Ծանոթ ու միարժամանակ անհայտ…վիճակախաղ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիճակախաղի տոմսը արժեթղթերի այն տեսակներից մեկն է, որը կարելի է ձեռք բերել հատուկ նշանակված վայրերում կամ առցանց համացանցի միջոցով: Այդ փաստաթղթի սեփականատերն իրավունք ունի պարգևատրում ստանալ, եթե շահի:
Վիճակախաղի ծագման բազմաթիվ վարկածներ կան: Որոշ գիտնականների ենթադրությունների համաձայն, դրա հայտնվելը կապված է Հին Հունաստանի հետ, բայց առաջացման պատմության մեծ մասը կապված է Հին Չինաստանի կամ Հռոմի հետ: Մ.թ.ա. մոտ 100 թվականին, երբ Հան դինաստիան իշխանություն է ստացել Չինաստանում վիճակախաղ է անց կացվել, որը նման է եղել ներկայիս «Կենո» խաղին: Արդյունքում ստացվել են հսկայական միջոցներ, որոնք ուղղվել են Չինական մեծ պատի կառուցմանը: Հին Հռոմեական տիրակալներ Ներոնը և Օգոստոսը սիրել են վիճակախաղեր կազմակերպել տոների ժամանակ, որտեղ խաղարկվել են ստրուկներ և ունեցվածք: Պլեբեյների համար ևս եղել են անվճար վիճակախաղեր: Հետաքրքիր է «лотерея» (հայերեն վիճակախաղ) բառի ծագումը: Լեզվաբանները դրա ծագումը կապում են ֆրանկների «hlot»՝ վիճակ, բառի հետ: Անգլիայում հավատում են, որ այդ բառը «lot»-ն է՝ մասնաբաժինը: Հնարավոր է, որ դեր է ունեցել իտալերեն «lotto» բառը, որը նշանակում է ճակատագիր: Իրոք, ըստ էության, վիճակախաղը մեծապես կախված է մարդու բախտի կամ ճակատագրի անսպասելի շրջադարձերից:
1466 թվականի փետրվարը համարվում է վիճակախաղերի ծննդյան օր Եվրոպայում: Այդ օրը Բրյուգեում (Բելգիա) տեղի է ունեցել վիճակախաղ նվիրված նկարիչ Յան Վան Էյքի հիշատակին: Այն կազմակերպել էր նկարչի այրին: Վիճակախաղի միջոցները ուղղվել են կարիքավորներին օգնելու: Հետագայում վիճակախաղերը, որոնց բոլորը մասնակցում էին, մեծ ժողովրդականություն են ստացել: Ստացված բոլոր միջոցներն ուղղվել են հին կառույցների բարելավմանը և նոր կառույցների ստեղծմանը: Պետական գանձարանը լրացնելու համար 1520 թվականին Ֆրանսիայում արքա Ֆրանցիսկոսի հրամանագրով 5 խոշոր քաղաքներում անց են կացվել վիճակախաղերի խաղարկություններ: 1530 թվականին Ֆլորենցիայում անց է կացվել իտալական վիճակախաղ, որտեղ առաջին անգամ խաղարկվել են դրամական մրցանակներ: Համաձայն 1863 թվականի հրամանագրի, Իտալիայում պարբերաբար անց են կացվել ազգային վիճակախաղեր: Խորը ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար Անգլիայում վիճակախաղեր են հայտնվել 1559 թվականին: Ստացված միջոցներն ուղղվել են նավահանգիստների, ճանապարհների, կամուրջների և այլ կառույցների նորոգմանը: Համարներով վիճակախաղ առաջին անգամ անց է կացվել Հոլանդիայում 1726 թվականին: Ամերիկայում 1612 թվականին է տեղի ունեցել առաջին վիճակախաղը: Հավաքված միջոցներն օգտագործվել են առաջին գաղութը վերազինելու համար, որը հիմնադրվել է ներկայիս ԱՄՆ-ի տարածքում: Վիճակախաղերը քաոտիկ են զարգացել, ենթարկվել են կոռուպցիայի, արձանագրվել են խարդախությունների բազմաթիվ դեպքեր: Արդյունքում 1870-ական թվականներին ԱՄՆ-ում օրենքով արգելվել են վիճակախաղերը, և միայն 1971 թվականին է եղել առաջին պետական խաղարկությունը: 1980-ականներին հայտնվել է ակնթարթային վիճակախաղերի շարքը, որը մինչ օրս էլ տարածված է: Ռուսաստանում Պետրոս Մեծի օրոք ժամագործ Գ. Գասենուսն է կազմակերպել առաջին վիճակախաղը, իսկ ահա առաջին պետական վիճակախաղը մտցրել է Եկատերինա 2-րդը իր հրամանագրով 1782 թվականին: 1918 թվականին Խորհրդային կառավարությունը արգելել է վիճակախաղերը, քանի որ դրանք համարել է անցյալի մնացուկ: Սակայն 1921 թվականից ֆինանսական անկայունության ու վատ բերքի պատճառով նկատվել է վիճակախաղերի աշխուժացում: Հետագա տասնամյակների ընթացքում հայտնվել են բազմաթիվ կանխիկ վիճակախաղեր: 1970 թվականին հայտնվել է հանրահայտ «Սպորտլոտո» մարզական վիճակախաղը: Դրա ձևաչափը հիմնված էր ամենահին թվային վիճակախաղի՝ «կենո» -ի վրա: Ստացված հասույթի կեսն ուղղվել է խորհրդային սպորտին աջակցելուն: Ներկայումս էլ շատ են տարբեր ու շատ գրավիչ վիճակախաղերը: Այնուամենայնիվ պետք է գիտենալ, որ սեփական իրավունքները պաշտպանելու համար ճիշտ է ընտրել պետական վիճակախաղերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը