ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժի կիրառումը կամ սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները կոչ են արել ապահովել մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը տարածաշրջանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական երկխոսության վերականգնմանը՝ ՄԽ համանախագահների հովանու ներքո: Համանախագահ երկրները կողմերին կոչ են անում շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որն սկսվել է Նյու Յորքում սեպտեմբերին և Փարիզում  նոյեմբերին կայացած հանդիպումներով, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարների մակարդակով՝ առաջընթաց գրանցելու տարածաշրջանում կայուն խաղաղաության հաստատման գործում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համատեղ հայտարարության մեջ:

Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստանձնած պարտավորությունները՝ ըստ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև և այլ համատեղ ընդունված հրադադարի համաձայնագրերի: Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց համագործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ որոշակի առաջնընթաց գրանցելու մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ կալանքի տակ գտնվող անձանց, ականազերծմանը, անհետ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձին և պատմամշակութային վայրերի պաշտպանությանը վերաբերող խնդիրների կարգավորման հարցում, ինչպես նաև կառուցողական աշխատանք տանելու այլ կարևոր հարցերի լուծման համար, ինչպիսին են սահմանզատումը և սահմանագծումը և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Համանախագահ երկրները նաև մտահոգությամբ մատնանշում են հայ-ադրբեջանական չսահմանագծված սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը և հաստատում են, որ ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը սահմանային վեճերը լուծելու հարցում անընդունելի են: Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին իրենց պարտականության մասին՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին և կոչ են անում կողմերին անմիջապես վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների դեմ գործող բոլոր սահմանափակումները՝ թույլ տալով հասանելիություն ստանալ դեպի հակամարտությունից տուժած շրջաններ և բնակչությանը:

Համանախագահ երկրները հորդորում են կողմերին հնարավորինս շուտ ընդունել համանախագահներին տարածաշրջանում՝ թույլ տալով նրանց տեղում՝ առաջին ձեռքից, գնահատելու իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցելու վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրագործման հարցում և համաձայնության գալու հետագա շփումների օրակարգի վերաբերյալ: Նրանք վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին տարածաշրջանում և հորդորում են կողմերին համագործակցել այդ ջանքերի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունն աշխատելու կողմերի հետ՝ ԼՂ հակամարտության հետևանքով առաջացած կամ դրան առնչվող բոլոր առկա խնդիրներին համապարփակ լուծումներ գտնելու համար՝ իրենց մանդատի համաձայն, որպեսզի նպաստեն անվտանգ, կայուն, բարգավաճող և խաղաղ ապագայի հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular