ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հավաքականը այս պահին այն տեղում է, որտեղ պետք է լիներ. մեկնաբանը՝ Ռումինիային պարտվելու մասին

ՍՊՈՐՏ

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Բուխարեստում նվազագույն հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն: Այժմ մեր հավաքականը 12 միավորով 4-րդ տեղում է:

ArmDaily.am-ի հետ զրույցում Setanta Sports հեռուստաընկերության մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը Հայաստանի հավաքականի խաղը գնահատեց միջին որակի։

«Մեր Հավաքականը ցույց տվեց այն ամենը, ինչ կարող էր։ Թեպետ Խոակին Կապառոսը պնդում էր, որ Ռումինիայի հավաքականը և Հայաստանը ունեն գրեթե նույն մակարդակը, ես դրա հետ այդքան էլ համաձայն չեմ, որովհետև այնուամենայնիվ հաշվի առնելով բոլոր առկա խնդիրները հայկական ֆուտբոլում և ֆուտբոլի մշակույթի հետ կապված որոշակի առանձնահատկությունները՝ կարծում եմ, որ ռումինական ֆուտբոլը և Ռումինիայի հավաքականը ինչ-որ կարգով ավելի բարձր է քան մեր ընտրանին։ Մենք խաղացինք այնքան, որքան կարող էինք։ Չպետք է ընդհանրապես ընդհանուր գծեր տանել Գարնանային հատվածի խաղերի հետ որովհետև այնտեղ Ռումինիայի հետ խաղում լրիվ այլ գործոններ օգնեցին մեզ հաղթել։ Այս անգամ այդ գործոնները չեղան և մենք կրեցինք ցավալի պարտություն 0։1 հաշվով»,- ասաց մեկնաբանը։

Խոսելով խաղի ընթացքի և ֆուտբոլիստների հանդես գալու մասին՝ Գասպարյանը առանձնացրեց Հենրիխ Մխիթարյանին, ով խաղի ընթացքում փակում էր 3-4 դիրք։

«Նա իր դիրքից ձախ եզրից էր խաղում, պատասխանատվություն էր կրում նաև կենտրոնական հարձակվողի և կիսապաշտպանի դիրքի համար, որը վստահվել էր Էդուարդ Սպերցյանին։ Կենտրոնական հարձակվող չունեինք, Տիգրան Բարսեղյանը կեղծ 9-ը համար էր խաղում, բայց այդ պարտականությունը նա լիարժեք չկատարեց, իսկ երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Սարգիս Ադամյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հավաքականի մարզաշապիկը կրելիս նրա հետ ինչ-որ բան է կատարվում։ Առանձնապես կնշեմ Դավիթ Տերտերյանին, որը շատ լավ հանդիպում անցկացրեց, և Տաթրն Ոսկանյանին, որը մեծ վստահություն է ձեռք բերել Անդրե Կալիզիրի բացակայությունից հետո և անփոխարինելի ֆոիտբոլիստ է դարձել»,- ասաց մեկնաբանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ կարող էր անել մեր թիմը, Գասպարյանը նշեց, որ կդժվարանա ասել, որովհետև հետհայացք գցելով գարնանային խաղերին՝ բախվում ենք իրականության հետ։

«Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի հետ խաղում հաղթեց ինքնագոլի շնորհիվ։ Ռումինիային հաղթեց, եկեք լինենք անկեղծ, քանի որ մրցակիցը խաղում էր 10 հոգով և Վարազդատ Հարոյանի խփած գնդակը խաղից դուրս վիճակից էր։ Բայց հիմա եղավ այն, ինչ եղավ, մենք ունեցանք 3-ից 3, բայց այդ 3 հաղթանակից 2-ը մենք տարանք ոչ միայն մեր ջանքերով։ Փաստացի միակ լավ խաղը, որ մենք խաղացինք այս ընտրական մրցաշարում, եղավ Իսլանդիայի հետ տանը։ Դրանից զատ՝ մեր հավաքականը ոչ մի լավ ֆուտբոլ ցույց չտվեց»,- ասաց Գասպարյանը։

Դիտարկմանը, որ ստացվում է՝ եթե որոշակի հանգամանքներ չօգնեն հավաքականին, ապա հաղթանակ չենք ունենա, Գասպարյանը արձագանքեց. «Իհարկե, ոչ։ Բայց ֆուտբոլը բաղկացած է ոչ միայն ֆուտբոլիստների ցուցադրած խաղից այլ նաև ընդհանւոր որոշակի հանգամանքներից. մի տեղ մրցակիցը գնդակը կորցնում է, մենք վերցնում ենք, բայց կարող է գրոհը չավարտենք, ամբողջը հանգամանք է։ Պետք է դա հասկանալ և ֆուտբոլը վերլուծել ոչ միայն վիճակագրության տեսանկյունից, այլև հանգամանքների։ Ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանի հավաքականը այս պահին այն տեղում է, որտեղ պետք է լիներ, որովհետև գարնանային հատվածի խաղերը որոշակի հանգամանքների հաջորդականության արդյունք էր, իսկ հիմա կա այն, ինչ իրականում է»։

Մեկնաբանը հավաքականի հետ կապված խնդիր չի տեսնում, միայն նշում է, որ պետք է ներկայիս մակարդակը ընդունենք։

Ինչ վերաբերում է Խոակին Կապառոսի աշխատանքին, ապա Գասպարյաի համար այն անհասկանալի է, և կան շատ հարցեր, ինչպես նաև գլխավոր մարզիչը պետք է նոր ֆուտբոլիստներ ներգրավվի, ինչպես նաև ուշադրություն դարձնի երիտասարդ մարզիկներին։

«Ես չգիտեմ, թե ինչպես է նա լուծելու հիմնական կազմի 4 ֆուտբոլիստի բացակայությունը Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում, բայց ակնհայտ է, որ միստերը վերջին խաղերում սխալ փոփոխություններ է կատարում. համառորեն վստահում է Սարգիս Ադամյանին, այո, այս անգամ դուրս բերեց միայն երկրորդ խաղակեսում, բայց Սարգիսը ոչ մի օգուտ դե ֆակտո չի տալիս։ Թվերով և որոշակի վիճակագրությամբ նա ունի պրեսինգ, մրցակցից գնդակ խլելու և այլ ցուցանիշներ, բայց նա հարձակվող է, իսկ հարձակվողի գլխավոր պարտականությունը գոլ խփելն է, որը նա անել չի կարողանում։ Պետք է ուշադրություն դարձնել պահերի իրացման վրա»,- նշեց մեկնաբանը։

Նա հորդորեց երկրպագուներին չկտրվել իրականությունից և սավառնել երկնքում, պարզապես նայեն, թե մրցաշարային աղյուսակում որ դիրքում ենք և համակերպվենք։

«Մի խնդրանք բոլորին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ սպեկուլյացիաները շարունակում են մնալ ակտուալ։ «Հենրիխը եթե չլիներ մենք ավելի լավ կխաղայինք բնույթի խոսակցությունները շրջանառվում են համացանցում, և ես դա համարում եմ էժան հերյուրանք և կարծիք, որը իրավունք չունի ուղղակի գոյություն ունենալու, կոչ եմ անում լինել մի փոքր ավելի զուսպ և ավելի բարձր գնահատել այն, ինչ մենք ունենք։ Իսկ մենք Հենրիխ Մխիթարյան մենք մի հատ ունենք»,- ասաց մեկնաբանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular