ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Եսայան. Team Telecom Armenia-ն առաջին IPO տելեկոմը դառնալու ճանապարհին է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2022թ.-ին Team Telecom Armenia ընկերությունն ավարտեց վերաբրենդավորումը, շարունակեց տարածաշրջանում եզակի NGN ցանցի կառուցումն ու Հայաստանը դարձրեց ինտերնետ արտահանող երկիր:

Տարվա արդյունքների, առաջիկա նպատակների ու դրանց հասնելու ճանապարհի մասին Banks.am-ը զրուցել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի հետ:

Հիմքում կապն է

Veon Armenia-ի կամ ինչպես ավելի հայտնի է՝ Beeline-ի 100% բաժնետոմսերը ձեռք բերեցինք երկու տարի առաջ ու 2022թ.-ին ավարտեցինք Team Telecom Armenia-ի վերաբրենդավորումը: Team անվանումը պատահական չենք ընտրել, քանի որ ընկերությունը ստեղծվել է թիմային որոշմամբ ու այդպես է շարունակվում նաեւ հիմա: Այստեղ հավաքվել են իրար հետ երկար ճանապարհ անցած, նույն արժեքները կիսող մարդիկ:

Team Telecom Armenia-ի հիմքում դրվեց մեկ հիմնական նպատակ՝ ստեղծել կայուն ու երկարաժամկետ ենթակառուցվածք, որն ապագայում բեկումնային փոփոխություններ կբերի տելեկոմ ոլորտ, կնպաստի ոչ միայն մեր ընկերության առաջխաղացմանն, այլեւ` Հայաստանում ՏՏ ոլորտի ու համայնքների զարգացմանը:

Մենք ցանկանում ենք ունենալ կայուն զարգացող ցանց, որն ամեն օր ավելի արդիական կլինի, քան աշխարհում եղած միջինն ու ստեղծել հարթակ, որտեղ թե՛ մեր, թե՛ այլ ընկերություններ կկարողանան ծառայություններ մատուցել:

Եթե նայում ենք հեռահաղորդակցության 120 տարվա պատմությանը՝ առաջին ռադիոյից մինչեւ բջջային հեռախոսներ ու ամպային լուծումներ, տեսնում ենք, որ անկախ մատուցվող ծառայությունների տեսակից հիմքում մեկ բառ է՝ կապ:

Կապի հիման վրա են մշակվում ու մատուցվում տարատեսակ ածանցյալ ծառայություններ՝ ամենապարզ հեռախոսազանգից մինչեւ աշխարհում այդքան սիրելի Netflix: Մենք ցանկանում ենք կառուցել ամուր հիմք, որակյալ կապ, որի վրա հնարավոր է ստեղծել բազմապիսի ածանցյալ ծառայություններ:

Ցանց՝ 100 տարվա համար

2021թ.-ից Nokia-ի հետ համագործակցությամբ սկսեցինք Հայաստանում NGN (New Generation Network) ցանցի կառուցումը: Այն եզակի է մեր տարածաշրջանում ու այս պահին ամենաարագներից է աշխարհում: NGN ցանցը թույլ կտա յուրաքանչյուր բաժանորդի հասցնել 25 Գբ/վ արագությամբ ինտերնետ: Այս տարի այն հասանելի է դարձել Ջերմուկ, Քաջարան, Հրազդան, Մեծամոր, Վարդենիս, Կապան, Արմավիր, Ալավերդի քաղաքներում, Գնդեվազ, Կեչուտ գյուղերում, Երեւանի Դավթաշեն, Արաբկիր եւ Ավան վարչական շրջաններում:

Մարզերում, գյուղական բնակավայրերում ցանցի վերազինումը մեծ ներդրումներ է պահանջում ու փոքր վերադարձելիություն ունի: Բայց մեր ռազմավարությունն այն է, որ ամբողջ հանրապետությունում ունենանք արդիական ցանց՝ առանց տարբերակում դնելու Երեւանն է, թե մարզային բնակավայր:  

Մենք ամբողջությամբ պղնձային ցանցը փոխարինում ենք օպտիկամանրաթելային ցանցով: Այն եզակի է Հայաստանում ու ինժեներական այնպիսի լուծումներ ենք կիրառում, որ կարծում եմ՝ առաջիկա 100 տարում էական փոփոխությունների կարիք չի լինի: Օպտիկամանրաթելից ավելի արագ կապուղի այսօր չկա, եւ ցանցի նախագծումն այնպես ենք կատարել, որ շատ հեշտ է լինելու սարքավորումների վերազինումը:

Team Telecom Armenia-ի տարբերությունը հանրապետությունում գործող մյուս ընկերություններից այն է, որ մեր ցանցում կիրառված են տարբեր տիպի տեխնոլոգիաներ: Սա լավ է, քանի որ ցանկացած սպառողի կարողանում ենք ծառայություն մատուցել իր ցանկացած տեխնոլոգիայով:

Մեր ցանցը մի առանձնահատկություն էլ ունի: Ցանկացած բաժանորդ կարող է դրան միանալ առանձին օպտիկամանրաթելային թելիկով եւ տեխնոլոգիապես որեւէ մեկից կախում չունենալ: Սա պետական, կորպորատիվ հաճախորդների համար կարեւոր է անվտանգության առումով: Կարող ենք հստակ ասել՝ այս մակարդակի ցանցը ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում առաջատարներից է: Եթե չեմ սխալվում՝ նման բան արել է Google-ը՝ «Dark fiber» անվանմամբ, երբ հնարավորություն է տրվում մեկ մանրաթելով միացնել մեկ բաժանորդ: Այսօր նույն հնարավորությունը տալիս ենք նաեւ Հայաստանում:

Ցավոք, շուկան դեռ պատրաստ չէ օգտվել այս հնարավորությունից, բայց շուկային պետք է կրթել: Ապացուցված է՝ եթե կառուցում ես որակյալ մի բան, որի անհրաժեշտությունը կա, շուկան ձեւավորվում է: Սա է պատճառը, որ մենք սկսում ենք նաեւ տվյալների կենտրոնի (data center) կառուցման մեծ նախագիծ: Ցանկանում ենք զարգացնել նաեւ այս ոլորտը:

Ինչ վերաբերում է բջջային կապին, այստեղ եւս բազային վերազինումներ են տեղի ունենում: Դեռ մի քիչ վաղ է խոսել 5G-ի մասին, քանի որ շուկան դրա կարիք չունի, սպառումը շատ փոքր է: Հայաստանում գործող երեք օպերատորներն էլ կարող են հանգիստ ապահովել 5G կապ, բայց կոմերցիոն առումով սա դեռեւս նպատակահարմար չէ: Կարող ենք ասել՝ ընկերությունը, որն առաջինը սա կանի, ավելի շատ մարքեթինգային նպատակ կհետապնդի:

45 մլն դոլարի ֆինանսավորում՝ միջազգային կառույցներից

Beeline-ի բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո մենք կարողացանք կոտրել հասույթի կրճատման բացասական միտումը և արդեն երկրորդ տարին է ընկերությունը գրանցում է եկամտի կայուն աճ։ Կարծում եմ՝ սա մեծ փոփոխություն է ու խոսուն ցուցանիշ: Այս տարի, նախորդի համեմատ, ընկերությունը գրանցել է 9,3% եկամտի աճ: 2022թ. երրորդ եռամսյակի դրությամբ Team Telecom Armenia-ի բջջային բաժանորդների թիվը գերազանցել է 960 հազարը, ֆիքսված ինտերնետինը՝ 93 հազարը:

Ֆինանսական առումով մյուս կարեւորագույն հաջողությունը IFC եւ EBRD միջազգային կառույցներից ու Ամերիաբանկից 45 մլն դոլար ֆինանսավորման ներգրավումն է: Շատ ուրախ ենք, որ այս փաթեթում նաեւ հայկական բանկ կա: Ֆինանսավորման տրամադրման հիմքը վստահությունն է թե՛ ընկերության ռազմավարության, թե՛ մենեջմենթի նկատմամբ, քանի որ նման կառույցները խորությամբ ուսումնասիրում են ընկերությունը ֆինանսավորում տրամադրելուց առաջ: Մեզ համար այս վստահությունը շատ կարեւոր է, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող գլոբալ զարգացումների համատեքստում, երբ ներդրումները ռիսկային են:

Գումարի զգալի մասն այսօր ներդրվում է ցանցի վերազինման մեջ: Սա թույլ կտա բարելավել սպասարկման որակը, ներառյալ՝ 4G բջջային ցանցի ընդլայնումն ու օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը Հայաստանի ողջ տարածքում: Ակնկալում ենք, որ արդյունքում ավելի արագ ու որակյալ ինտերնետից կօգտվի շուրջ 1,1 մլն բաժանորդ, ավելի քան 450 հազար տնային տնտեսություն կապահովվի արագ օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով:  

Հայաստանն՝ ինտերնետ արտահանող երկիր

NGN ցանցի շնորհիվ մենք դուրս ենք եկել Հայաստանի Հանրապետության սահմաններից ու այժմ ինտերնետ ենք մատակարարում Մերձավոր Արեւելքի 5 երկիր: Հայաստանն այսօր ինտերնետ արտահանող երկիր է դարձել: Սա շատ կարեւոր է ոչ միայն մեր ընկերության, այլեւ՝ երկրի համար, քանի որ միջազգային կապուղիների դիվերսիֆիկացման արդյունքում բարձրանում է նաեւ Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակը:

Այս համագործակցությունը կայացել է շատ բարդ ու հետեւողական աշխատանքի շնորհիվ: Մերձավոր Արեւելքի երկրների շուկան հետաքրքիր է, քանի որ ինտերնետի մատակարարման առումով այստեղ «կռվում ես» Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Արդյունքում հասնել ենք նրան, որ մեզ բաժին է հասել մատակարարման 50%-ը: Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, քանի որ մեր դեպքում սա ընկերության «կռիվն էր», իսկ Թուրքիայի դեպքում տելեկոմը պետական է, Ադրբեջանն էլ ֆինանսական մեծ հնարավորություններ ունի:

Հայաստանում առաջին IPO տելեկոմը

2023թ.-ին մեր հիմնական նպատակներից մեկն է շարունակել աշխատել ծառայությունների որակը բարձրացնելու, նոր տեխնոլոգիաներով ծածկույթ ստեղծելու ու դրա մաքսիմալ սփռումն ապահովելու ուղղությամբ: Հուսով ենք՝ այս ռազմավարության արդյունքները նկատելի կլինեն արդեն 2024-25թթ.:

Ինչ վերաբերում է նորություններին՝ շուտով հասանելի կլինի Team Telecom Armenia-ի վճարահաշվարկային Team Pay ծառայությունը:

Նախատեսում ենք նաեւ ընկերությունը բացել բոլորի համար: Ցանկանում ենք ստեղծել Հայաստանում առաջին IPO (Initial Public Offering) տելեկոմը, որպեսզի ցանկացած մարդ կարողանա դառնալ ընկերության բաժնետեր ու իրեն թիմի մասնիկ զգա: Սա շատ կարեւոր է նաեւ մշակույթի ձեւավորման առումով: Մարդիկ կսկսեն հասկանալ, որ անկախ գումարի չափից, կարող են այն ներդնել նման ընկերություններում, դառնալ բաժնետեր, ոչ թե գումարը ուղղակի պահել այս կամ այն բանկում՝ ավանդի տեսքով: Ի վերջո, այդ ավանդները, բանկի միջնորդությամբ, մտնում են ընկերություններ: Ամբողջ աշխարհը պարզեցնում է այս մշակույթը, որպեսզի ներդրողի ու ընկերության միջեւ կապը ուղիղ՝ առանց միջնորդների տեղի ունենա:

Յանա Շախրամանյան

Լուսանկարը՝ Էլեն Գասպարյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular