ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ ահազանգ․ Իրանով Հայաստանի հարցերը լուծելու ճանապարհը փակվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի` մի կողմից, և Իրանի` մյուս կողմից, հարաբերությունների սրումը, ռազմատենչ հայտարարությունները և միմյանց հասցեին հնչող վիրավորանքները հայ հանրությանը կեղծ հույսեր էին տվել, թե Իրանը պատրաստվում է ընդհուպ մինչև ռազմական ճանապարհով կարգավորել Սյունիքի ճանապարհների խնդիրը։ Քանի որ Հայաստանում բացակայում է պետական բարձրագույն իշխանությունը, որպես այդպիսին, հանրության մի ստվար զանգված սոցցանցերում իրեն իրանագետի տեղ էր դրել և ակնհայտ հույսեր էր փայփայում, թե, ուր որ է, իր խնդիրները կարգավորելու է Իրանը։ Իրանական կողմից ևս հնչում էին հայտարարություններ, իսկ սահմանին Իրանի զորավարժությունները ստիպում էին կարծել, թե ուր որ է ռազմական լուրջ գործողություններ են սպասվելու։ Այլ հարց, որ իրանական զինված ուժերի համար բարդ կլիներ ռազմական գործողություններով լուրջ հաջողությունների հասնել՝ հաշվի առնելով սպառազինության մակարդակը։ Նաև նման ռազմական բախման հավանականության դեպքում առաջին հերթին ոտատակ էր ընկնելու Հայաստանը, քանի որ հենց մեր տարածքում էր սկսվելու ռազմական իրական դիմակայություն։

Նախօրեին Ռուսաստան էր մեկնել և Սերգեյ Լավրովի հետ հանդիպել Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը։ Այնուհետև նա հարցազրույց էր տվել «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը, որտեղ ակնհայտորեն դիրքորոշումների մեղմացում էր նկատվում։Աբդոլահիանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են ու Իրանը նրանցից որևէ մեկի հետ չի աշխատի մյուսի դեմ։ Աբդոլահիանը ասել է, թե Իրանի նոր կառավարությունը իր գլխավոր սկզբունքներից մեկը համարում է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես հյուսիսային հարևանների հետ։

«Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են,մենք չենք կարող նրանցից մեկի հետ աշխատել մյուսի դեմ, մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է»,-  նշել էր նա, նույնիսկ կարծիք հայտնել, թե որպես բարիդրացիության նշան կարող է այցելել Հայաստան ու Ադրբեջան,- ասել է իրանական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը, միևնույն ժամանակ շարունակել է խոսել Իսրայելից, նշել, թե դրսի որոշ ուժեր փորձում են ազդեցություն գործել տարածաշրջանի վրա, փոխելով սահմանները, փակել սահմանային անցումները, կամ տեղաշարժել դրանք։ Նույն այդ Աբդոլլահիանը օրեր առաջ մեկ այլ հայտարարություն էր արել, ինչն ամբողջովին բացահայտում է 44-օրյա պատերազմում Իրանի դրսևորած հակահայ վարքը և պատճառները, թե ինչու Իրանը որևէ կերպ չխառնվեց հակամարտությանը, այլ աջակցեց Ադրբեջանին իր հայտարարություններով։

«Մեզ հավաստիացրել էին, թե ահաբեկիչները, որոնք տեղափոխվում են տարածաշրջան, Իրանի դեմ չեն»,- նշել էր Իրանի արտգործնախարարը։ Ըստ էության, սա նշանակում է, որ Հայաստանը նույնիսկ հարավային հարևանի հետ չի կարող ռազմական գործակցություն ունենալ, և միակ դաշնակիցը, որը ունի Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանն է՝ հավասարակշռելու թուրք-ադրբեջանական նկրտումները Հայաստանի տարածքի նկատմամբ։ Փաստենք, որ այս անգամ ևս հանրության մի ստվար զանգվածի մոտ ապատիա և հիասթափություն է առաջացավ, ինչը սակայն օբյեկտիվ է, երբ դու չունես պետական իշխանություն, չունես մարտունակ բանակ, որպեսզի պաշտպանես քո սեփական տարածքը, ստիպված ես լինում հույսդ դնել այլ պետությունների և այլ ուժերի վրա։ Իսկ այդ դեպքում որևէ տարբերություն չկա՝ Ադրբեջա՞նը, թե՞ Իրանն է լինելու քո տարածքի զավթողը։

Միքայել Աթաբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular