ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի նախազգուշացումը Փաշինյանին և Ալիևին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի ժամանակ անդրադարձել է արցախյան խնդրին, ուշագրավ բացահայտումներ արել, և ուղղակի նախազգուշացումներ արել Փաշինյանին և Ալիևին։ Հայտարարելով, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը վեր կանգնելով քաղաքական կոնյունկտուրայից, կարողացան դադարեցնել արյունահեղությունը, Պուտինը նշել է, թե Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ արել է՝ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար, իսկ այժմ ռուս խաղաղապահները պատվով են կատարում իրենց պարտքը։

Ըստ ՌԴ նախագահի՝ անհնար է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակն առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում։

«Այժմ ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է: Եվ այստեղ, իհարկե, ոչինչ հնարավոր չէ անել առանց Ռուսաստանի մասնակցության։ Այստեղ, թերևս, ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից, շատ պարզ ու պրագմատիկ բաներ կան։ Քարտեզներ կան ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային շրջանում», - ասել է ՌԴ ղեկավարը։

Ամենաուշագրավ, թերևս, երկու երկրներում առկա ներքին խմորումներն են։ Պուտինի դիտարկմամբ, պատերազմների ժամանակ միշտ էլ լինում են ուժեր, որոնք դժգոհում են արդյունքներից, նշում, թե հնարավոր էր ավելի լավ անել։

«Հարց է ծագում՝ կարո՞ղ եք, գնացեք արեք»,- քմծիծաղ է տվել Ռուսաստանի նախագահը։ 

Ըստ էության, սա քարտ-բլանշ է՝ տրված Նիկոլ Փաշինյանին էլ, Իլհամ Ալիևին էլ, աջակցություն ներքաղաքական իրավիճակում։ Սակայն վերապահումով։ ՌԴ նախագահը հստակ հասկացնում է, որ առանց Ռուսաստանի միջամտության հնարավոր չէ հարցեր լուծել, իսկ հակառակ դեպքում՝ ինքն է որոշելու նրանց ճակատագիրը։ Նույն համաժողովում ակնհայտ էր ՌԴ նախագահի ջղաձգությունը Թուրքիայից։ Ընդգծելով, որ Թուրքիան ևս ակտիվ դեր է խաղացել հակամարտության մեջ՝ Վլադիմիր Պուտինը նշում է, թե կարգավորումը կարող է լինել միայն երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ։

Հայկարամ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular