ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպան մտել է համակարգային վերափոխման մի փուլ, որի ընթացքում միաժամանակ փոխվում են անվտանգության ընկալումները, ռազմական ծախսերի տրամաբանությունը, արդյունաբերական քաղաքականությունը, էներգետիկ ռազմավարությունը, առևտրային հարաբերությունները, միգրացիոն քաղաքականությունը, կուսակցական համակարգերը։ Այս փոփոխությունների կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի են ունենում միաժամանակ և փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց։

Ուկրաինայում շարունակվող պատերազմը Եվրոպային ստիպում է վերանայել իր ռազմական կարողությունները։ Այդ վերանայումը խթանում է պաշտպանական արդյունաբերության զարգացումը, ռազմական ծախսերի աճը ծանրաբեռնում է պետական բյուջեները, բյուջետային սահմանափակումները խորացնում են սոցիալական դժգոհությունները, սոցիալական դժգոհությունները սնուցում են պոպուլիստական ու արմատական ուժերին, իսկ քաղաքական բևեռացումը բարդացնում է այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անհրաժեշտ են Եվրոպայի երկարաժամկետ անվտանգության ու տնտեսական մրցունակության համար։

Այս ամբողջ շղթան, բնականաբար, չի կարող մնալ Եվրոպայի սահմաններում։ Հայաստանը և Հարավային Կովկասը գտնվում են հենց այն աշխարհաքաղաքական միջավայրում, որտեղ եվրոպական անվտանգության, Ռուսաստանի, Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և գլոբալ ուժերի հարաբերությունների փոփոխությունները հատվում են միմյանց հետ, ուստի Եվրոպայի վերափոխումը Հայաստանի համար ոչ թե հեռավորության վրա գտնվող արտաքին քաղաքական իրադարձություն է, այլ անվտանգության, տնտեսության և արտաքին քաղաքականության անմիջական գործոն։

Ամենակարևոր փոփոխություններից մեկը Եվրոպայի ռազմական վերազինումն է։ Ուկրաինայի պատերազմը եվրոպական մայրաքաղաքների համար վերջնականապես փոխեց այն ընկալումը, թե լայնածավալ պատերազմը եվրոպական մայրցամաքում այլևս անհավանական պատմական երևույթ է։ Եթե նախորդ տասնամյակներին բազմաթիվ եվրոպական պետություններ աստիճանաբար կրճատում էին ծանր ռազմական կարողությունները, սահմանափակում զինամթերքի պաշարները և մեծապես ապավինում էին Միացյալ Նահանգների ռազմական հովանոցին, ապա այժմ տրամաբանությունը փոխվում է։ Եվրամիության 27 անդամների պաշտպանական ծախսերը աճում են կտրուկ կերպով։ Սա պարզապես ռազմական բյուջեների աճ չէ։ Եվրոպայում տեղի է ունենում պաշտպանական արդյունաբերության վերակառուցում։

Պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից հակամարտություններում հաղթանակը կամ նույնիսկ երկարատև դիմադրության կարողությունը կախված է ոչ միայն բարձր տեխնոլոգիական կարողություններ ունեցող ինքնաթիռներից կամ հրթիռային համակարգերից, այլև հրետանային արկերի, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության միջոցների, էլեկտրոնային պատերազմի համակարգերի, կապի միջոցների, արբանյակային ենթակառուցվածքների, կիբերանվտանգության և դրանց արտադրության արագ ընդլայնման հնարավորությունից։ Եվրոպան փորձում է անցնել խաղաղ ժամանակի փոքրածավալ պաշտպանական արտադրությունից դեպի այնպիսի արդյունաբերական համակարգ, որը կարող է անհրաժեշտության դեպքում արագ մեծացնել արտադրությունը։ ՆԱՏՕ-ն արդեն բացահայտ շեշտադրում է պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների ընդլայնումը՝ որպես դաշինքի զսպման և պատրաստվածության առանցքային բաղադրիչ։

