Սահմանապահ Բարեկամավանի բնակիչները բուժօգնություն են ստանում խոնավ և կիսաքանդ շենքում. շատ են եկել-գնացել, բայց արդյունք չկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի սահմանապահ Բարեկամավան գյուղի ամբուլատորիայում, որտեղ հաշվառված են շուրջ 200 բնակիչներ, գտնվում են գյուղի համար անհրաժեշտ դեղամիջոցները և բժշկական պարագաները, շենքային պայմանները, մեղմ ասած, անբարենպաստ են: Խոնավ և կիսաքանդ շենքում բնակիչները ստանում են բուժօգնություն, խորհրդատվություն և այլ բժշկական ծառայություններ:
Ամբուլատորիայի շենքը վերջին անգամ վերանորոգվել է 2005 թվականին՝ «Վորլդ Վիժն» և «Ապավեն համայնքներին» կազմակերպությունների կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Բարեկամավանցի Նազիկ Մեհրաբյանն ամեն օր ստիպված է այս խոնավ շենքում անցկացնել աշխատանքային ժամերը.
«Շենքը համեմատաբար լավ վիճակում էր, բայց երկու տարի առաջ ուժեղ փոթորիկ եղավ, տանիքն ամբողջությամբ քանդվեց: Բացի դրանից՝ շենքի հետևի մասն էլ լավ չէր վերանորոգված, անձրևներից առաջացած կեղտաջուրն ամբողջությամբ ներս էր լցվում: Դրա հետևանքով վերանորոգումը քիչ-քիչ քանդվեց, պատերը փչացան, իսկ արդեն տանիքը քանդվելուց հետո անձրևն ուղիղ շենքի մեջ է թափվում: Շատ են եկել-գնացել, պահանջել եմ, բողոքել եմ, եկել-նայել են թե՛ քաղաքապետարանից, թե՛ մարզպետարանից, բայց արդյունք չկա:
Ամբուլատորիան, բնականաբար, գյուղում միակն է, բնակիչներն ուրիշ տեղ չեն կարող բուժօգնություն ստանալ: Ամենամոտը հարևան Կոթիի հիվանդանոցն է, մեր ամբուլատորիան հենց դրան է կցված: Այնտեղ շենքային պայմանները շատ լավ են»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է տիկին Նազիկը:



Հավելենք, որ գյուղի բնակիչների՝ Առողջապահության նախարարությանն ուղղված հարցմանը պատասխանել են, որ խնդիրը պետության աջակցության ներքո է, խնդրով զբաղվում է մարզպետարանը և հորդորել են խնդրանքն ուղղել մարզպետարանին:
Մարիամ Նալբանդյան