1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Հախնազարյան՝ երաժիշտ, որի սկզբունքը դարձել է անսկզբունքայնությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քիչ է պատահում, որ բեմում փայլող երաժիշտը, որի առաքելությունը հանրությանը դաստիարակելը, մարդկանց մոտ ճաշակ ձևավորելն ու նրանց ամենավեհ գաղափարներ փոխանցելն է, իրական կյանքում անհասկանալի կեցվածք է դրսևորում և հակասական քայլերով հերքում է գրեթե աքսիոմատիկ այն ճշմարտությունը, թե բարձր արվեստ ներկայացնողը նաև բարձր արժեհամակարգ կրող անհատականություն է։

Խոսքը թերևս բեմում իր ամբողջ շքեղությամբ փայլող Նարեկ Հախնազարյանի մասին է, որի քաղաքացիական կեցվածքը մեղմ ասած տարակուսելի է։

Ընդամենը մի քանի տարի առաջ Նարեկ Հախնազարյանը Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության սրտի թավջութակահարն էր. սիրով օգտվում էր այն բարիքներից, որ կարող է պարգևել իշխանությունը՝ կոչումներ, նյութական շռայլություններ… Հեղափոխությունից անմիջապես հետո նախկինների կողմից երես տված երաժիշտը շատ արագ կողմնորոշվեց. Նարեկ Հախնազարյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի թավջութակահարը։ Հավանաբար նոր իշխանությանը հաճոյանալու համար Հախնազարյանը, որ ստանձնել էր կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկի դերը, նշեց, որ կառավարությունը, առողջապահության նախարարությունն անում են ամեն ինչ՝ համավարակի տարածումը կասեցնելու համար, իսկ, ա՜յ, ժողովուրդը երախտամոռ է, և ինքն ամաչում է հայ ժողովրդի համար։ Նա հայ ազգի զգալի մասին ամոթանք է տալիս և անվանում «բառադի», «դավաճան»՝ նրանց մեղադրելով համավարակի տարածման տեմպերն արագացնելու մեջ: «Հայ ժողովուրդը մնում է հայ վատ իմաստով… Մեծամասնությունը, ցավոք պետք է այս բառն օգտագործեմ, քանի որ ուրիշ բառի մասին չեմ կարողանում մտածել, իսկականից բառադի և անգիտակից հայեր են»: Այս խոսքերի համար իր երիտասարդ գործընկերոջը «հայրական ապտակ» հասցրեց անվանի թավջութակահար, ամերիկաբնակ Սուրեն Բագրատունին՝ մեծաբար հորդորելով Նարեկին՝ «քո ժողովրդի մասին այդպես խոսելը մեղք է։ Մի մոռացիր՝ որտեղից ես դու և ով ես, այդպես ժողովրդի հետ և ժողովրդի մասին չեն խոսում»։ Երբեմնի սիրված թավջութակահարին սկսեցին նաև խիստ քննադատել, իր իսկ խոսքով ասած, բառադի և անգիտակից հայերը

Անցավ մի քանի ամիս, և Նարեկ Հախնազարյանը դարձյալ փոխեց իր դիրքորոշումը. թավջութակահարը հանկարծ սկսեց գիտակցել, որ «կա ապագա» և «լավ է լինելու» խոստումները վերաբերում են միայն կոնկրետ մարդկանց մի փոքր խմբի, ոչ թե մեր երկրին և ժողովրդին, առավել ևս իրեն։ Նա Հանրապետության հրապարակում ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումն անվանեց սրբապղծություն՝ հավանաբար նրա համար, որ չհայտնվեց հրապարակի «գունագեղ» բեմում և տեղ չգտավ Անկախության օրվա կապակցությամբ պարգևատրվողների ցանկում։

Եվ ահա չանցած ընդամենը մեկ ամիս՝ Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունենում այն նույն երաժիշտների հետ, որոնց անվանել էր «սրբապղծության» մասնակիցներ։

Թե իր տեսակետներն ու սկզբունքներն ինչ պարբերականությամբ ու ինչ ուղղությամբ կփոխի Նարեկ Հախնազարյանը, մենք դեռ կտեսնենք։ Բայց որ նրա սկզբունքը դարձել է անսկզբունքայնությունը, փաստ է։ Նարեկ Հախնազարյանը դարձել է այն կերպարը, որին պետք է նայել ու ափսոսալ, թե ինչպես կարող է երաժիշտը փոշիացնել իր տաղանդն ու փառքը։


Արմեն Ամիրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular