Ծանոթ ու միարժամանակ անհայտ…նարինջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևի թե նարինջը ամենհայտնի և բոլորի կողմից սիրված ցիտրուսային միրգն է։ Այդ մրգի ռուսերեն «ապելսին» անվանումը, որը նաև հանրահայտ է հայերեն խոսակցական լեզվում, փոխառված է հոլանդերեն «appelsien» բառից։ Կա նաև ֆրանսերեն «pomme de Chine» անվանումը , որը թարգմանաբար նշանակում է «չինական խնձոր», որը սակայն ներկայումս ֆրանսերենում փոխարինվել է «orange» բառով։Ըստ գիտնականների նարինջը, ինչպես նաև ցիտրուսային մրգերի մեծ մասը, ծնվել է Հարավարևելյան Ասիայում: Բույսը մշակվել է Չինաստանում մ.թ.ա 2,5 հազար տարի առաջ: Օրինակ չինական ձեռագրերից մեկում, որը թվագրվում է 1178 թվականով, նկարագրված են նարինջների և մանդարինների լավագույն 27 տեսակները: Հայտնի է նաև, որ քաղցր նարինջը Եվրոպա է մտել միայն 15-րդ դարում:
Վարկածներից մեկի համաձայն այդ ցիտրուսային միրգը բերվել է 1429 թվականին Վասկո Դա Գամայի կողմից իր Հնդկաստան կատարած ճանապարհորդությունից հետո: Դրանից հետո արագորեն տարածվել է նարնջի ծառերի մշակման նորաձևությունը՝ դրանց համար սկսել են կառուցել հատուկ ջերմոցներ կոչվող ապակե կառույցներ, որոնք կոչվել են օրանժերիաներ (ֆրանսերեն orange՝ «նարիջ» բառից):Մինչեւ 15-18-րդ դարերը նարինջը աճեցվել է բացառապես ջերմոցներում: Հատկապես շատ ջերմոցներ են եղել Լոնդոնի, Փարիզի և Սանկտ Պետերբուրգի շրջակայքում: Այնուամենայնիվ, հարավային Եվրոպայում 18-րդ դարում, արդեն սկսել են բաց դաշտում ցիտրուսային մրգեր աճեցնելու փորձեր կատարել: Բույսի տարածմանը նպաստել են իսպանացի և պորտուգալացի գաղութարարները, որոնք 15-16-րդ դարում նարինջը կիտրոնի և այլ ցիտրուսայինների հետ տարել են Արևմտյան Աֆրիկա, Կենտրոնական և Հարավային Ամերիկաներ: Ավելի վաղ արաբ և հնդիկ ծովայիններն են այդ միրգը տարել Աֆրիկայի արևելյան ափեր: Այսպիսով, նարինջը աստիճանաբար դարձել է երկրագնդի արևադարձային և մերձարևադարձային շրջանների հիմնական պտղատու մշակաբույսերից մեկը: Ներկայումս ժամանակակից աշխարհում նարնջի ոչ մի վայրի ձև չի պահպանվել: Համաձայն դասակարգումներից մեկի նարինջները բաժանվում են սովորական, պորտալարային և արյունային տեսակների:
Արյունային նարինջների տարբերությունը միջուկի և կեղևի կարմիր գույնն է, որն առաջանում է անտոցիանին պիգմենտի շնորհիվ: Օրինակ՝ իսպանական թագավորական նարնջենին ունի համեղ և յուրօրինակ պտղամսով փոքրիկ վառ կարմիր պտուղներ: Առանձնանում է նաև կլեմենտին տեսակը, որը մանդարինի և նարնջի հիբրիդ է ստեղծված 1902 թվականին ֆրանսիացի քահանա և պտղաբուծ հայր Կլեմենտի կողմից: Նարնջի սովորական տեսակներն ունեն տարբեր չափերի պտուղներ դեղին հյութեղ պտղամսով՝ քաղցր և թթու, և ինչը շատերին դուր չի գալիս՝ դա զգալի քանակությամբ սերմերն են: Պորտալարային տեսակներում պտուղները ավելի մեծ են, այդ տեսակը ավելի վաղ է հասունանում, իսկ առանձնահատկությունը պտղի վերին մասի ելուստն է: Նարինջն ուտում են թարմ, վերածում հյութերի, պահածոների, ջեմի, չրերի, մարմելադի, օգտագործվում են հրուշակեղենը համեմելու համար, եթերայուղ են ստանում կեղևից, ծաղիկներից և տերևներից, պեկտինն էլ ստանում ծառի կեղևից, իսկ մշակման բոլոր թափոնները՝ կեղևը և քամած պտղամիսը օգտագործում են անասնակերերի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am