2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է վերջին ութ տարիներին՝ 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ, իրականացված ներդրումներին և նշել, որ ԽՍՀՄ-ի վերջին ամենաակտիվ շրջանի հետ համեմատած՝ Հայաստանի Հանրապետությունում կապիտալ ներդրումների ծավալները գերազանցել են ԽՍՀՄ տարիներին իրականացված ներդրումները։
Երկրի ղեկավարը նշել է նաև, որ 2025 թվականին մենք բնակարանաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը, որը Խորհրդային Հայաստանի ամենամեծ ծավալով բնակարանային շինարարություն իրականացնելու ժամանակաշրջանն է։ «Սա ինչով եմ կարևոր համարում։ Անկախությունից ի վեր, շատ արագ առաջին էմոցիոնալ դրսևորումներից հետո, մեր ժողովուրդը Խորհրդային Միության հետ կապված նոստալգիայի տրամադրություններով է ապրել։ Դա կապված է եղել նաև այն երևույթների հետ, երբ մարդիկ տեսել են, որ ճանապարհները կառուցվելու փոխարեն քանդվում են, մանկապարտեզները կառուցվելու փոխարեն քանդվում են, դպրոցները կառուցվելու փոխարեն քանդվում են։ Եվ այստեղ հարցը միայն թվաբանության մեջ չէ։ Ես կարծում եմ, որ այսպիսով՝ նաև մենք և մեր ժողովուրդը հաղթահարում ենք Խորհրդային Միության այդ նոստալգիան։ Իրենք հասկանում են, որ ՀՀ-ն՝ իրենց պետությունը, այլևս իրենց մղում է նայելու առաջ և ոչ թե հետ։ Սա շատ կարևոր արձանագրում է»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Վիճակագրության կոմիտեի հրապարակած 2026 թվականի հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշներին. «Պետք է արձանագրել, որ այդ ցուցանիշները բավականին լավն են: Դրանից առաջ, իմիջիայլոց, հրապարակվել էր արդեն համախառն ներքին արդյունքի կիսամյակային ցուցանիշը։ Արձանագրվեց, որ 2026 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ: Սա կարևոր արձանագրում է այն առումով, որ մենք, 2021-ին ստանձնելով կառավարումը՝ օգոստոսին էլի, մեր առջև խնդիր դրեցինք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և աներկբա ու միանշանակ մենք 7 տոկոսից ավելի՝ միջինում 7,9 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։ Եվ սա շատ կարևոր ցուցանիշ է: Հուլիսի ցուցանիշներն էլ բավականին լավն են, և իհարկե, պետք է արձանագրել, որ երկու ճյուղ լոկոմոտիվի դեր են հիմա տանում՝ շինարարությունը և ծառայությունները»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ շինարարությունը հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 26,5 տոկոս, իսկ ծառայությունները՝ 17 տոկոս։
Անդրադառնալով անշարժ գույքի շուկայում արձանագրված ակտիվությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երկրորդային շուկան էլ բավականին ակտիվ է, և նախորդ տարվա համեմատ՝ այս տարի անշարժ գույքի հետ կապված 15 հազարով ավելի գործարքներ ունենք: Ընդ որում՝ սա վերաբերում է տարբեր գործարքներին: Դա միայն առքը և վաճառքը չէ»։
Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է՝ Երևանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում՝ Սփյուռքի մեր հայրենակիցների ու այն մարդկանց համար, որոնք ուղղակի ուզում են ներդրում անել: Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այդ ֆոնին անշարժ գույքի գները շարունակաբար աճում են։ «Մենք քննարկումներ ենք ունենում, և մեր նախնական եզրակացություն այն է, որ շուկայի գործընթացներին կոշտ միջամտություններ անելն այնքան էլ ճիշտ չէ։ Մենք առաջիկայում անդրադառնալու ենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման խնդրին, իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիր։ Շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր»,-ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Կառավարության պլանը 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու համար։
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ 16 մլն-ի ծրագրին, Պաշտպանության նախարարության և այլ բնակապահովման ծրագրերին։