Խուճապի նոպաները ամենատարածված խնդիրներից են, որոնք ունենում են կորոնավիրուսից փրկվածները. հոգեբույժ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆIz.ru-ն գրում է, որ խուճապի նոպաները կորոնավիրուսի ամենատարածված բարդություններից են։ Այդ մասին «Իզվեստիա»-ին հայտնել է «Հոսպիտալ» հոգեբուժական կլինիկայի գլխավոր բժիշկ Մարսել Դոդիկը։
«COVID-19-ից հետո թթվածնի անբավարարության պատճառով ուղեղի բջիջների վրա բացասական ազդեցությունները կարող են հանգեցնել նյարդային համակարգի վնասումների բազմաթիվ հետևանքների։ Խուճապի նոպաները ամենատարածված խնդիրներից են, որոնք ունենում են կորոնավիրուսից փրկվածները: Անցյալ տարվա համեմատ խուճապի նոպաներով հիվանդների թիվն ավելացել է մոտ մեկուկես-երկու անգամ»,- ասել է փորձագետը։
Նա բացատրել է, որ խուճապի նոպաները հանկարծակի անհանգստության նոպաներ են, որոնք ուղեկցվում են ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիոլոգիական դրսևորումներով։ Այսպիսով, հոգեկան ախտանշանները ներառում են վախի վիճակ, խուճապ, շրջապատող աշխարհի ապաիրականացում։ Իսկ ֆիզիոլոգիապես նոպաներն արտահայտվում են սրտի արագ բաբախումով, օդի պակասի զգացումով, ցնցումներով, քրտնարտադրությամբ, «բամբակյա ոտքերի» զգացումով, անքնությամբ։
Ըստ գլխավոր բժշկի՝ ավելի վաղ մարդիկ խուճապի նոպաներից առավել հաճախ տառապում էին ծանր սթրեսի ֆոնին, սակայն այժմ հիվանդների ավելի քան 37%-ն ունենում է այդ նյարդաբանական խանգարումը COVID-19-ով տառապելուց հետո։ Դոդիկան զգուշացրել է, որ խուճապի նոպաների և ֆոբիկ անհանգստության խանգարումների դրվագները կորոնավիրուսից հետո ամենատարածված կողմնակի ազդեցություններից են:
«Եվ չնայած այն հանգամանքին, որ նոպան տևում է միջինը 5-ից 20 րոպե, այդ վիճակը պահանջում է անհապաղ մասնագիտական հոգեթերապևտիկ օգնություն: Հոգեթերապևտը գիտի տարբեր տեխնիկաներ, որոնք օգնում են զգալիորեն մեղմել հիվանդի վիճակը և դադարեցնել խուճապի նոպան»,- ընդգծել է նա։
Այս դեպքում բուժման հիմնական մեթոդներն են կոգնիտիվ վարքային թերապիան, հոգեվերլուծությունը, շնչառական և հանգստացնող վարժությունները։ Այն դեպքում, երբ խուճապի նոպաները հանգեցնում են անբավարար հարմարվողականության և հաշմանդամության, նշանակվում են դեղամիջոցներ, որոնք, որպես կանոն, ներառում են հակադեպրեսանտներ և հանգստացնող դեղեր։
Մասնագետը խոսել է նաև խուճապի նոպայի դեպքում վարքի ճիշտ մարտավարության մասին: Այսպիսով, առաջին հերթին պետք է ուշադրությունը ներքին զգացումներից փոխել շրջապատող առարկաներին՝ ուշադրություն դարձնելով դրանց ձևին և գույնին: Բացի այդ, պետք է կենտրոնանալ ձայների և ֆիզիկական զգացումների վրա, վերահսկել շնչառությունը (այն պետք է լինի խորը, հավասար և դանդաղ) և փորձել թուլացնել լարված մկանները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը