««Հայերը դառնորեն կզղջան». Արդյո՞ք Երևանը կհակադրվի Թեհրանին»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանը պատրաստ է միանալ հակաիրանական պատժամիջոցներին, թեև որոշակի վերապահմամբ, այսինքն «եթե հանրապետությանը սպառնացող վտանգներ առաջանան»: «Կա մի սահմանագիծ, որը մենք չենք կարող հատել։ Այդ սահմանագիծը, այդ վտանգը այն է, որ Հայաստանը կարող է ինքը հայտնվել պատժամիջոցների տակ։ Մինչ այդ պահը մենք կմնանք բարեկամության տրամաբանության շրջանակներում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը, գրում է novorosinform.org–ը։ Ի՞նչ է նշանակում «բարեկամության տրամաբանությունը», և Հայաստանի դեմ ուղղված ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսում Փաշինյանը։ Նման ձևակերպումները կարող են օգտագործվել ցանկացած բան արդարացնելու համար։
Հարկ է հիշեցնել, որ Նիկոլը նախկինում էլ հրապարակավ հրաժարվել էր Ռուսաստանը ռազմավարական գործընկեր համարելուց։ Նա նշել էր հետևյալ պատճառը. Ղարաբաղի համար կռվելու ռուսների ցանկության բացակայությունը՝ չնայած ինքն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածք։ Միևնույն ժամանակ, Հայաստանը Ռուսաստանից ստանում է իր գազի ավելի քան 80%-ը արտոնյալ սակագներով, և օգտվում է ԵԱՏՄ շուկաներ մուտք գործելու հնարավորությունից։ Այնուամենայնիվ, Փաշինյանն ավելի ու ավելի է ձգտում դեպի Եվրոպայի և ԱՄՆ-ի գիրկը։
«Հակաիրանական պատժամիջոցներից մինչև հակաիրանական կոալիցիա ընդամենը մեկ քայլ է։ Նրանք ցանկանում էին միանալ ԵՄ-ին, բայց հայտնվել են Մերձավոր Արևելքի «մսաղացում»։ Հակաիրանական պատժամիջոցները կարող են արագորեն վերածվել հակաչինական և հակառուսական միջոցառումների։ Այդ ամենը կկործանի այդ նորաթուխ եվրոպական պետության տնտեսությունը», — գրել է քաղաքագետ Նիկոլայ Վավիլովը։
Ընդ որում Իրանը Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերներից է։ Նրա տարածքով են անցնում առևտրային հոսքերը, էներգակիրների մատակարարումները և տարանցիկ ուղիները։ Հետևաբար, հակաիրանական պատժամիջոցներին միանալը հարված կհասցնի առաջին հերթին հայկական տնտեսությանը։ Այս ամենի շուրջ novorosinform.org–ը զրուցել է քաղաքագետ, Ռուսաստանի քաղաքագիտական ասոցիացիայի խորհրդի անդամ Վլադիմիր Շապովալովի հետ։
–Իրանը միշտ սահմանակից է եղել Հայաստանին և շարունակում է սահմանակից մնալ, և դա մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սուր դիմակայության պայմաններում: Ի՞նչ կարող են առաջարկել Հայաստանին Վաշինգտոնն ու եվրոպական մայրաքաղաքները։
– Ոչինչ, որը էական կլինի անվտանգության ապահովման համար։ Ավելին, Թուրքիան՝ Հայաստանի առանցքային հարևաններից մեկը, մնում է անմիջական հարևանությամբ և վերջերս կրկին ցուցադրել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Միևնույն ժամանակ, Անկարան գիտակցում է Թեհրանի նշանակությունն ու շահերը։ ԱՄՆ-ի հետ առճակատման պայմաններում նա չի շտապում ավտոմատ կերպով պաշտպանել Վաշինգտոնին: էլ չխոսենք Իսրայելի մասին։ Եվ սա ևս մեկ խնդիր է ստեղծում Հայաստանի համար։ Եթե Իսրայելի հանդեպ ունեցած ընդհանուր հակադրության ֆոնին Թուրքիայի և Իրանի հարաբերությունները սկսեն կարգավորվել, ապա Երևանի դիրքը կարող է էլ ավելի խոցելի դառնալ։
– Ո՞րն է Երևանի համար գլխավոր վտանգը։
– Եթե Հայաստանը լիովին խզի կապերը Ռուսաստանի և Իրանի հետ (երկրներ, որոնց ավանդաբար ընկալել է որպես բարեկամ), ապա Թուրքիան և Ադրբեջանը (որոնց Երևանը դիտարկում է որպես մրցակից և հակառակորդ) կօգտվեն ստեղծված իրավիճակից։ Սա կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, ընդհուպ մինչև Զանգեզուրի միջանցքի կորուստ։ Աշխարհագրական և քաղաքական նման բարդ դիրք ունեցող երկրի համար այս ամենը վտանգավոր սցենար է։
Եթե Հայաստանը հույսը դնում է նրա վրա, որ Եվրոպան կկերակրի իրեն, ապա դա աղետալի հետևանքներ կունենա առաջին հերթին հենց Հայաստանի համար, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Նիկոլայ Մեժևիչը։ «Հայաստանը որպես պետություն կարող է գոյություն ունենալ միայն այնտեղ, որտեղ աշխարհագրորեն տեղակայված է։ Անհնար է պարզապես վերցնել և տեղափոխել այն Ֆրանսիա (որտեղ բնակվում է հայկական մեծ սփյուռք) կամ Միացյալ Նահանգներ: Աշխարհագրությունն այդպես չի փոխվում։ Հայաստանի խնդիրները մեծամասամբ բխում են աշխարհագրական սահմանափակումները հաղթահարելու փորձերից, նրանք,կարծես թե, հնարավոր են համարում պարզապես ցատկել դրանց վրայով։ Սակայն դա նման է բևեռային շրջանից էլ հյուսիսային տարածքում բանան աճեցնելու փորձին միայն այն պատճառով, որ կլիման աստիճանաբար տաքանում է, — նշել է Մեժևիչը,– Հայաստանը կբախվի հետևանքների, որոնք ամենաուժգին հարվածը կհասցնեն հենց իրեն։ Եվ չի կարելի ասել, թե այդ մասին Երևանին չեն զգուշացրել։ Ռուսաստանի նախագահ Պուտինը, նախկին նախագահը (ով այժմ զբաղեցնում է Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը), արտաքին գործերի նախարարը և շատ ուրիշներ բազմիցս են մատնանշել Երևանի ընտրած ուղու սխալ լինելը»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am