ուղղարկել Թուրքիա: Արցախյան առաջին, քառօրյա, 44-օրյա պատերազմի զոհերի, վիրավորների եղբայրների՞ն, մարտի դաշտում ընկերներ կորցրածների՞ն, թե՞ նրանց մյուս բարեկամներին:

Այդ փրկարարները թուրքի կյանք փրկելով իրենց ինչպե՞ս են զգալու: Չէ ո՞ր նրանցից յուրաքանչյուրը գոնե մեկ զոհի հուղարկավորության մասնակցած կլինի, ի՞նչ են զգալու օգնության  ձեռքն առաջ պարզելիս:

Սա հայ սպային ստորացնելու, նվաստացնելու հերթական օրինակ է: Երբ հայ փրկարարը ձեռքը մեկնի փլատակների տակից թուրք հանելու, ի՞նչ տեսարան է գալու իր աչքի առաջ՝  հայ կանանց խոշտանգված մարմինները, որի հեղինակները գորշ գայլեր խմբավորման անդամներն են: Ավերակներից լսվող օգնության  ճիչերը չե՞ն խլացնելու արդյոք բայրաքթարների աղմուկը, զոհերի ծնողների լացի ձայնը և Եռաբլուրում ծածանվող դրոշների փողփողոցը:

Արդյո՞ք Ծիծեռնակաբերդի սյուների արանքներից առկայծող արևի շողերը թույլ են տալու փլատակների տակ նկատել թուրք երեխաներին, իսկ ցեղասպանության ժամանակ սպանված հայ երեխաներն օգնության կարիք չունեի՞ն: Հավանաբար սրա մասին վաղուց մոռացել ենք:


Ինչպե՞ս են իրենց զգում հիմա նախորդ տարի դեկտեմբերի 12-ից Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները: Արդյո՞ք Թուրքիան հումանիտար օգնության պատրաստ էր կամ գոնե կոչ արե՞լ է ադրբեջանցի «բնապահպաններին» բացել ճանապարհը:  

Եվ ինչո՞ւ է իշխանությունը շրջանցում այս ամենը: Թուրքիա փրկարարներ ուղարկելու նժարի հակառակ կողմում ի՞նչն է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Ո՞ւմ է պետք այդ հարաբերությունները՝ սահմանի բացում ու առևտուր: Արժե՞ արդյոք այդքան ստորանալ, իջնել, իսկ հակառակ կողմում գումարն է, որ հնարավոր է Հայաստան գա՝ ըստ իշխանության:  

Սակայն այդ առևտրի մեջ ի՞նչ ունի վաճառելու Հայաստանը դեռ պարզ չէ՝ հողեր, զորամասեր, կյանքեր, թե…  


Այդ դեպքում ինչո՞վ է Հայաստանի գործող իշխանությունը տարբերվում այն սիրիացի վարձկաններից, որոնց  նույնիսկ անդրադառնալու ցանկություն չկար:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular