Ծանոթ ու միառժամանակ անհայտ … կիրիլիցա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիրլիցան, որպես տառատեսակ գրելու համար օգտագործում են կամ օգտագործել են 108 լեզուներով խոսող ժողովուրդներ և ռուսները այդ ժողովուրդներից մեկն են: Իսկ որտե՞ղ և ե՞րբ է այն ստեղծվել:
Պատմությունը այսպիսին է: 863 թվականին Բյուզանդական կայսր Միխաիլ 3-րդը հանձնարարել է հին սլավոնական լեզվի համար այբուբեն ստեղծել, որպեսի հունական եկեղեցական տեքստերը թարգմանվեն (ինչքան նման է հայկական գրերի ստեղծմանը): Գործը գլուխ են բերում Սոլունի (Հունաստանում գտնվող Սալոնիկե) քաղաքում ապրող երկու փիլիսոփա եղբայրներ՝ Կոնստանտինը (Կիրիլ) և Մեֆոդին:
Եղբայրների հայրը՝ Լև անունով սպա էր Բյուզանդական բանակում և համարվում էր «լավ ցեղից և հարուստ», պապը ( հայտնի չէ մայրական թե հայրական գծով) մեծ պաշտոն է ունեցել Կոնստանտինապոլիսում, սակայն հետո կորցրել է պաշտոնը և տեղափոխվել Սոլունի որտեղ և մահացել էր: Ընտանիքում 7 եղբայր է եղել, ընդ որում Մեֆոդին եղել է ամենաավագը, իսկ Կիրիլը ամենակրտսերը: Կիրիլի և Մեֆոդիի էթնիկ ծագումը ճշտել բազմազգ Բյուզանդիայում այնքան էլ հեշտ չէ: Սակայն ամենահավանականը այն է, որ նրանք հույն են:
19-րդ դարում սլավոն գիտնականները փորձել են ապացուցել, որ նրանք սլավոն են ՝ հիմք ընդունելով այն, որ գիտեին սլավոներեն: Նշվում է նաև նրանց բուլղար լինելը, քանի որ «Կիրիլի կյանքը» հին գրքում նշվում է, որ «նա Սոլունի քաղաքից բուլղար էր» , բայց պետք է հաշվի առնել, որ այդ հին գրքերը բուլղարներն են գրել: Շնորհիվ եղբայրների և հետագայում նրանց աշակերտների գործունեության կիրիլիցան մեծ տարածում է ստացել հարավսլավոնական հողերում: Անգամ 885 թվականին Հռոմի պապի կողմից այն արգելվել է օգտագործել եկեղեցական ծեսերում:
Կիրիլիցայի զարգացման և պահպանման գործում մեծ դեր է ունեցել Բուլղարիան: 860 թվականին Բուլղարական Բորիս ցարի ժամանակ քրիստոնեությունը ընդունվել է որպես պետական կրոն: Այդ ժամանակ էլ ստեղծվել է առաջին մատենագիրների բուլղարական- սլավոնական դպրոցը, որտեղ հուներենից թարգմանվել են եկեղեցական գրքերը: Բուլղարիան դարձել է սլավոնական գրի տարածման կենտրոն: Սլավոնական գրի տարածման «ոսկե դարը» Սեմիոն Մեծ Բուլղարական ցարի գահակալության տարիներն են (893-927):
Այդ տարիներին կիրիլիցան թափանցել է Սերբիա, իսկ 10-րդ դարի վերջում նաև Հին Ռուսաստան: Սերբական կիրիլիցան նաև կոչվում է Վուկովիցա (կոչվել է այբուբենն ստեղծողի՝ Վուկ Ստեփանովիչ Կարաջիչի անվամբ), որը Սերբիայում անվանում են պարզապես «այբբենարան» սերբախորվաթական լեզուների համար։ Այն ստեղծվել է 19-րդ դարի սկզբում և այդ ժամանակից ի վեր փոփոխությունների չի ենթարկվել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը