Գուցե ինչ-որ կանխարգելիչ ստուգումների կարիք լինի, որպեսզի բացառենք թունավորումների դեպքերը․ Անահիտ Ավանեսյանը՝ սննդի կետերում գրանցված դեպքերի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմեդ համակարգը ամբողջապես չի կարողացել համակարգել մահերի բոլոր դեպքերը, ԱՎԾ-ի վիճակագրական պատկերը նաև այլ տեղեկատվական համակարգերը օգտագործելով ամբողջական պատկերն են ամփոփել, կամփոփենք, կտեսնենք ինչպիսինն է պատկերը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ ԱՎԾ-ն քովիդից մահացած անձանց այլ տվյալներ է ներկայացրել, Առողջապահության նախարարությունը՝ այլ։
«Արմեդ համակարգը ներդրվել է հընթացս, անընդհատ բարելավել ենք Արմեդ համակարգի ներբեռնվող տեղեկատվության որակը, ամբողջությունը։ Եվ, ինչպես վարչապետն ասաց, հարցը կուսումնասիրվի և կպարզենք, թե ինչպես են որոշ տվյալներ ամբողջ տեղեկատվական բազայում արտացոլվել, իսկ մեր բազայում՝ Արմեդ համակարգում, չի եղել »,-ասաց նա։
Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ սննդի կետերում թունավորման դեպքերին։
«Հիվանդությունների վերահսկման կենտրոնն իր գործառույթների շրջանակում ամբողջական ուսումնասիրում է, ՍԱՊԾ-ն էլ՝ իր գործառույթների շրջանակում, և միասնական բոլոր դեպքերի արդյունքում գուցե ինչ-որ կանխարգելիչ, ավելի մեծաթիվ այցելությունների, ստուգումների կարիք լինի, որպեսզի բացառենք նման թունավորումների դեպքերը», - ասաց նա։