Հայ ազգային կոնգրեսը միայնակ կմասնակցի ընտրություններին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ ազգային կոնգրեսը միայնակ կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Երեկ կոնգրեսականները ասուլիս են տվել, և փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իրենք սկզբունքային որոշում են կայացրել մասնակցել ընտրություններին, իսկ վարչապետի իրենց թեկնածուն լինելու է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ըստ Մանուկյանի՝ այս ամենը նախապես քննարկել և համաձայնեցրել են կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
Հունիսին կայանալիք ընտրություններին առանձին մասնակցելու և, այն էլ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որոշումը բավական խնդրահարույց է։ Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը, երբ մասնակցել է համապետական ընտրություններին, բոլոր դեպքերում ցուցակը գլխավորել է Հայաստանի առաջին նախագահը։ Անկախ Կոնգրեսի նկատմամբ քաղաքագիտական ու փորձագիտական դաշտի, ադեկվատ քաղաքացիների դրական վերաբերմունքից, Կոնգրեսը չունի բավարար աջակցություն այս պահին նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարելու համար։
2021 թ.-ին, երբ սոցցանցերում առավելապես Հայ ազգային կոնգրեսի գովքն էր, և մարդիկ խոստովանում էին, որ ժամանակին սխալվել են՝ չլսելով Տեր-Պետրոսյանին, այժմ նման ոգևորություն նկատելի չէ, և այն ժամանակ 1.5 տոկոս ստացած Հայ ազգային կոնգրեսը հիմա էլ դժվար թե կարողանա հաղթահարել նվազագույն շեմը։ Իսկ ընդդիմության հաղթանակի համար հարկավոր է լայն կոնսոլիդացիա, առնվազն 2–3 տարբեր ճակատներով ընտրություններին մասնակցություն, որպեսզի հնարավոր լինի Ազգային ժողովում ոչ միայն ներկայություն ապահովել, այլև մի քանի ուժերով հասնել Գյումրիի սցենարի կրկնմանը և Նիկոլ Փաշինյանի իշխանազրկմանը։ Հենց նման մի առաջարկ, օրինակ, արել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։
Իսկ այժմ այն, ինչ առաջարկում է Հայ ազգային կոնգրեսը, բավականին բարդ է լինելու։ Ըստ էության, առանձին մասնակցելով՝ ընդդիմությունը, հատկապես փոքր և ռեսուրսներ չունեցող ուժերը, փոշիացնելու են ընդդիմադիր ձայները՝ արդյունքում օգնելով հենց Փաշինյանին։
Սուրեն Կիրակոսյան