ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի և Ադրբեջանի լեզվակռիվը շարունակվում է նոր թափով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն օրեր առաջ Իրանին փոխանցեց սեպտեմբերին ձերբակալված երկու վարորդներին այն բանից հետո, երբ իրանական կողմը արգելեց իր բեռնատարների մուտքը Բերձոր և Ստեփանակերտ։ Երկու երկրների ԱԳ նախարարները նույնիսկ նախօրեին հեռախոսազրույց էին ունեցել, որտեղ բավական ջերմ քննարկում էր գնացել։ Այդ մեղմացումից հետո, սակայն, Ադրբեջանը կրկին անսպասելիորեն սկսել է հակաիրանական քաղաքականություն վարել, ագրեսիվ հռետորաբանություն գործածել։ Որոշելով գնալ հակաիրանական արշավի սրման՝ Բաքվի ռեժիմը մի շարք ադրբեջանցի շիա հոգևորականների է ձերբակալել, որոնք «իրանամետ» են համարվում, այդ թվում՝ Բաքվի ուրբաթօրյա մզկիթի նախկին իմամ Իլգար Իբրահիմօղլուին և հոգևոր կայքերից մեկի գլխավոր խմբագիր Սարդար Բաբաևին: Վերջինիս մեղադրանք են առաջադրել պետական դավաճանության մեջ: Բաքուն այս գործի միջոցով փորձում է ամրապնդել իր հեղինակությունն ԱՄՆ-ում և ԵՄ-ում:

«Այս վերջին իրադարձությունները վստահաբար վկայում են, որ առնվազն ներկա պահին Ալիևը ցանկություն չունի նվազեցնելու լարվածությունը Թեհրանի հետ հարաբերություններում: Հայաստանի դեմ Բաքվի ռազմական հաջողությունն ակնհայտորեն ոգեշնչել է նրան՝ բաց մարտահրավեր նետելու իր հարավային հարևանին: Երբ Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ էր իրականացնում Ադրբեջանի սահմանի մոտ, ադրբեջանական կառավարամետ կայքերը գրում էին, որ իսլամական պետության զինանոցը չի համապատասխանում Ադրբեջանի բարձրտեխոնոլագիական սարքավորումներին, որոնք երկիրը ստացել է Իսրայելից և Թուրքիայից: Ալիևը հույս ունի, որ Անկարայի և Թել Ավիվի ռազմական և դիվանագիտական աջակցությունը բավարար զսպող գործոն կլինի Թեհրանի դեմ»,- Responsible Statecraft պարբերականում հրապարակված հոդվածում գրել է Վաշինգտոնում և Մադրիդում Լատվիայի դեսպանության նախկին աշխատակից Էլդար Մամեդովը՝ հավելելով, որ Իսրայելի աջակցությունը պետք է վերաճի Վաշինգոտնի աջակցության, հատկապես, որ Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման հեռանկարներն անորոշ են:

Ձեռքերը ծալած չեն նստել նաև Իրանում։ Հատկապես քարոզչական ճակատում իսկապես լուրջ քայլեր են ձեռնարկվում։ Անգամ շիաների առաջնորդ, Այաթոլլա Խամենեին է «Թվիթեր»ում ադրբեջաներեն միկրոբլոգ բացել, որտեղով էլ ադրբեջանցիների հասու միջոցներով է իրականացնելու իր քարոզը։ Ադրբեջանցինեը, հիշեցնենք, շիա մահմեդականներ են։ Այս և այլ փաստեր վկայում են՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր սրում է սկսվում, որը կարող է հանգեցնել լուրջ առճակատման։ Արդյո՞ք Հայաստանը կկարողանա օգուտներ քաղել այս հանգամանքից, կամ էլ, լավագույն դեպքում, չտուժել Իրանի և մյուս հարևանների դիմակայությունից, բարդ է ասել, քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին են ապիկար փաշինյանականները։

Կորյուն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular