Արցախցիները պատասխան են պահանջում իշխանություններից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրբ քաղաքական իշխանությունը չունի բացարձակ որևէ օրակարգ և ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչ պետք է անի ստեղծված ծանրագույն իրավիճակում, իսկ ընդդիմությունն էլ չունի բավարար կամք ոչ միայն սեփական օրակարգը ձևակերպելու, այլ նաև այն հանրությանը ներկայացնելու համար, հանրությունը ստիպված է լինում ինքնակազմակերպվել սեփական կյանքի և անվտանգության համար պայքար մղել, ինչպես նաև ստիպել քաղաքական ուժերին ներկայացնելու իրենց տեսլականը Հայաստանի և Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ։
Նախօրեին երեկոյան Արցախի նախագահականի մոտ մեծ բազմություն է հավաքվել, որոնք հանդիպել են Արցախի Խորհրդարանի նախագահի հետ, սակայն նշել, որ իրենց հարցերի պատասխանը պարտավոր է տալ միայն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Կոսովոյին ՝ այո, Արցախին՝ ո՞չ» հարցական պաստառներով և սեփական օրակարգի հստակ գիտակցումով Արցախի բնակիչներն այլևս ոտքի կանգնելու ցանկություն են հայտնել, Հայաստանի և Արցախի իշխանություններից պահանջներ են ներկայացնում, նաև փորձում են հասկանալ, թե ի վերջո ինչ ապագա է սպասվում Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնված Արցախին։
Իհարկե ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ էլ իշխանությունների այլ ներկայացուցիչներ ցանկություն չեն հայտնել հանդիպել արցախցիների հետ։ Խնդիրը ոչ թե այն է, որ չեն ցանկանում, այլ ամենայն հավանականությամբ չունեն բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք իրենց ներկայացնում են արցախցիները։
Մինչդեռ ինչ որ պահի իշխանությունները ստիպված են լինելու կանգնել հանրության առջև և ասել, թե ինչպես են պատկերացնում արցախյան հարցի լուծումը։ Շատերը հավաքվածներին մեղադրում էին Ռուբեն Վարդանյանի թելը թելելու մեջ, որոշները կարծիք էին հայտնում, թե այդ ակցիաները հրահրված են Հայաստանի կողմից, մինչդեռ փաստն այն է, որ արցախցիները բացարձակ ինքնաբուխ և քաղաքականապես հասուն որոշում են կայացրել սեփական իշխանություններից պարզաբանումներ ստանալ, թե ինչ են նրանք ծրագրում Արցախի ապագայի վերաբերյալ։
Ըստ էության, սա առաջին քայլն է, երբ իրավագիտակից և սեփական շահերը գիտակցող քաղաքացիները պահանջներ են ներկայացնում սեփական իշխանություններին։ Հույս ունենք, որ այս ամենը շարունակական կլինի, իսկ հանրությունը հետամուտ կլինի իր պահանջների կատարմանը։
Նանե Մելքումյան