Հայաստանի համար այս գործընթացը ունի երկակի նշանակություն։ Մի կողմից՝ Եվրոպայի ռազմական հզորությունների աճը կարող է երկարաժամկետ առումով նպաստել Ռուսաստանի նկատմամբ զսպման ընդհանուր համակարգի ամրապնդմանը և եվրոպական երկրների՝ իրենց անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելուն։ Մյուս կողմից էլ՝ դա նշանակում է, որ Եվրոպայի ուշադրությունը, ֆինանսական ռեսուրսները և ռազմավարական առաջնահերթությունները ավելի ու ավելի են կենտրոնանալու սեփական մայրցամաքի արևել յան թևի, Ուկրաինայի, Բալթյան տարածաշրջանի, Լեհաստանի և Ռուսաստանի հետ անմիջական շփման գոտիների վրա։ Այս պայմաններում Հարավային Կովկասի համար առաջանում է մի կարևոր հարց՝ արդյո՞ք Եվրոպան կկարողանա պահպանել բավարար ռազմավարական ուշադրություն մեր տարածաշրջանի նկատմամբ, երբ իր սեփական անվտանգության պահանջները կտրուկ աճում են։

Սակայն այստեղ կա նաև հակառակ միտումը։ Եվրոպան հասկանում է, որ Ռուսաստանի հետ հակադրությունը չի սահմանափակվում Ուկրաինայով։ Եվրոպական անվտանգության համար կարևոր են Սև ծովը, էներգետիկ և տրանսպորտային միջանցքները, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիայի հետ կապերը և Թուրքիայի դերակատարությունը։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում Ռուսաստանի գործոնը։ Եվրոպական քաղաքականության մեջ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերածվել է երկարաժամկետ ռազմավարական հարցի։ Նույնիսկ եթե Ուկրաինայում ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազի կամ որոշակի փուլում ձևավորվի հրադադար, Եվրոպայում դժվար թե արագ վերադառնան այն հարաբերություններին, որոնք գոյություն ունեին մինչև 2022 թվականը։ Եվրոպական պետությունները սկսել են Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկել ոչ միայն դիվանագիտական կամ տնտեսական, այլև ռազմական, կիբերանվտանգության, ենթակառուցվածքային և հիբրիդային սպառնալիքների տեսանկյունից։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև նույնիսկ հնարավոր ապագա քաղաքական կարգավորումը չի վերականգնելու նախկին աշխարհաքաղաքական համակարգը նույնությամբ։

Եվրոպայի ներսում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները նույնքան կարևոր են։ Ավանդական կուսակցությունների նկատմամբ վստահության նվազումը, սոցիալական և տնտեսական խնդիրների կուտակումը, միգրացիոն ճնշումները, էներգիայի թանկությունը և անվտանգության վախերը նպաստում են աջ պոպուլիստական ու արմատական ուժերի ամրապնդմանը։ Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության՝ Սաքսոնիա-Անհալթում սեպտեմբերի 6-ի ընտրություններում 43,8 տոկոս արդյունքը դրա ամենավառ օրինակներից է։ Կուսակցությունը առաջին տեղում է հայտնվել՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով Քրիստոնեական-դեմոկրատական միություն՝ CDU-ի 17,2 տոկոսը։ Սա պետք է դիտարկել ոչ միայն որպես մեկ երկրամասի ընտրական արդյունք, այլ որպես գերմանական քաղաքական համակարգում երկարաժամկետ փոփոխության ևս մեկ ազդանշան։

Եթե նախկինում եվրոպական քաղաքական համակարգի հիմնական առանցքը պայմանականորեն կարելի էր նկարագրել որպես կենտրոնամետ ձախի և կենտրոնամետ աջի մրցակցություն, ապա այժմ այդ կառուցվածքը ճաքեր է տալիս։ Ընտրողների մի մասը հեռանում է ավանդական կուսակցություններից և իր դժգոհությունը փոխանցում այն ուժերին, որոնք առաջարկում են ավելի կոշտ միգրացիոն քաղաքականություն, ավելի խիստ ազգային ինքնիշխանություն, ավելի սահմանափակ եվրոպական ինտեգրում և հաճախ նաև ավելի զգուշավոր վերաբերմունք Ուկրաինային աջակցելու հարցում։

Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որովհետև Եվրոպայի քաղաքական աջակցության մեխանիզմները նույնպես կարող են աստիճանաբար դառնալ ավելի պայմանական և ավելի կախված լինել անդամ պետությունների ներքաղաքական տրամադրություններից։ Պետք է նկատի ունենալ, որ աջ ուժերի դիրքորոշումների տարբերությունը կարող է էապես բարդացնել միասնական եվրոպական արտաքին քաղաքականության ձևավորումը։ Ուկրաինայի հարցում սա հատկապես կարևոր է, քանի որ Եվրոպային անհրաժեշտ է երկարաժամկետ ֆինանսական և ռազմական պարտավորություն, մինչդեռ ներքաղաքական ընտրական ցիկլերը խրախուսում են կարճաժամկետ լուծումները։

Ֆրանսիայի օրինակը ևս խոսուն է։ Երկրի կառավարությունը 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը իջեցրել է մինչև 0,5 տոկոս՝ նախկին 0,7 տոկոսի փոխարեն, իսկ երկրի տնտեսական միջավայրը ծանրաբեռնված է քաղաքական անորոշությամբ, էներգիայի բարձր գներով, եղանակային շոկերով և բարձր փոխառության արժեքով։ Միաժամանակ Ֆրանսիան մտնում է ներքաղաքական բարդ շրջան՝ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ։ Այսպիսի պայմաններում նախագահական իշխանության ցածր վարկանիշը, կառավարության նկատմամբ անվստահությունը և փողոցային բողոքների ու գործադուլների աճը կարող են սահմանափակել Փարիզի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունները։

Սակայն Հայաստանի համար Ֆրանսիայի ներքաղաքական վիճակի կարևորությունը հատկապես մեծ է, որովհետև Ֆրանսիան վերջին տարիներին Հարավային Կովկասում դարձել է եվրոպական ամենաակտիվ քաղաքական դերակատարներից մեկը։ Եթե Փարիզի ներսում քաղաքական ճգնաժամը խորանա, դա կարող է նվազեցնել ֆրանսիական արտաքին քաղաքականության ռեսուրսները կամ ստիպել կառավարությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել ներքին օրակարգին։ Բայց դա դեռ չի նշանակում, որ Ֆրանսիան կհեռանա Հարավային Կովկասից։ Ավելի հավանական է, որ Փարիզը փորձի պահպանել իր տարածաշրջանային դերակատարությունը նույնիսկ սահմանափակված ներքին ռեսուրսների պայմաններում, քանի որ այն կապված է Ֆրանսիայի ավելի լայն եվրոպական և միջերկրածովյան ռազմավարության հետ։

Եվրոպայի քաղաքական անկայունության մյուս առանցքը միգրացիան է։ Միգրացիոն ճնշումները դարձել են այն թեմաներից մեկը, որի շուրջ կենտրոնամետ կուսակցությունները հաճախ ստիպված են լինում ընդունել նախկինում իրենց համար ոչ բնորոշ ավելի խիստ դիրքորոշումներ։ Շենգենյան համակարգի ներսում սահմանային վերահսկողության ժամանակավոր կամ երկարաձգվող միջոցները ցույց են տալիս, որ ազատ տեղաշարժի եվրոպական մոդելը նույնպես ենթարկվում է անվտանգության և քաղաքական ճնշումների։ Միգրացիայի հարցը տնտեսական և սոցիալական թեմայից վերածվում է ինքնության, մշակութային անվտանգության և պետական ինքնիշխանության հարցի։ Սա էլ իր հերթին սնուցում է պոպուլիստական ուժերին։

