ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… համեմունք դարչին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դարչինը կամ ցեյլոնյան դարչնածառը (լատ.՝ Cinnamomum verum), դափնազգիների ընտանիքի ծառ է, որի չորացրած կեղևը դարչինն է, որն օգտագործում են որպես համեմունք։ Աճում է Շրի-Լանկայում և Հարավային Հնդկաստանում, մշակվում է Սեյշելյան կղզիներում, Վեստ Ինդիայում և արևադարձային Ասիայում։ 

Դարչինը հայտնի է հնուց ի վեր։ Այն բավականին բարձր է գնահատվել հին ազգերի կողմից, այդ պատճառով էլ հաճախ այն նվիրել են միապետներին ու այլ իշխանավորներին։ Դարչինը ներմուծվել է Հին Եգիպտոս Հին Չինաստանից մինչև մթա 2-րդ հազարամյակը և հիշատակված է կտակարանում, երբ Մովսես մարգարեին խորհուրդ է տրվում օգտագործել քաղցր դարչին։ Դարչինի մասին գրել է նաև Հերոդոտը և այլ հին հեղինակներ։ Դարչինը օգտագործել են Հին Հռոմում դիակիզումների ժամանակ, իսկ Ներոն կայսրը որոշ աղբյուրների համաձայն 65 թվականին այրել է դարչինի տարեկան պաշարը իր կնոջ՝ Պոպպեյ Սաբինի մահվան ժամանակ։ Միջին դարերում արևմուտքի երկրների համար դարչնի ծագումը հանելուկ է եղել։ Արաբ վաճառականները համեմունքը ցամաքային ճանապարհով տարել են Եգիպտոսի Ալեքսանդրիա, որտեղ այն գնել են իտալացի վենետիկյան վաճառականները, որոնք Եվրոպայում համեմունքի վաճառքի մենաշնորհ են ունեցել։ Այդ առևտրի դադարեցումը, որը պայմանավորված է եղել այլ միջերկրածովային ուժերի ի հայտ գալով, ինչպիսիք են Մամլուքների դինաստիան և Օսմանյան կայսրությունը, դարձել է այն բազմաթիվ հանգամանքներից մեկը, որ եվրոպացիներն ակտիվորեն սկսել են ծովային ուղի փնտրել դեպի Ասիա։ Ի վերջո 15-րդ դարի վերջում պորտուգալացի առևտրականները հասել են Ցեյլոն (Շրի-Լանկա) և փոխառել Սալագամա կաստայի դարչինի արտադրության ավանդական ձևը։ 1518 թվականին պորտուգալացիները կղզում հիմնել են ամրոց և իրենց մենաշնորհը պահպանել ավելի քան 100 տարի։ Հոլանդացի առևտրականները միություն կազմելով Ցեյլոնի Քանդի թագավորության հետ դուրս են մղել պորտուգալացիներին։ Նրանք 1638-1640 թվականներին հիմնել են փոստային ծառայություն, իրենց ձեռքը վերցրել գործարանների նկատմամբ հսկողությունը և 1658 թվականին վերջնականապես դուրս մղել պորտուգալացիներին։ «Կղզու ափերը լիքն են դրանով և այն լավագույնն է ամբողջ արևելքում, եթե կանգնես քամու ուղղությամբ, ապա կարելի է դարչինի հոտը զգալ նույնիսկ ափից 8 լյո հեռավորության վրա»։ Հոլանդական արևելահնդկական ընկերությունը շարունակել է վայրի դարչին հավաքել և արդյունքում աճեցրել է անգամ սեփական ծառերը։ 1976 թվականին անգլիացիները դուրս են մղել հոլանդացիներին, չնայած ցեյլոնյան մենաշնորհն արդեն այնքան էլ կարևոր չի եղել։ Դարչինի ծառեր սկսել են աճեցնել այլ տեղերում, դարչինը դարձել է մատչելի, իսկ սուրճը, թեյը, շաքարն ու շոկոլադը սկսել են  դուրս մղել նախկինում հայտնի այդ ավանդական համեմունքի մշակությանը Ցեյլոնից։ Այնուամենայնիվ ցեյլոնյան դարչինի կեղևն ավելի բարձր է գնահատվում, քան օրինակ չինականը։ Դարչինը հիմնականում օգտագործվում է խոհարարության մեջ որպես համեմունք կամ հոտավետ հավելում։ «Դարչին»-ը պատկանում է Cinnamomum zeylanicum տեսակին, որն առավել հայտնի է «իսկական դարչին» անունով (Cinnamomum verum բուսաբանական անվանումը): Սակայն նրան ազգակից բույս համարվող կասսիան (Cinnamomum aromaticum) երբեմն վաճառվում է հենց դարչնի անվան տակ, բայց այն ի տարբերություն իսկական դարչնի, պետք է պիտակավորվի որպես «Ինդոնեզական դարչին»: Իսկական դարչինից վերցնելով միայն կեղևի ներքին բարակ շերտը, ստանում են լավագույն, քիչ խիտ և ավելի փխրուն կազմության համեմունք: Իսկական դարչինը ավելի ուժեղ և սուր համեմունք է: Ինդոնեզական դարչինը սովորաբար միջին կամ մուգ կարմրաշագանակագույն երանգ ունի, և քանի որ օգտագործվում է ամբողջ կեղևը, ապա կառուցվածքով ավելի շատ ծառ է հիշեցնում: Դարչինի մեծ մասը, որը վաճառվում է ներկայումս, իրականում հանդիսանում է «ինդոնեզական դարչին», չնայած այն իսկական դարչինից տարբերվում է ինչպես արտաքին տեսքով, այնպես էլ իր քիմիական կազմով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular