ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ գերիների հայրենադարձումն Ադրբեջանի համար սակարկելու առարկա է. Սիմոնյանը` ֆրանսիացի գործընկերներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին: Այն նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձեւի ընդունման մեկամյակին:  Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսք է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, մասնավորապես Սենատի նախագահ Ժերար Լարշեին միջոցառման անցկացման ու հայերի կողքին լինելու համար: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ նման խորագիրը կրող միջոցառումը Ֆրանսիայի այս բարձր ամբիոնից եւ այս ջերմ մթնոլորտում անցկացնելը վկայությունն է այն ամուր բարեկամության ու վստահության, որ մեր երկրներն ունեն իրենց փոխհարաբերություններում եւ մեր ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմաններին տիրող լարվածությանը, 44-օրյա պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից շարունակաբար միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին:

«Միջազգային հանրությանը, կարծում եմ, պարզ տեսանելի է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց հայրենադարձումն ադրբեջանական կողմի համար սակարկության առարկա է, ինչպես եւ նրանց հանդեպ կիրառվող անմարդկային եւ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքն ու  կտտանքները, որոնք փաստագրված են միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպությունների կողմից»,-ասել է ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը:

ԱԺ նախագահի խոսքով՝ մեր երկիրն արժեւորում է Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի եւ բարեկամ երկրի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահության ներքո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում:

Սենատի նախագահ Ժերար Լարշեն անդրադարձել է հայ-ֆրանսիական բարեկամությանը եւ Արցախի  խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությանը՝ հատուկ շեշտելով՝ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է: Նրա համոզմամբ՝ հայ ֆրանսիական հարաբերությունները մշտապես եղել են եւ կլինեն բարձր մակարդակի վրա, դրանց հիմքում երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերն են:

Համաժողովին ներկա են եղել սենատորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը հանգամանալի խոսել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի անդառնալի հետեւանքների, այս նոր իրավիճակում արցախցիների իրավունքների պաշտպանության մասին: Նա ներկայացրել է առաջիկա տարիների համար Արցախում իրականացվող սոցիալական, բնակարանաշինական ծրագրերը: Հովհաննես Գեւորգյանը բարձրացրել է Ադրբեջանում գերեվարված անձանց վերադարձի եւ նրանց իրավունքների ոտնահարման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության հարցերը:

Միջոցառման բանախոսները միակարծիք են եղել՝ Արցախի հիմնահարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում:

Արցախի պայքարը վերաբերում է նաեւ մեզ. ասել է Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն եւ հավելել՝ Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որն ընդունեց Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձեւ: Բրունո Ռըտայոն խոսել է նաեւ Ադրբեջանի իրականացրած ռազմատենչ քաղաքականության մասին:

Արցախի դեմ պատերազմի սանձազերծման եւ Հայաստանի վրա հարձակման փաստն ընդունված է միջազգային հանրության կողմից. նշել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն: Նա դիվանագիտական հարթակում իրավիճակի հաղթահարման առումով բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի եւ ԱԺ-ի կողմից Արցախի ճանաչմանը վերաբերող բանաձեւերի ընդունումը: Խորհրդարանականը խոսել է նաեւ Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծման կարեւորության մասին: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը, այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է. ընդգծել է ֆրանսիացի սենատորը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular