ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երաշտը հանգեցնում է հողում հակաբիոտիկների նկատմամբ կայուն (ռեզիստենտ) միկրոօրգանիզմների կոնցենտրացիայի բարձրացմանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հանրային առողջապահության համար, նշվում է նոր հետազոտության մեջ։

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Կալտեխ, ԱՄՆ) հետազոտողները փորձել են պատասխանել մեկ հարցի. կարո՞ղ են հակաբիոտիկների առաջացման բնական միջավայրի փոփոխությունները նպաստել կայունության զարգացմանը:

Նրանց եզրակացությունն այն է, որ տարածաշրջանային չորայնությունը սերտորեն կապված է ավելի քան 100 երկրների կլինիկական պայմաններում հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածվածության հետ։

Հակամիկրոբային կայունությունը (AMR) աճող սպառնալիք է, որը միայն Եվրոպական միությունում տարեկան ավելի քան 35,000 մահվան պատճառ է դառնում. հայտնում է Euronews-ը։

Այն առաջանում է, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերը և մակաբույծները դադարում են արձագանքել հակամիկրոբային դեղամիջոցներին: Սա բնական գործընթաց է, որը ժամանակի ընթացքում տեղի է ունենում հարուցիչների գենետիկական փոփոխությունների պատճառով, սակայն մարդկային գործունեության՝ առաջին հերթին հակամիկրոբային միջոցների սխալ և չափից ավելի կիրառման հետևանքով այն կարող է կտրուկ արագանալ:

«Երաշտները հանգեցնում են նույն հետևանքներին, ինչ հակաբիոտիկների չափից ավելի կիրառումը կլինիկական պայմաններում. և՛ մեկը, և՛ մյուսը ուժեղացնում են հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամների ընտրությունը», — ասել է Caltech-ի կենսաբանության և գեոկենսաբանության պրոֆեսոր Դիաննա Նյումանը:

Նրա խոսքով՝ հետազոտության ընթացքում հայտնաբերված «զարմանալի փոխկապակցվածությունը» խթանում է կլինիկաներում առավել ճշգրիտ ու արագ ախտորոշման զարգացումը, ինչպես նաև նոր թերապևտիկ մոտեցումների ստեղծումը:

«Հակաբիոտիկներն առաջին անգամ հայտնաբերվել են դեռևս 1940-ական թվականներին՝ հողային միկրոօրգանիզմների հետ փորձարկումների ժամանակ. այն ժամանակ պարզվել է, որ հողային մի օրգանիզմի արտադրած բնական նյութերն ընդունակ են ճնշել մեկ այլ օրգանիզմի աճը», — նշում են հեղինակները:

Այդ ժամանակից ի վեր այդ բնական միացություններից շատերը ձևափոխվել են և վերածվել դեղամիջոցների, սակայն հողը նախկինի պես մնում է հակաբիոտիկների նոր արտադրողների խոշորագույն աղբյուրներից մեկը։ Դա մի մի միջավայր է, որն այնքան հարուստ է մանրէներով, որ, ըստ գնահատականների, դրա բնակիչների մոտ 99 տոկոսին մինչ օրս չի հաջողվում աճեցնել լաբորատոր պայմաններում:

Հետազոտողների խոսքով՝ բազմաթիվ հակաբիոտիկներ սկիզբ են առնում հողային միկրոօրգանիզմներից, սակայն այն, թե ինչպես կարող են հողային էկոհամակարգերում շրջակա միջավայրի փոփոխությունները նպաստել կայունության զարգացմանը, դեռևս թերի է ուսումնասիրված։

Caltech-ի հետդոկտորանտ և աշխատության առաջատար հեղինակ Սյաոյույ Շանի ղեկավարությամբ ստեղծվել է հաշվողական ծրագիր՝ հողի նմուշներում մանրէաբանական հաջորդականությունների բաց տվյալների հավաքածուները վերլուծելու համար, որպեսզի բացահայտվեն տարբեր հակաբիոտիկների արտադրությունն ապահովող գեները։

Օգտագործելով 116 երկրների կլինիկական հսկողության տվյալները և ԱՄՆ-ի, Չինաստանի ու Եվրոպայի տարածքների հողային տվյալների շտեմարանները, որոնք ընդգրկում են հողօգտագործման տարբեր տեսակներ (վարելահողեր, արոտավայրեր, անտառներ և ջրային-ճահճային տարածքներ), գիտնականները պարզել են, որ հիվանդանոցներում հակաբիոտիկների նկատմամբ կայունության միջին հաճախականությունը սերտորեն կապված է տեղական չորայնության ինդեքսի հետ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ երաշտի ժամանակ կայունությունն ուժեղացնող հիմնական մեխանիզմը կոնցենտրացիայի էֆեկտն է. հողի չորացմանը զուգընթաց՝ դրանում պարունակվող բնական հակաբիոտիկներն ավելի կոնցենտրացված են դառնում մնացորդային խոնավության մեջ։

Սակայն երաշտը հակաբիոտիկների վրա ազդում է նաև ավելի նուրբ ձևերով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ չորության պայմաններում բակտերիաների զգացած ֆիզիկական սթրեսը կարող է փոխել դրանց դեմ հակաբիոտիկների ազդեցության արդյունավետությունը։

Չոր եղանակի տևական ժամանակահատվածները կարող են փոխել նաև հողում առանձին հակաբիոտիկների քայքայման արագությունը՝ կախված կոնկրետ նյութից. ցածր խոնավության պայմաններում այս գործընթացը կարող է ինչպես դանդաղել, այնպես էլ արագանալ:

«Մենք մշտապես շփման մեջ ենք հողի հետ՝ բնության գրկում հանգստանալիս կամ պարզապես փոշի շնչելիս», — ասում է Շանը:

«Կարևոր է, որ բակտերիաներն ընդունակ են միմյանց փոխանցել գեներ, իսկ հակաբիոտիկների նկատմամբ կայունության գեները, ինչպես հայտնի է, շատ ակտիվորեն են տարածվում: Հաշվի առնելով շրջակա միջավայրում առկա տրիլիոնավոր բակտերիաները՝ դա տեղի է ունենում հսկայական մասշտաբներով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular