ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու վախը մի... իշխանափոխություն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վախն, առհասարակ, ուժեղ մոտիվատոր է: Չնայած, վախն իռացիոնալ է ինքնին: Բայց կան վախեր, որոնք առավել տարօրինակ են թվում բանականության տեսանկյունից: Նման վախերից մեկը իշխանությունը կորցնելու վախն է: Բանն այն է, որ ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ, այն ունի վերջ: Եվ պատմությունը դրա անջնջելի վկայությունն է: Բայց փաստ է և այն, որ ցանկացած աշխարհիկ իշխանավոր ձգտում կամ գոնե երազում է իշխանավարել հնարավորինս երկար: Նաև այդ պատճառով է, որ ժամանակակից նորմալ երկրները որոշակի օրինական սահմանափակումներ են նախանշել: Նման պայմաններում, համաձայնեք, առավել ևս տարօրինակ են երևակվում իշխանությունը կորցնելու վախերը:

Բայց սա շաբաթօրյա խոհափիլիսոփայական զրույց չէ, այլ միանգամայն կոնկրետ դիտարկում, որի նախադրյալը Հայաստանի գործող իշխանության համանման վախերը, եթե կուզեք՝ անհանգստություններն են: Այո, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն իրականում որոշակի վախեր և անհանգստություններ ունեն: Մեծ վախեր ու անհանգստություններ: Եվ դա միանգամայն ակներև է: Ավելին, նաև շատ օբյեկտիվ հիմքեր ունի: Նրանք հատկապես վերջին շրջանում իրենց այնպես են պահում, որ նույնիսկ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու կանգնող հայրենակիցներն են նկատում, թե իշխանափոխության ինչպիսի իշխանավախություն է նրանց համակել:

Ընդհանրապես, գրեթե չեն լինում իշխանություններ, որ ցանկանում են կորցնել կամ զիջել իշխանությունը: Բայց մեր դեպքը փոքր-ինչ այլ է: Այստեղ գործ ունենք ոչ թե պարզապես իշխանությունը կորցնելու կամ ոչ միայն դրա վախի հետ, այլև դրանից հետո պատասխան տալու անխուսափելիության: Ու ոչ այն տարբերակով, ինչպես այլ, քաղաքակիրթ երկրներում է, որտեղ խոստացած, բայց չարածի, սխալ արածի, անարդյունավետ արածի համար իշխանությունները կրում են քաղաքական պատասխանատվություն: Եթե միայն դա լիներ Փաշինյանի դեպքում, նա թերևս նույնիսկ ուրախանար: Փաստ է, որ, օրինակ՝ 2021 թվականի իրենց խոստումների ճնշող մեծամասնությունը, եթե կուզեք՝ կառավարության գործունեության 2021-26 թթ. ծրագիրը այս իշխանությունը տապալել է (մենք ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այդ փաստերին): Սակայն այս դեպքում պատասխանատվությունը ենթադրվում է նաև ու հատկապես այն բոլոր փորձանքների համար, որ այս իշխանությունները բերել են երկրի ու ժողովրդի գլխին. պատերազմ(ներ), մարդկային ու տարածքային կորուստներ, Արցախի կորուստ և հայաթափում, պատմամշակութային անգնահատելի ժառանգության կորուստ, ինքնիշխանության և սուբյեկտայնության կորուստ, անվտանգային սպառնալիքների ուժգնացում, բռնատիրության և ոստիկանապետության ձևավորում, ազգային ինքնության և արժեքների դեմ ոտնձգություններ, հարկային անվերջանալի ճնշումներ, պետական միջոցների վատնում և այդպես շարունակ:

Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանն ու ՔՊ-ի «վերնախավը» ցանկացած հնարք օգտագործելու են, որպեսզի պահեն իշխանությունը: Պահեն, որպեսզի հենց միայն վերը թվարկվածի համար պատասխան տալու անհրաժեշտությունը չունենան: Եվ այդ տեսանկյունից, այո, նրանց անհանգստությունները նաև լուրջ մոտիվատոր են:

Հասկանալի էր, որ իշխանությունը պահելու, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությանը ամեն գնով ու բոլոր բջիջներով կառչած մնալու համար նրանք «հանկարծակի» բարձրացնելու են թոշակը: Այն թոշակը, որի բարձրացումը անհնար էին համարում, և որի բարձրացումը բյուջեում չեն նախատեսել, բայց հիմա այլ «տողերից» պիտի կտրեն և ուղղեն նախընտրական «թոշառքին» (ժողովրդական բանահյուսությունը, հիրավի, դիպուկ բնորոշումներ է գտնում):

Կամ, ասենք, ջրամատակարարման ժամանակացույցի (գրաֆիկի) վրա են «խաղեր տալիս»: Ներկայացվում է 17-ժամյա մատակարարման գրաֆիկ, հետո ասում են՝ կառավարությունը միջամտեց, հետո պարզվում է, որ այդ «միջամտության» արդյունքում էլի նույն բանն է լինելու, պարզապես ջրամատակարարումը ոչ թե 17, այլ, ասենք, 18 կամ 19 ժամով է լինելու և այդպես շարունակ:

Առաջիկայում, ընդհանրապես, իշխանությունը պահելու նպատակով ամեն ինչ է գործի մեջ դրվելու: Սկսվելու է, արդեն սկսվել է հանրության հոգեբանական լայնածավալ ահաբեկում, թե՝ «այ, որ ՔՊ-ն չընտրվի, խաղաղություն չի լինելու... որ ՔՊ-նա չընտրվի, մոլորակին աստերոիդ է բախվելու»: Այո, նույն՝ իշխանությունը չկորցնելու նպատակով, նաև անձնական ու ոչ անձնական «թեմաներ» են մեջտեղ նետելու: Տարբեր սցենարներ են կիրառելու: Իսկ դուք ի՜նչ էիք կարծում: Բայց խնդիրն այդ թեմաները չեն:

Այնուամենայնիվ, խնդիրը մի փոքր այլ է. քաղաքական ուժերը, հասարակությունը կկարողանա՞ն չմնալ իշխանությունների հնարք(ներ)ի տակ: Կկարողանա՞ն անտեսել այդ հնարքները:

Միանգամից նկատենք՝ դա շատ դժվար կլինի: Առկա տեղեկատվական հոսքերի պայմաններում և առկա հասարակական ապակողմնորոշման վիճակում, կարծում ենք, դա գրեթե անհնարին կլինի: Խնդիրն այն է, թե որքան զուսպ ու գրագետ կարելի է արձագանքել այդ ամեն ինչին, որպեսզի այդ հնարքները չաշխատեն կամ հնարավորինս քիչ աշխատեն, չունենան հնարքիստների ակնկալած ազդեցությունը:

Մարդկայնորեն հասկանալի է, իհարկե, այն գայթակղությունը, որի հաշվարկով էլ հնարքները կիրառվում են: Թե՝ «վա՜յ, տեսա՞ք՝ ինչ եղավ...»: Բայց նախ՝ առաջիկա 100 օրվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրը երկու-երեք անգամ են «վայ, տեսաք...»ներ լինելու: Եվ հետո, մյուս կողմից՝ մենք, որպես հասարակություն, արդեն գրեթե 8 տարի շարունակ, համարյա ամեն օր, ապրում, ավելի ճիշտ՝ գոյատևում ենք «վայ, բա տեսա՞ք...» իրավիճակներում: Փաշինյանի ու նրա խմբակի իշխանավարման այս շրջանը մի մղձավանջային ու էժանագին սերիալի տպավորություն է թողնում: Էժանագին սերիալ, որը չափից ավելի թանկ է արժեցել ու շարունակում է թանկ արժենալ մեր, մեր զավակների, մեր թոռների կյանքի ու ապագայի վրա:

Ժողովո՛ւրդ, անկեղծ, չեք հոգնե՞լ այս ինքնամաշ «սերիալից»: Տեսանելի է, որ հոգնել եք, շատերս ենք հոգնել: Այնպես որ, նաև դա տեսնելով են իշխանություններն իշխանավախությունների մեջ ընկել: Բայց դե, ինչպես ժողովուրդն է ասում, «երկու վախը... մի իշխանափոխություն է»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular