Դիետա ալարկոտների համար. ինչպես ազատվել ավելորդ քաշից՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու
ՖՈՏՈMed.Tert.am/Վերջին ժամանակներում մարդիկ ավելի ու ավելի հաճախ են դիմում առանց ածխաջրերի դիետայի օգնությանը, որը թույլ է տալիս շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց սննդակարգում լուրջ սահմանափակումներ անելու և մեծ ջանքեր գործադրելու:
Այս դիետայի արդյունավետությունը պայմանավորված է հատուկ սննդակարգով, որի հիմքում միայն սպիտակուցների ու ճարպերի օգտագործումն է: Նման սննդակարգը թույլ է տալիս քաղցած չմնալ, բայց միևնույն ժամանակ այրել ավելորդ ճարպերը: Սակայն հարկ է հիշել, որ այս սննդակարգին կարելի է հետևել առավելագույնը մեկ շաբաթ, քանի որ ավելի երկար ժամանակ ածխաջրերից հրաժարվելու դեպքում կարելի է անդառնալի վնաս հասցնել լյարդին ու երիկամներին:
Ինչ սննդամթերք է կարելի օգտագործել դիետայի ընթացքում.
· Այս ընթացքում կարելի է առանց սահմանափակումների օգտագործել հավի, հնդկահավի, տավարի, ոչխարի միս, ինչպես նաև ենթամթերք:
· Թույլատրվում է նաև օգտագործել ցանկացած տեսակի ձուկ ու ծովամթերք:
· Կարելի է առանց սահմանափակումների հավկիթ ու պանրի պինդ տեսկներ օգտագործել, իսկ կաթնաշոռն ու կեֆիրը չի կարելի չարաշահել:
· Թույլատրվում են նաև սնկերն ու բանջարեղենը (վարունգ, ծաղկակաղամբ, կաղամբ, բողկ, նեխուր, հազար և այլն):
· Մրգերից շատ օգտակար են ցիտրուսային մրգերը, խնձորը, իսկ երբեմն նաև դեղձը:
· Որպես ճարպերի հարուստ աղբյուր կարելի է օգտագործել հունական ընկույզ, արևածաղկի ու դդմի սերմեր:
· Ըմպելիքներից կարելի է խմել թեյ, սուրճ, չորամրգերից պատրաստված կոմպոտ ու լոռամրգի մորս, սակայն այս ըմպելիքներից ոչ մեկին չի կարելի շաքարավազ ավելացնել:
· Բացի այդ, օրգանիզմի բնականոն գործունեության համար թույլատրվում է նաև օգտագործել շատ քիչ քանակությամբ հնդկաձավար, ոլոռ ու վարսակ:
Սննդակարգից հարկավոր է բացառել հետևյալ սննդամթերքը.
· Քաղցրավենիքը, այդ թվում նաև մեղրն ու քաղցր մրգերը (խաղող, բանան):
· Կիսաֆաբրիկատները, այդ թվում նաև երշիկեղենը, արագ պատրաստման սնունդը և այլն:
· Հացահատիկների բոլոր տեսակներն ու ալյուր պարունակող սննդամթերքը:
· Բանջարեղենի որոշ տեսակներ (կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, եգիպտացորեն):
· Ալկոհոլը, քանի որ այն ուտելու ցանկություն է առաջացնում:
Այս դիետային հետևելու դեպքում մարդը պետք է օրական սնվի 5-6 անգամ: Ընդ որում՝ նրա ափսեի մեջ պետք է լինի մոտ 300 գրամ միս կամ ձուկ և 150 գրամ բանջարեղեն: Որպես աղանդեր կարելի է ուտել որևէ ցիտրուսային միրգ, մի բուռ լոռամիրգ կամ 2 հատ ընկույզ:
Առանց ածխաջրերի դիետայի մոտավոր սննդակարգը.
· Նախաճաշին՝ 2 հատ խաշած ձու, 2 շերտ պանիր, սուրճ կամ թեյ:
· Ճաշին՝ խաշած կամ ջեռոցում եփված հավի կրծքամիս, բանջարեղեն, մի շերտ պանիր:
· Հետճաշիկին՝ մի բուռ ընկույզ, ½ թուրինջ:
· Ընթրիքին՝ խաշած կանաչ ոլոռ, մի կտոր հավի խաշած կրծքամիս կամ ձուկ:
· Ուշ երեկոյան՝ 200 մլ կեֆիր:
Հարկ է հիշել, որ ուտելուց հետո մոտ կես ժամ ոչինչ չի կարելի խմել, սակայն օրվա ընթացքում հարկավոր է անպայման 1.5 լիտր ջուր խմել: Բացի այդ, այս դիետայի ընթացքում հաճախ է առաջանում փորկապություն, ուստի հարկավոր է օգտագործել բուսական մանրաթելեր պարունակող մթերք:
Մեկշաբաթյա այս դիետայից հետո կարելի է վերադառնալ սովորական սննդակարգին, սակայն օգտագործել միայն առողջ սնունդ և ոչ մի դեպքում չչարաշահել այն: