ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնդրահարույց է այն, որ պաշտպանության ծախսերի իրական աճ գրեթե չի լինելու

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի պետական բյուջեի նախագիծը Կառավարությունը հաստատեց, և այժմ փաստաթուղթը խորհրդարանում է: Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Հարցին, թե տնտեսագետն ի՞նչ սպասելիքներ ունի գլխավոր ֆինանսական փաստաթղթից՝ հաշվի առնելով այն, որ արդեն իսկ կարծիքներ կան, թե իրականությունից կտրված հաշվարկների հիման վրա արված փաստաթուղթ է Հրանտ Միքայելյանը պատասխանել է․ «Բյուջեի նախագծին մակերեսային եմ ծանոթացել, և, իմ նախնական դիտարկումներով, շատ սովորական բյուջե է, բայց խնդրահարույց է այն, որ պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցները շատ քիչ են լինելու: Այսինքն՝ պաշտպանության ծախսերի իրական աճ գրեթե չի լինելու: Նաև նախատեսվում է 500 մլն դոլար պակասուրդ, որը շատ է, բայց նաև՝ անխուսափելի: Հարց է, թե ինչքան տնտեսական աճ է նախատեսված»:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է համարում այն, որ ըստ փաստաթղթի նախատեսել են 7 տոկոս տնտեսական աճ տնտեսագետն ասել է․ «Մի քիչ դժվար է պատկերացնել, որ այդքան մեծ աճ է լինելու: Օրինակ՝ այս տարվա հետ կապված էկոնոմիկայի նախարարը երկնիշ տնտեսական աճի հույս ուներ: Սակայն տնտեսական ակտիվության մասին արդեն իսկ հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ հնարավոր չէ երկնիշ տնտեսական աճ ապահովել: Մյուս կողմից էլ՝ խնդրահարույց է սպասվող պակասուրդը, թեպետ նման իրավիճակում լավ բան սպասել էլ հնարավոր չէր»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ 7 տոկոս տնտեսական աճը կառավարությունը հույս ունի ապահովել շինարարության ոլորտում աճի հաշվին տնտեսագետը ասել է․ «Ես չէի սպասի, որ նման 7 տոկոս տնտեսական աճ կարող է լինել, բայց նաև համոզված չեմ, որ այդ ոլորտում աճը կարող է հանգեցնել տնտեսական աճի, քանի որ շինարարության ծավալը մեր տնտեսության մեջ այնքան է նվազել, որ ոլորտի աճը շատ լուրջ չի ազդում տնտեսության աճի վրա: Ես, օրինակ՝ շատ լուրջ ուշադրություն կդարձնեի գյուղատնտեսության ոլորտին, որովհետև այս ոլորտը ոչ միայն տնտեսության ճյուղ է, այլ նաև սոցիալական լուրջ նշանակություն ունի: Բացի այդ, այս ոլորտում ապահովվում է նաև զբաղվածություն»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular