Ռուսական С-400-ի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը, կհանգեցնի Անկարայի դեմ Վաշինգթոնի պատժամիջոցներ կիրառմանը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների որակական փոփոխությանը: Նման զգուշացումով է հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ուեսս Միթչելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքական կառավարության հետ ամենաբարձր մակարդակով բազմաթիվ շփումների ժամանակ մենք հստակորեն ասել ենք, որ հետեւանքներ կլինեն, առաջին հերթին, CAATSA- ի 231 բաժնում գրվածի վերաբերյալ: Մենք դա անելու ենք, եւ երբ որոշենք որ գործարքը տեղի է ունեցել, մենք CAATSA-ի 231-րդ բաժնի համաձայն պատժամիջոցներ կկիրառենք», - ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, C-400-ի գնման մասին Անկարայի մտադրությունը մեկնաբանելով, ասել է նա:
CAATSA-ն պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք է, որը 2017-ին ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այն տարատեսակ լրացուցիչ սահմանափակումներ է կիրառում ՌԴ-ի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ:
«Մենք նաեւ ասել ենք, որ C-400-ի գնումը անխուսափելիորեն ազդեցություն կունենա ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների վրա, ներառյալ (հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման նախագծի վրա) F-35-ի», - հիշեցրել է ամերիկացի դիվանագետը:
Նրա խոսքով С-400-ի վերաբերյալ որոշումը որակապես այնպես կփոխի թուրք-ամերիկյան հարաբերությունները, որ դրանք շատ դժվար կլինի կարգավորել: ԱՄՆ-ի իշխանությունները Մոսկվայի եւ Անկարայի գործարքն ավարտված են համարելու, երբ «տեխնոլոգիաների փոխանցում» տեղի ունենա:
«Թուրքիան լուրջ արտաքին եւ ներքին մարտահրավերների հետ է բախվում: Մենք տրամադրված ենք այդ մարտահրավերների առնչությամբ աշխատել նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, միաժամանակ հստակ ասելով, որ մեր երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները պետք է լուծվեն», - ասել է Միթչելը: Նա նաեւ անդրադարձել է նախկինում ձերբակալված ամերիկացի բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի ազատման խնդրին:
«Բացի այդ, մենք նախագահ Էրդողանին կոչ ենք անում անհապաղ կատարել իր վերջին խոստումը՝ չեղյալ համարել արտակարգ դրության ռեժիմը եւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ են տալիս Թուրքիայի քաղաքացիներին արտահայտել իրենց տարբեր կարծիքները եւ ամրապնդել ժողովրդավարությունը Թուրքիայում», - ասել է դիվանագետը: