ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական, ադրբեջանական դիրքային փոփոխություններ չեն եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վերջերս ահազանգել էին, թե Փայլասարն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Հոկտեմբերի 19-ին «Զանգեզուր TV»-ի հետ զրույցում Կապան համայնքի ղեկավարը մանրամասնել էր. «Փայլասարը լեռնաշղթա է, որը ձգվում է մի քանի կիլոմետր երկարությամբ, բայց մենք՝ տեղացիներս, Փայլասար հատվածը կոչում ենք փոքր հատված, որտեղ ժամանակին տեղակայված է եղել մեր ՀՕՊ զորամասը: Ինչու՝ նախկինում է տեղակայված եղել, դա ուղիղ առնչություն ունի հենց դեկտեմբերի 18-ի իրադարձությունների հետ, երբ զիջվեցին մեր բոլոր անվտանգության գոտիները: Այդ հատվածը կոչում ենք նաև «Լակատոր» և այնտեղ տեղակայված են ադրբեջանական սահմանապահ զորքերը և մի քիչ ներքև՝ հայ սահմանապահ զորքերը: Երկու օր առաջվա դրությամբ այս հատվածում տեղակայված են եղել նաև ռուս սահմանապահ զորքերից մի խումբ, այժմ ռուս սահմանապահները տեղափոխվել են և տեղակայվել են այլ հատվածում: Եվ, քանի որ սա ստրատեգիական նշանակություն ունեցող հատված էր մեզ համար, հիմա ռուսների բացակայության պատճառով, այս հատվածն ամբողջովին անցավ ադրբեջանցիների վերհասկողության ներքո»:
 
Այս հայտարարությանը ի պատասխան Ազգային անվտանգության ծառայությունը Փայլասարի հատվածում Կապանի համայնքապետի և սյունեցի ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի պնդումներից երկու օր անց հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե «Սյունիքի մարզի Փայլասար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»։
 
ԱԱԾ-ի հայտարարությունից հետո դիրքային փոփոխությունների առկայությունը փորձեցինք ճշտել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանից։ Մեզ հետ զրույցում Փայլասարի մասին պաշտոնական հերքումներին համայնքապետը արձագանքում է հակիրճ. «Ինչպես ասել եմ, այդպես է. էլ ի՞նչ հերքում»:
 
Դիտարկմանը, թե այդ դեպքում Ազգային Անվտանգության ծառայությունը, որը հերքել է այս լուրերը, չի՞ տիրապետում իրավիճակին, Գևորգ Փարսյանն արձագանքեց. «Ազգային անվտանգության ծառայությունն ասել է՝ դիրքային փոփոխություններ չեն եղել. ես ևս ասում եմ՝ այո, հայկական, ադրբեջանական դիրքային փոփոխություններ չեն եղել. դա այդքանով իրականություն է»:
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular