ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ բարի, բարեհամբույր տղա էր Սերյոժաս։ Մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր։ Ընկերասեր էր, ընկերական մեծ շրջապատ ուներ։ Խղճով էր։ Քառօրյայի օրերին բանվորություն է արել, քարհանքում քար բարձել, գումար աշխատել, առևտուր արել, մեր գյուղապետարանին տվել, որ ուղարկեն Արցախ։ Ինձ էլ ասում էր՝ տղերքն այնտեղ մեր համար են կռվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սերյոժայի մայրը՝ տիկին Մելանը։

Սերյոժայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղում։ Հաճախել է գյուղի դպրոցը։ «Դպրոցում գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել։ Սիրում էր մաթեմատիկան, ֆիզիկան։ Ուսուցիչն ասում էր՝ գիտելիքները շատ են, պետք է շատ աշխատի։ Ռուսերենն էր նաև շատ սիրում։ Զուգահեռ նաև երաժշտական դպրոց է հաճախել՝ դուդուկի, շվիի։ Բայց ամեն ինչ, բոլոր երազանքները կիսատ մնացին, իր գործիքները հիմա մեր տանն են»։ Մայրիկը ցավով է նշում՝ համավարակի պատճառով որդին ո՛չ Վերջին զանգի միջոցառում ունեցավ, ո՛չ էլ երդմնակալության արարողություն։

2020 թվականի օգոստոսի 19-ին Սերյոժան զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Մեծ տղաս արդեն տարի ու կես ծառայում էր բանակում։ Ծառայում էր Ջրականում։ Իր դիմումի համաձայն, Սերյոժաս էլ ընտրեց Ջրականը, որ եղբոր մոտ ծառայի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առաջին պահից իմ սիրտը վտանգ էր զգում։ Տղաներս պատերազմի մեջ էին։ Երկուսի համար էլ անհանգիստ էի, բայց Սերյոժաս նորակոչիկ էր, դա կարծես անհանգստությունս էլ ավելի մեծացներ։ Մայրիկս ինձ հանգստացնում էր, բայց սիրտս կծկվում էր, տեղս չէի գտնում, Սերյոժայիս մասին մտածելիս լրիվ ուրիշ էին ապրումներս։ Պատերազմի դաշտում էին երկու տղաներս և ամուսինս։ Մինչև հոկտեմբերի 11-ը Սերյոժաս կապի մեջ է եղել: Ես իմ տան երեք անդամների միջև կապ էի ապահովում։ Սերյոժաս զանգում էր՝ մա՛մ, Սուրոն զանգե՞լ է։ Եվ այդպես, օրեր շարունակ ես մեկին մյուսից նորություն էի փոխանցում։ Իրեն ասում էի՝ քեզ լավ նայիր, իսկ տղայիս արձագանքն էր՝ ամեն ինչ լավ է, մի մտածիր։ Հոկտեմբերի 11-ի գիշերը զանգահարում է իմ եղբորը։ Ասում է. «Քեռի՛ ջան, ընկել եմ շրջափակման մեջ, չեմ կարող դուրս գալ։ Մամայիս լավ կնայեք, իմ մաման է, ձեր քույրն է»։ Խոսում է եղբորս հետ, ասում, որ Հադրութում են, դպրոցի մեջ։ Երբ եղբայրս հարցրել էր՝ մամայի հետ խոսե՞լ ես, արձագանքել էր. «Հիմա ուշ է, քնած կլինի, առավոտյան կզանգահարեմ»։ Ի՞նչ քնած, ես այդ օրերին քուն չունեի։ Առավոտյան ժամը վեցին զանգահարեց, հետո հասկացա, որ այդ զանգով ինձ հրաժեշտ էր տալիս։ Ինձ ոչ մի բան չասաց, թե որտեղ են, ինչ իրավիճակում. «Մա՛մ ջան, հեռախոսը լիցքավորում չունի, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին»։ Ես, բնականաբար, չիմանալով, որ նա շրջափակման մեջ է, իրեն ասում էի՝ երկար մի խոսիր, որ թշնամին ձեր տեղը չֆիքսի։ Կապն ընդհատվեց, Սերյոժաս էլ չզանգեց։ Եղբոր հետ էր խոսել այդ ժամանակ։ Նրան ասել էր. «Ճար չկա, մենք էլ այստեղից դուրս չենք գա։ Այնպես արա, որ վտանգից հեռու մնաս, գնաս, հասնես մամային»։

Սերյոժաս այդ օրերին հեռախոս չուներ, տարբեր համարներով ինձ զանգահարել էր։ Երբ արդեն իրենից լուր չունեի, սկսեցի հերթով բոլոր համարներով զանգահարել։ Բոլոր հեռախոսահամարներն անհասանելի էին, բայց համարներից մեկը հասանելի էր։ Ես ուղիղ չասացի, որ Սերյոժայի մայրիկն եմ։ Նշեցի, որ նրա հարազատներից եմ, ուզում եմ նորություն իմանալ, ծնողները շատ անհանգիստ են։ Պատասխանող տղան արձագանքեց. «Սերյոժան ընկերների հետ ընկել է շրջափակման մեջ, չենք կարողանում նրանց օգնել»։ Հետո արդեն նկարագրելու չէ, թե ինչ ապրումներ եմ ունեցել։ Նախարարություն էինք գնում իր մասին որևէ տեղեկություն ստանալու համար, սպասման ծանր օրեր էին»։

Սերյոժան անմահացել է հոկտեմբերի 12ին Հադրութում։ «2021 թվականի մարտին նոր միայն հաստատվեց իր ԴՆԹ-ն»։

Սերյոժան քույր և եղբայր ունի։ Հենց նրանք էլ դարձել են ընտանիքի՝ կյանքը շարունակելու շարժիչ ուժը։ Բայց ոչ միայն նրանք։ «Եղբորս ընտանիքում երրորդ զավակը ծնվեց, նրան անվանակոչեցին Սերյոժայիս պատվին։ Այս ողջ ընթացքում Սերյոժայիս ընկերները մեր կողքին կանգնած են եղել։ Իրենց ներկայությունը այնքան կարևոր է մեզ համար։ Կարծես իրենցից նաև տղայիս կարոտն առնեմ։ Վերջերս իր ընկերներից մեկն ամուսնացավ։ Մեզ հրավիրել էին հարսանյաց հանդեսին։ Խնջույքի ժամանակ նաև տղայիս անունը հնչեցրին, հիշատակեցին որպես լավ ընկեր։ Իսկ հետո ընկերը նաև ծաղիկներ նվիրեց ինձ։ Այս հարգանքը, ուշադրությունն այնքան ապրեցնող է»։

Հ. Գ. - Սերյոժա Երանոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Կոշի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular