8 ախտանշան, որոնք վկայում են գլխուղեղի կաթվածի առաջացման բարձր հավանականության մասին
ՖՈՏՈԳլխուղեղի կաթվածը գլխուղեղի արյան շրջանառության խանգարումն է, որը հանգեցնում է նյարդային բջիջների վնասման կամ ոչնչացման: Սա կարող է պայմանավորված լինել գլխուղեղում արյունատար անոթի վնասվածքով կամ խցանումով: Այս դեպքում արյունը չի հասնում գլխուղեղի որոշ հատվածներին և այդտեղ գտնվող նյարդային բջիջները չեն ստանում անհրաժեշտ թթվածինը:
Վերջին ժամանակներում այս հիվանդությունը, ցավոք, շատ տարածված է: Այն շատ հաճախ կապված է լինում զարկերակային բարձր ճնշման, ճարպային փոխանակության խանգարման կամ ծխախոտի չարաշահման հետ:
Գլխուղեղի կաթվածը կարող է ախտահարել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, սակայն կանանց շրջանում մահացության մակարդակն ավելի բարձր է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 55 տարեկանից հետո Գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը տարեցտարի կտրուկ աճում է:
Ցավոք՝ սրտանոթային հիվանդությունները, այդ թվում նաև գլխուղեղի կաթվածը, ժամանակին հայտնաբերելը կարող է բավականին բարդ լինել, քանի որ հաճախ այս հիվանդության ախտանշանները մարդիկ շփոթում են այլ հիվանդությունների ախտանշանների հետ: Սովորաբար գլխուղեղի կաթվածի ախտանշանները հանկարծակի են ի հայտ գալիս, սակայն երբեմն օրգանիզմը նախապես է «զգուշացնում» վտանգի մասին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գլխուղեղի կաթվածի 8 հիմնական ախտանշանները.
1. Զարկերակային բարձր ճնշում
Զարկերակային բարձր ճնշման հետևանքով գլխուղեղի անոթները կարող են նեղանալ կամ վնասվել, սակայն շատերն անուշադրության են մատնում այս ախտանշանը, մինչդեռ հարկավոր է պարտադիր վերահսկողության տակ պահել արյան ճնշումը, իսկ տատանումների դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկել:
2. Պարանոցի ռիգիդություն
Ռիգիդությունը կարող է պայմանավորված լինել սթրեսով, սխալ դիրքով կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, սակայն սա կարող է լինել նաև արյունատար անոթներից որևէ մեկի վնասվածքի կամ խցանման մասին վկայող ախտանշաններից մեկը: Եթե մարդը չի կարողանում կզակով դիպչել կրծքավանդակին կամ այդ գործողությունն ուղեկցվում է պարանոցի սաստիկ ցավով ու գլխացավով, ապա հարկավոր է շտապ դիմել բժշկին:
3. Ուժեղ գլխացավ
Գլխացավերը կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով և սովորաբար կապված չեն առողջական որևէ լուրջ խնդրի հետ, սակայն տևական բաբախուն ցավը կարող է վկայել նաև զարկերակային ճնշման բարձրացման կամ գլխուղեղի կաթվածի հավանականության մասին:
4. Մարմնի մի կողմի լուծանք
Սա գլխուղեղի կաթվածին բնորոշ ախտանշաններից մեկն է, որը սովորաբար առաջանում է քնած ժամանակ կամ քնելուց անմիջապես առաջ: Այս ախտանշանը ոչ միշտ է լինում արտահայտված, սակայն, այնուամենայնիվ, այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
5. Տեսողության հետ կապված խնդիրներ
Տեսողության կտրուկ վատացումը կամ տեսողության հետ կապված այլ խանգարումները նույնպես ենթադրում են շտապ բուժզննում:
6. Հանկարծակի հոգնածության զգացողությունը
Այս ախտանշանը կարող է վկայել գլխուղեղի արյան շրջանառության խանգարման մասին: Նախակաթվածային վիճակում մարդկանց մոտ հաճախ նկատվում է քնկոտություն, իսկ երբեմն էլ քունը վերածվում է անգիտակից վիճակի:
7. Ձեռքերի ու ոտքերի կոորդինացիայի խանգարումներ
Հաճախ գլխուղեղի կաթվածի մասին է վկայում նաև դժվարությամբ ձեռքերն ու ոտքերը կառավարելը: Այս դեպքում ուսերի ուժեղ ու արտասովոր ցավը «հուշում» է, որ մարդը շտապ բուժօգնության կարիք ունի:
8. Գլխապտույտ ու ընդհանուր թուլություն
Այս ախտանշաններն առաջանում են առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում և սովորաբար ոչ մի լուրջ խնդրի հետ կապված չեն լինում: Սակայն ամեն դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել և խորհրդակցել բժշկի հետ՝ հատկապես սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների առկայության դեպքում: