Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք երգեհոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրգեհոնը եզակի երաժշտական գործիք է և ունի շատ երկար պատմություն: Երգեհոնի մասին միշտ էլ կարելի է խոսել միայն գերադրական ձևով. այն ամենամեծ չափերն ունի, ամենահզոր ձայնային ուժն ունի, հնչյունների ամենալայն տիրույթը և ունի տեմբրերի հսկայական քանակություն: Այդ պատճառով էլ այդ երաժշտական գործիքն իրավամբ համարում են «երաժշտական գործիքների արքա»:
Ժամանակակից երգեհոնի նախատիպը համարվում է պանա սրինգը, որն առաջին անգամ հայտնվել է Հին Հունաստանում: Կա լեգենդ, որ վայրի բնության, հովվության և անասնապահության աստված Պանն է միացնելով տարբեր չափերի մի քանի եղեգնյա խողովակներ հորինել երաժշտական գործիք, որով նվագել է հիանալի երաժշտություն զվարճանալով ուրախ նիմֆաների հետ գեղեցիկ հովիտներում և պուրակներում: Նման գործիքի վրա հաջող նվագելու համար անհրաժեշտ է եղել մեծ ֆիզիկական ջանք գործադրել և ունենալ լավ շնչառական համակարգ: Հենց այդ պատճառով էլ երաժիշտների աշխատանքը թեթևացնելու համար մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում հույն Քտեսիբին ստեղծել է հիդրովլոսը՝ ջրային երգեհոնը, որն էլ ժամանակակից երգեհոնի նախատիպն է հանդիսացել:
Հետագայում երգեհոնը անընդհատ կատարելագործվել է և 11-րդ դարում սկսել է լայն տարածում ստանալ ամբողջ Եվրոպայում: Երգեհոնաշինության ամենամեծ ծաղկումը եղել է 17-18-րդ դարերում Գերմանիայում, որտեղ երգեհոնի համար երաժշտական գործեր են ստեղծվել այնպիսի մեծ կոմպոզիտորների կողմից, ինչպիսիք են Յոհան Սեբաստիան Բախը և Դիտրիխ Բուխտեհուդեն, որոնք եղել են երգեհոնային երաժշտության անգերազանցելի վարպետներ:
Երգեհոնները աչքի են ընկել ոչ միայն ձայնի գեղեցկությամբ և բազմազանությամբ, այլ նաև իրենց ճարտարապետությամբ և դեկորով. յուրաքանչյուր երաժշտական գործիք ունեցել է իր անհատականությունը, ստեղծվել է հատուկ նպատակով, ներդաշնակորեն է տեղավորվել շինության ներքին միջավայրում: Նրա համար միշտ առանձնացվել է միայն բարձր ակուստիկայով օժտված տարածք: Ի տարբերություն այլ երաժշտական գործիքների երգեհոնի ձայնի առանձնահատկությունը կախված է ոչ թե գործիքի մարմնից, այլ տարածությունից, որում այն գտնվում է:
Երգեհոնի հնչյունները չեն կարող անտարբեր թողնել որևէ մեկին, դրանք խորը ներթափանցում են մարդու սրտի մեջ, տարաբնույթ զգացմունքներ առաջացնում, ստիպում մտածել կյանքի փխրունության մասին և մտքերը ուղղել առ Աստծուն: Հետևաբար, կաթոլիկ եկեղեցիներում և տաճարներում երգեհոններ ամենուր են եղել, լավագույն կոմպոզիտորներն են սուրբ երաժշտություններ գրել և նվագել այն իրենց ձեռքերով այդ տաճարներում:
Ներկայիս ժամանակակից երգեհոնը իրենից ներկայացնում է շատ բարդ համակարգ: Այն և՛ օդի հոսքի, և՛ ստեղնաշարի երաժշտական գործիք է, ունի ոտնակների ստեղնաշար, մի քանի ձեռքի ստեղնաշարեր, հարյուրավոր ռեգիստրներ և մինչև երեսուն հազարի հասնող խողովակներ: Խողովակները բազմազան են երկարությամբ, տրամագծով, կառուցվածքով և արտադրության նյութով: Դրանք կարող են լինել պղինձե, կապարե, անագե կամ տարբեր այլ համաձուլվածքներից: Բարդ կառուցվածքը թույլ է տալիս երգեհոնին ձայների, հնչյուննների և ձայնային էֆեկտների հսկայական քանակ ունենալ: Երգեհոնով կարելի է ընդօրինակել այլ գործիքների ձայնը, ուստի այդ գործիքը հաճախ նույնացվում է սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ամենամեծ երգեհոնը գտնվում է ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթիի Բորդվոլկ համերգասրահում: Այն ունի 7 ձեռքի ստեղնաշար, 33112 խողովակ և 455 ռեգիստր:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը