Ծանոթ ու միարժամանակ անհայտ…կարի մեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարի մեքենան կարային արտադրանքի դետալների միացման կամ վերջնամշակման մեքենան է։ Կիրառվում, է կտորի, տրիկոտաժի, կոշիկի և թեթև արդյունաբերության այլ ճյուղերում, ինչպես նաև կենցաղում։ Իհարկե Զինգերի կարի մեքենան գովազդելու կարիք չկա: Այդ մասին լավ գիտեն հատկապես մեր մայրերը և տատիկները: Սակայն իրականում կարի մեքենան չի հանդիսանում Զինգերի հայտնագործությունը: Այն հայտնագործվել է տարբեր ժամանակաշրջաններում ապրած մի շարք գյուտարարների ջանքերի շնորհիվ: Զինգերը ուղղակի վերցրել է այդ ամենը և կատարելագործելով մեխանիզմները ստացել այդքան հանրահայտ Զինգերի կարի մեքենան: Սկսենք նրանից, որ առաջին կարի մեքենայի ստեղծումը տեղի է ունեցել 18-րդ դարի երկրորդ կեսին: Առաջին կարի մեքենաները առանձնանում էին նրանով, որ նրանք ամբողջությամբ պատճենահանում էին ձեռքով կար անելու մեթոդը: Սակայն 1814 թվականին ավստրիացի դերձակ Յոզեֆ Մադերսպերգերը ստեղծեց ասեղ, որի թելելու անցքը գտնվում էր ասեղի սկզբնամասում: Մի քանի տարի անց Ֆիշերը, Գիբբսը, ՈՒոլտեր Հանտը, Էլիաս Հոուն և այլ գյուտարարներ սկսեցին աշխատել թելելու անցքը ասեղի սկզբնամասում գտնվող ասեղով մաքոքային առանցքի ստեղծման ուղղությամբ: 1830 թվականին Բարտելեմի Տիմոնյեն ստացավ կարի մեքենայի առաջին արտոնագիրը և բացեց աշխարհի առաջին մեխանիզացված կարի արտադրամասը: 1845 թվականին ԱՄՆ-ում Էլիաս Հոուն մշակեց մաքոքային առանցքը և ստացավ այդ մեխանիզմով աշխատող կարի մեքենայի արտոնագիր, որը աշխատում էր րոպեում 300 կար արագությամբ: Այդ մեքենայի մեխանիզմի առանձնահատկությունն այն էր, որ ասեղը հորիզոնական էր տեղաշարժվում, իսկ կարվող գործվածքները շարժվում էին ուղղահայաց հարթությունում, ինչի արդյունքում որոշ անհարմարություններ էին առաջանում: 1850 թվականին Վիլսոնի, իսկ ավելի ուշ՝ 1851 թվականին, Զինգերի և Գիբբսի կարի մեքենաներում արդեն ասեղը ուղղահայաց էր շարժվում և հարմարեցված էր հատուկ սարք՝ ոտքով հյուսվածքը հորիզոնական հարթությունում տեղաշարժելու համար: Հետագայում յուրաքանչյուր կարի մեքենայի նոր մոդելի ստեղծմամբ, բարելավվել է կառուցվածքը, իսկ մեքենան դարձել է ավելի բարդ ու կատարելագործված, առավել արագ և ավելի մասնագիտացված կար անող:
Իսահակը՝ նույն ինքը Զինգերը, ծնվել է 1811 թվականին Նյու-Յորքում հրեա ջրաղացպան Ադամ Ռայզինգերի ընտանիքում: Մինչև 1850 թվականը նա հասցրել է աշխատել դերասան և փայտա-քարամշակման գործիքների նախագծող: Ընդ որում ոչ բեմում և ոչ էլ նախագծային կազմակերպությունում Զինգերը տաղանդով չի փայլել: 1850 թվականին Զինգերը հայտնվում է Թեյլորի կարի մեքենաների վերանորոգման արհեստանոցում: Հենց այդտեղ է բացահայտվում Զինգերի գյուտարարական տաղանդը: Նա նորարարություններ է կատարում կատարելագործելով կարի մեքենան: Սակայն Թեյլորի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունը ոչնչացնում է նրա կարի մեքենայի նախատիպը: Այնուամենայնիվ 1851 թվականին հայտնվում է առաջին I.M. Singer & Co ընկերության կարի մեքենան շնորհիվ տաղանդավոր գյուտարար Զինգերի և տաղանդավոր նյու-յորքյան իրավաբան Կլարկի համագործակցության, որը սկզբից ուղղակի երրորդ գործընկեր էր: Ներկայումս էլ կարի մեքենաները պահանջված են և խիստ տարածված, ընդ որում ներկայումս անգամ գրպանի կարի մեքենաներ կան, էլ չասած գործարանային բարձր արտադրողականության մեքենաները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը