ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 ախտանշան, որոնք վկայում են գլխուղեղի կաթվածի առաջացման բարձր հավանականության մասին

ՖՈՏՈ

Գլխուղեղի կաթվածը գլխուղեղի արյան շրջանառության խանգարումն է, որը հանգեցնում է նյարդային բջիջների վնասման կամ ոչնչացման: Սա կարող է պայմանավորված լինել գլխուղեղում արյունատար անոթի վնասվածքով կամ խցանումով: Այս դեպքում արյունը չի հասնում գլխուղեղի որոշ հատվածներին և այդտեղ գտնվող նյարդային բջիջները չեն ստանում անհրաժեշտ թթվածինը:

 

Վերջին ժամանակներում այս հիվանդությունը, ցավոք, շատ տարածված է: Այն շատ հաճախ կապված է լինում զարկերակային բարձր ճնշման, ճարպային փոխանակության խանգարման կամ ծխախոտի չարաշահման հետ:

 

Գլխուղեղի կաթվածը կարող է ախտահարել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, սակայն կանանց շրջանում մահացության մակարդակն ավելի բարձր է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 55 տարեկանից հետո Գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը տարեցտարի կտրուկ աճում է:

 

Ցավոք՝ սրտանոթային հիվանդությունները, այդ թվում նաև գլխուղեղի կաթվածը, ժամանակին հայտնաբերելը կարող է բավականին բարդ լինել, քանի որ հաճախ այս հիվանդության ախտանշանները մարդիկ շփոթում են այլ հիվանդությունների ախտանշանների հետ: Սովորաբար գլխուղեղի կաթվածի ախտանշանները հանկարծակի են ի հայտ գալիս, սակայն երբեմն օրգանիզմը նախապես է «զգուշացնում» վտանգի մասին:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գլխուղեղի կաթվածի 8 հիմնական ախտանշանները.

 

1.      Զարկերակային բարձր ճնշում

 

Զարկերակային բարձր ճնշման հետևանքով գլխուղեղի անոթները կարող են նեղանալ կամ վնասվել, սակայն շատերն անուշադրության են մատնում այս ախտանշանը, մինչդեռ հարկավոր է պարտադիր վերահսկողության տակ պահել արյան ճնշումը, իսկ տատանումների դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկել:

 

2.      Պարանոցի ռիգիդություն

 

Ռիգիդությունը կարող է պայմանավորված լինել սթրեսով, սխալ դիրքով կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, սակայն սա կարող է լինել նաև արյունատար անոթներից որևէ մեկի վնասվածքի կամ խցանման մասին վկայող ախտանշաններից մեկը: Եթե մարդը չի կարողանում կզակով դիպչել կրծքավանդակին կամ այդ գործողությունն ուղեկցվում է պարանոցի սաստիկ ցավով ու գլխացավով, ապա հարկավոր է շտապ դիմել բժշկին:

 

3.      Ուժեղ գլխացավ

 

Գլխացավերը կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով և սովորաբար կապված չեն առողջական որևէ լուրջ խնդրի հետ, սակայն տևական բաբախուն ցավը կարող է վկայել նաև զարկերակային ճնշման բարձրացման կամ գլխուղեղի կաթվածի հավանականության մասին:

 

4.      Մարմնի մի կողմի լուծանք

 

Սա գլխուղեղի կաթվածին բնորոշ ախտանշաններից մեկն է, որը սովորաբար առաջանում է քնած ժամանակ կամ քնելուց անմիջապես առաջ: Այս ախտանշանը ոչ միշտ է լինում արտահայտված, սակայն, այնուամենայնիվ, այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

 

5.      Տեսողության հետ կապված խնդիրներ

 

Տեսողության կտրուկ վատացումը կամ տեսողության հետ կապված այլ խանգարումները նույնպես ենթադրում են շտապ բուժզննում:

 

6.      Հանկարծակի հոգնածության զգացողությունը

 

Այս ախտանշանը կարող է վկայել գլխուղեղի արյան շրջանառության խանգարման մասին: Նախակաթվածային վիճակում մարդկանց մոտ հաճախ նկատվում է քնկոտություն, իսկ երբեմն էլ քունը վերածվում է անգիտակից վիճակի:

 

7.      Ձեռքերի ու ոտքերի կոորդինացիայի խանգարումներ

 

Հաճախ գլխուղեղի կաթվածի մասին է վկայում նաև դժվարությամբ ձեռքերն ու ոտքերը կառավարելը: Այս դեպքում ուսերի ուժեղ ու արտասովոր ցավը «հուշում» է, որ մարդը շտապ բուժօգնության կարիք ունի:

 

8.      Գլխապտույտ ու ընդհանուր թուլություն

 

Այս ախտանշաններն առաջանում են առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում և սովորաբար ոչ մի լուրջ խնդրի հետ կապված չեն լինում: Սակայն ամեն դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել և խորհրդակցել բժշկի հետ՝ հատկապես սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների առկայության դեպքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular