Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեկ մեկնարկած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն անմիջապես աչքի է ընկել մի շատ էական հանգամանքով․ ակնհայտորեն գործող իշխանությունը և Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու են այս ընտրությունները կրկին թեժացնելու, ընդդիմությանը հասցեագրված վիրավորանքներով ընտրողների ձայները ստանալու, նրանց բյուրեղացնելու, շարունակելու «սև և սպիտակ», «նախկիններ-ներկաներ» կեղծ նարատիվները և այդ կերպ փորձելու ապահովել իրենց հաղթանակը։
«Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից։ Տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անմիջապես անցել է ընդդիմադիրներին վիրավորելուն։ «Եկել ասում են՝ մենք լինելու ենք վարչապետ։ Գլուխդ պատին ես տալու։ Դուք ով եք, ձեզնից ինչ եք ներկայացնում։ Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա։ Դուք քանի քաղաքացու հետ եք հանդիպել։ Սրան-նրան 5000 դրամ բաժանելով՝ ձեզ թվում է՝ քաղաքացուն կարող եք առնե՞ք։ Գլուխներդ պատին եք տվել։ Ով կմտածի, որ Հայաստանի քաղաքացուն կարող է առնի, իր քիթումռութը ջարդվելու է, քաղաքացու պատին է հագնելու, իրենց ոտերն են ջարդվելու քաղաքացու պատին։ Էդ ո՞վ է ձեզ հավաստիացրել, որ կարաք գաք, Հայաստանում դվիժենի անեք։ Դուք արդեն փոսում եք»,- ասել է Փաշինյանը։
Չի մոռացել նաև Ռոբերտ Քոչարյանին և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ վերջինս քարոզարշավին չի մասնակցում։ «Որ մինչև հիմա ասում էինք՝ առաջին նախագահ, հիմա պատմությունը փոխվել ա, ընկալումը փոխվել ա։ Էդ մարդը Հայաստանի Հանրապետությունը առաջնորդել ա դեպի թակարդ, որ մենք պետություն լինելու շանս չունենանք, և հիմի էլ իրանք տրաքում են, գիտե՞ք ինչից՝ որ մենք մեր պետությունը թակարդից հանել ենք»,- ասել է Փաշինյանը։
Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է իր արարքների հետևանքները և մյուս հանդիպումներում, ինչպես նաև այսօր Կապանում կայանալիք հանրահավաքում, շատ ավելի կոշտ տոներով է հայտարարություններ անելու։ Դա հստակ մարտավարություն է, որը մի կողմից նպատակ ունի ընտրողին ցույց տալ, թե իշխանությունը տիրապետում է իրավիճակին, բոլորովին ահաբեկված չէ ընդդիմության գոյությունից, այլև վստահ է իր ուժերի վրա։
Ի՞նչ պետք է անի այս պայմաններում ընդդիմությունը։ Շատ ավելի կոշտ և քաղաքական բառապաշարով արձագանքի Փաշինյանին։ Այլևս անցել են քաղաքակիրթ հակադարձումների ու փաստարկների ժամանակները։ Պետք է հստակ և ամենայն կոշտությամբ պատասխանել գործող իշխանություններին, բացատրել, թե ովքեր են նրանք։
Մոնիկա Կիրակոսյան