Եվրոպայի վերափոխման մեկ այլ առանցքը Մեծ Բրիտանիայի ներքին իրավիճակում տեղի ունեցող գործընթացներն են։ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդների կողմից ինքնորոշման և ավելի լայն լիազորությունների շուրջ համատեղ քաղաքական դիրքորոշման ձևավորումը ցույց է տալիս, որ Միացյալ Թագավորության ներսում տարածքային սահմանադրական հարցերը կրկին օրակարգային են դառնում։ Սեպտեմբերի 14-ին Քարդիֆում շոտլանդական SNP-ի, ուելսական Plaid Cymru-ի և Sinn Fuin-ի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ պահանջներով՝ ընդգծելով իրենց երկրների ինքնորոշման իրավունքը։ Սակայն այստեղ ևս անհրաժեշտ է տարբերակել քաղաքական ճնշումը և պետության փաստացի կազմալուծումը։ Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեն կամ Հյուսիսային Իռլանդիայի վերամիավորման հանրաքվեն ինքնին դեռ չեն նշանակում, որ Միացյալ Թագավորությունը անխուսափելիորեն մոտ է փլուզման։

Դրանք երկարատև սահմանադրական գործընթացներ են, որոնց արդյունքները կախված են հանրային կարծիքից, Լոնդոնի դիրքորոշումից, խորհրդարանական քաղաքականությունից, տնտեսական հաշվարկներից և միջազգային միջավայրից։ Բայց նույնիսկ առանց անմիջական կազմալուծման՝ այն փաստը, որ մի քանի տարածքային իշխանություններ համատեղ ձևակերպում են ինքնորոշման պահանջ, նշանակում է, որ բրիտանական պետականության ավանդական մոդելը ենթարկվում է լուրջ քաղաքական ճնշման։ Հարկավոր է հաշվի առնել, որ Մեծ Բրիտանիայի հնարավոր ներքին ապակենտրոնացումը կարող է ազդել եվրոպական անվտանգության վրա։ Եթե Լոնդոնը ստիպված լինի ավելի շատ ռեսուրսներ հատկացնել ներքին սահմանադրական հարցերին, դրա արտաքին քաղաքական և պաշտպանական առաջնահերթությունները կարող են որոշ չափով վերափոխվել։

Բայց մյուս կողմից՝ անկախության կողմնակից ուժերը Շոտլանդիայում և Ուելսում նույնպես կարող են պահպանել եվրոպական և ՆԱՏՕ-ական կողմնորոշումը։ Հետևաբար այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես «Եվրոպայի մասնատում», այլ որպես եվրոպական պետությունների ներսում ինքնիշխանության և ինտեգրման նոր հավասարակշռության որոնում։

Միևնույն ժամանակ, Եվրոպայի ներքին քաղաքական անկայունությունը նշանակում է, որ Հայաստանի համար վտանգավոր կլինի իր արտաքին քաղաքականությունը կառուցել մեկ եվրոպական երկրի հետ առանձնահատուկ հարաբերությունների վրա։ Եթե որևէ երկրի իշխանությունը փոխվում է, փոխվում է նաև առաջնահերթությունների համակարգը։ Հետևաբար Հայաստանի համար ավելի կայուն ռազմավարությունը պետք է լինի ոչ թե «Գերմանիա», «Ֆրանսիա» կամ մեկ այլ երկիր ընտրելը, այլ ԵՄ մակարդակով ինստիտուցիոնալ հարաբերությունների խորացումը՝ միաժամանակ պահպանելով երկկողմ կապերը անդամ պետությունների հետ։ Ու ամենակարևորն այն է, որ Եվրոպայի հետ մեր հարաբերությունները չպետք է կառուցվեն մեկ այլ կարևորագույն գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։

Հայաստանի համար մեկ այլ կարևոր հետևություն վերաբերում է ժամանակի գործոնին։ Եվրոպան հիմա ավելի շատ է մտածում երկարաժամկետ անվտանգության մասին, քան մեկ տասնամյակ առաջ։ Հայաստանը նույնպես պետք է անցնի կարճաժամկետ արձագանքների քաղաքականությունից դեպի 10-15 տարվա ռազմավարական պլանավորում։ Եթե Եվրոպան մինչև 2035 թվականը կառուցում է նոր պաշտպանական և արդյունաբերական կարողություններ, Հայաստանը նույնպես պետք է պատկերացնի, թե ինչպիսի երկիր է ցանկանում լինել 2035 թվականին՝ անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, տեխնոլոգիայի և արտաքին քաղաքականության տեսանկյունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular