ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությամբ տրվեց «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը տրվեց նոյեմբերի 1-ին Կաննի կինոփառատոնում ընդգրկված եւ Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով։ Այս տարի փառատոնն այս նախագծով միացել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին՝ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղելով այդ արշավին, հայտնում է փառատոնի մամուլի գրասենյակը։

Ֆիլմի ցուցադրությունից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների հիշատակը։ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համակարգող տնօրեն Արայիկ Մանուկյանն իր խոսքում ընդգծեց՝ փառատոնը պետք է մեկնարկեր այս տարվա հուլիսին, սակայն համավարակը փոխեց մեր կյանքի ժամանակը։ Կազմակերպիչները որոշեցին փառատոնն անցկացնել նոյեմբերին՝ մտածելով, որ աշնանն առավել բարենպաստ իրավիճակ կլինի, սակայն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

«Մենք որոշեցինք իրականություն դարձնել «Նվիրում Արցախին» նախագիծը։ Ֆիլմը, որն այսօր ներկայացրինք, պետք է ցուցադրվեր Արցախում։ Ավելին՝ «Ոսկե ծիրան»-ն այս տարի պետք է արցախյան բացում ունենար։ Մենք այս օրերին մեր ֆիլմերի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը փոխանցելու ենք հիմնադրամին։ Ցանկացած փոխանցած դրամ ծառայելու է իր նպատակին, և մենք հաղթելու ենք ու բազում այլ ֆիլմերի պրեմիերաներ ունենալու ենք Արցախում»,- նշեց Արայիկ Մանուկյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ շնորհակալություն հայտնեց փառատոնի ղեկավարներին, որ ուժ եւ կամք կարողացան գտնել՝ փառատոնը չընդհատելու համար։ Նա առանձնահատուկ շեշտեց, որ սահմանին կանգնածների վրա ազդում են հանրային տրամադրությունները, ուստի չենք կարող ամեն ինչ ընդհատել։ Արա Խզմալյանը վստահությամբ նշեց՝ 18-րդ «Ոսկե ծիրանը» նշանավորվելու է Հայաստանի ու Արցախի հաղթանակով։

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ ընդգծեց, որ նախքան պատերազմի մեկնարկը փառատոնը նախատեսում էր ցուցադրել մի շարք ֆիլմեր Արցախի պատերազմի մասին։ «Այդ ֆիլմերից շատերը 2020-ին ներկայացված էին աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոններում եւ Արցախի մասին էին պատմում մշակութային հարթակներից։ Եվ անկախ Հայաստանի պատմության միջազգային փառատոնային ամենամեծ հաղթանակներից մեկը տեղի ունեցավ հենց Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմով՝ Կաննի փառատոնում»,- առանձնահատուկ ընդգծեց նա՝ և ներկաներին պատմեց «Նվիրում Արցախին» նախագծի ֆիլմերի մասին։

Նախագծի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը։ Նորա Մարտիրոսյան, «Երբ որ քամին հանդարտվի»-ն կցուցադրվի նաև նոյեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular