Մինչև 2030 թվականը Հայաստանում արտադրված ընդհանուր էներգիայի 15 տոկոսը պետք է արևային լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրևային էներգիայի զարգացման համար երկրագնդի ամենալավ վայրը Հայաստանն է: Այս կարծիքին են արևային էներգետիկայի ոլորտում միջազգային հեղինակություն համարվող, արդյունաբերական մասշտաբի բազմաթիվ արևային կայանների նախագծերի հեղինակներ:
Իսկ արդյոք վերականգնվող էներգետիկ ռեսուրսը արդյունավե՞տ է օգտագործվում Հայաստանում, 1or.am-ը փորձել է պարզել վերականգնվող էներգիայի մասնագետ, "Energy Advisory" ընկերության ծրագրերի տնօրեն Գարիկ Արաբյանի հետ զրույցում.
«Սկսած դեռևս 2017 թվականից՝ օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, որոնց արդյունքում հնարավորություն ձեռք բերվեց լիցենզավորել արտադրողներին, նրանք հնարավորություն ստացան կառուցելու մինչև 5 մեգավատ արևային կայաններ, իսկ սովորական օգտագործողները՝ բնակարանների կամ շինությունների սեփականատերերը հնարավորություն ստացան էլեկտրաէներգետիկ ցանցին միանալու, և իրենց ավելցուկը վաճառելու, ինչը մեծ խթան հանդիսացավ Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանը: Ներկայումս Հայաստանում մի շարք խոշոր ծրագրեր են ընթանում, մասնավորապես, 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ» արևային կայանը, որը միջազզգային մրցույթի արդյունքում ընտրեց իսպանական «Էֆարվի» կազմակերպությունը: Ներկայումս նաև Mazdar ընկերության կողմից 200 ՄՎտ-ոց արևային կայանի աշխատանքներն են սկսվել:
Այս առումով միանշանակ կարող ենք պնդել, որ բավականին լավ զարգանում է ոլորտը, ինչի մասին է վկայում նաև վերջին տարիների վիճակագրությունը: Արևային էներգիան օգտագործելու աճի միտում միանշանակ կա, և Կառավարության՝ էներգետիկայի ոլորտի զարգացման համար ընդունած ծրագրի համաձայն, մինչև 2030 թվականը Հայաստանում ընդհանուր արտադրված էներգիայի 15 տոկոսը պետք է հենց արևային լինի»:
Անդրադառնալով պետական մակարդակով այս ուղղությամբ իրականցվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ մեր հարցին՝ Արաբյանը նշեց.
«Պետությունն այս հարցում հիմնականում կարգավորող մարմին է հանդիսանում: Նախ, նշեմ, որ ընդունված սակագները բավականին մրցունակ էին նախկինում՝ իրականացման առաջին փուլում, ինչի շնորհիվ բազմաթիվ ներդրողներ եկան այս ոլորտ: Նախկինում յուրաքանչյուր տարի մոտ 100 ՄՎտ-ի լիցենզիաներ էին տրամադրվում՝ յուրաքանչյուրը կայանը՝ մոտ 5 ՄՎտ հզորությամբ: Այս պահի դրությամբ արդեն Հայաստանում գործող 200 ՄՎտ հզորությամբ փոքր կայաններ ունենք, ինչպես նաև վերը նշված Mazdar 200 ՄՎտ-ոց արևային կայանի կառուցման ծրագիրը, որը նույնպես պետության կողմից է իրականացվում»:
Մարիամ Նալբանդյան