Նշվել են հայաստանյան ընդդիմության բողոքի ակցիաների պատճառները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ Հայաստանում մշտական կայուն ապակայունացումը շարունակվում է, սակայն առայժմ իշխանությանը վտանգ չի սպառնում: Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովն այդպես է մեկնաբանել հայաստանյան ընդդիմության բողոքի ակցիաները Lenta.ru-ի հետ զրույցում:
Ապրիլի վերջից հայաստանյան ընդդիմության լայնածավալ բողոքի ակցիաներն են ընթանում։ Գործող իշխանությունների ընդդիմախոսները պահանջում են երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռանալը վարչապետի պաշտոնից պատճառաբանելով, որ նրա քաղաքականությունը սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ «Հայաստանում կայուն ապակայունացում է: Այս շարժումը մշտապես զարգանում է, բայց կրիտիկական զանգվածի չի հասնում։ Բանն այն է, որ ընդդիմությունն առաջնորդ չունի, իսկ այն ղեկավարները, ովքեր իբր փակագծերից դուրս են կանգնած, Հայաստանում վատ համբավ են վայելում։ Մարդիկ նրանց չեն հետևի։ Դե, իսկ Փաշինյանի կողմնակիցներն էլ չեն լռում»,- ասել է քաղաքագետը։
Տարասովը նաև ասել է, որ ստեղծված իրավիճակից միայն մեկ ելք է տեսնում, դա խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, բայց նույնիսկ այդ դեպքում վստահություն չկա, որ ինչ որ բան կփոխվի։ Քաղաքագետի կարծիքով խռովումների պատճառները միանգամայն հասկանալի են։ «Ընդդիմությունը համաձայն չէ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքների հետ, համաձայն չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրին, համաձայն չէ այն փաստի հետ, որ Փաշինյանը գործնականում ընդունել է, որ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում»,- ասել է նա։
Հասարակությունը պառակտված է, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո հայերը դրամա են ապրում, և թե որքա՞ն կտևի դա, դժվար է ասել: Ստանիսլավ Տարասովը վստահ է, որ մոտ ապագայում դժվար է լինելու փոխել իրավիճակը, և դա կազդի նաև երկրի ընդհանուր քաղաքականության վրա։ «Վտանգն այն է, որ այս պայմաններում անհնար է երկրի արդյունավետ կառավարում իրականացնել, ինչ որ բարեփոխումներ կատարել։ Եվ դա մտահոգիչ է։ Առայժմ կրիտիկական ոչինչ չկա, բայց այսօր անհնար է կողմերին հաշտեցնել այն սկզբունքների շուրջ, որոնց նրանք հավատարիմ են»,- եզրափակել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը