«Մասնագետները նշել են, որ Ռուսաստանը Հայաստանից բանջարեղենի և հատապտուղների մատակարարումների կարիք չունի»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուս արտադրողները բավարարում են լոլիկի, վարունգի և այլ բանջարաբոստանային մշակաբույսերի ներքին պահանջարկը, ուստի Հայաստանից այդ ապրանքների ներմուծման արգելքը չի ազդի շուկայի վրա, ՏԱՍՍ-ին ասել է Կուբանիի ջերմոցների ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Կոնովալովը, գրում է finance.mail.ru–ն։
«Դժվար է ասել, թե որքան մասնաբաժին է զբաղեցնում Հայաստանը Ռուսաստան լոլիկի, վարունգի և այլ բանջարեղենի մատակարարման մեջ, չնայած նրանք ունեն մեծ ջերմոցային համալիրներ։ Փաստն այն է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ռուսաստանը ներքին արտադրության միջոցով դարձել է ինքնաբավ իր սեփական կարիքների առնվազն 80%-ով։ Եվ հիմա, տարվա այս ժամանակահատվածում, մենք, հավանաբար, 100% ինքնաբավ ենք։ Հետևաբար, ներմուծման սահմանափակումը, հավանաբար, էական ազդեցություն չի ունենա», - ասել է Կոնովալովը։
Նա բացատրել է, որ Ռուսաստանը մշակում է իր սեփական ջերմոցային բանջարեղենի արտադրության համակարգը հաշվի առնելով տարբեր տարածաշրջանների առանձնահատկությունները։ Դա իրականացվում է տարբեր արտադրական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը թույլ է տալիս պիկային բերքահավաքը բաշխել Կրասնոդարի երկրամասի՝ բանջարեղենի խոշորագույն ներքին մատակարարի, և այլ շրջանների միջև ապահովելով, որ ռուսները հասանելիություն ունենան թարմ տեղական բանջարեղենին գրեթե ամբողջ տարվա ընթացքում։
Հատապտուղ արտադրողները նույնպես նմանատիպ իրավիճակում են։ «Հայաստանը հիմնականում ոչ սեզոնային ելակի մատակարար է, մատակարարում է Ռուսաստանի ընդհանուր սպառման 1%-ից էլ պակասը։ Սա հիմնականում տեղի է ունենում ձմռան ամիսներին և վաղ գարնանը։ Ներկայումս հայկական ելակը էական ազդեցություն չունի ռուսական շուկայի վրա ո՛չ ծավալի, ո՛չ էլ գնի առումով», - ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի հատապտղագործների միության գլխավոր տնօրեն Իգոր Բուգորսկին։
Նա հավելել է, որ ներկայումս հիմնական ներմուծումը գալիս է Թուրքիայից, Ադրբեջանից և Ղրղզստանից։ «Ռուսաստանը ևս ամեն տարի ավելացնում է արտադրության ծավալները։ Պակաս չի սպասվում», - ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) ժամանակավոր սահմանափակումներ է մտցնել Հայաստանից որոշակի հատապտուղների և թարմ բանջարեղենի, այդ թվում լոլիկի, վարունգի, պղպեղի, համեմունքների և ելակի ներմուծման վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am