Ամեն ինչ զբաղված է, գները Մոսկվայի են. ի՞նչ է տեղի ունենում Երևանում բնակարանների վարձակալության հարցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆVokrugsveta.ru–ն գրում է, որ Երևանում բնակարանների վարձակալության արժեքը զգալիորեն աճել է: Հիշեցնենք, որ Հայաստանի մայրաքաղաքը 2022 թվականի փետրվարից Ռուսաստանից վերաբնակեցման ամենահայտնի ուղղություններից մեկն է։
Որքա՞ն արժե Երևանում բնակարան վարձելը: Մեկ միլիոնանոց քաղաքի հենց կենտրոնում երկու կամ երեք սենյականոց լավ վերանորոգված բնակարան վարձելը կարժենա ամսական 1500-1800 դոլար (այսինքն 87-105 հազար ռուբլի): Մեկ սենյականոցը կարելի է գտնել 45-60 հազար ռուբլով: Տեղացիների խոսքով նախորդ տարվա համեմատ գները կրկնապատկվել են և անգամ եռապատկվել։
Որոշ բնակարանատերեր պատրաստ են պայմանագրեր կնքել առնվազն վեց ամսով, իսկ գովազդային կայքերում վխտում են կեղծ գովազդները, որոնց նպատակը հաճախորդին գայթակղելն է։
Կարելի է նաև բնակարան վարձել մեկ օրով, այդ թվում Booking.com-ի միջոցով, սակայն անհնար է վճարել ռուսական բանկային քարտով, ծառայությունը խզել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Որոնման արդյունքներում ամենաէժան տարբերակը 20 հազար ռուբլին է վեց օրվա համար, իսկ քաղաքի ամենաթանկ բնակարանում մեկ շաբաթ կարող եք ապրել 190 հազարով: Միևնույն ժամանակ օրեցօր բնակարանների պահանջարկն այնքան հապճեպ է աճում, որ տարբերակները շատ քիչ են: Բնակարանների փոխարեն ոմանք ընտրում են հյուրանոցները, որոնց բյուջետային տարբերակները սկսվում են շաբաթական 50 հազար ռուբլուց, 4 աստղանի հյուրանոցում կարելի է մնալ 180 հազարով։
Տուրիստական ընկերություններից մեկի տնօրեն Նաիրա Թովմասյանը հաստատել է, որ Երևանում բնակարանների վարձակալության պահանջարկը շատ է աճել, և ազատ տարբերակներ գտնելը գրեթե անհնար է։ «Հիմա արդեն բնակարաններ ու հյուրանոցներ են նայում մայրաքաղաքից դուրս մոտակա քաղաքներում՝ Ծաղկաձորում, Դիլիջանում, Գյումրիում։ Որպես կանոն, հաճախորդները շահագրգռված են կացարանով երկու շաբաթից մինչև երեք ամիս ժամկետով»,- ասել է Թովմասյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը