ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճը սպառնալիք է հանրային անվտանգության, ներդրումային միջավայրի և սոցիալական կայունության համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում արդեն հինգերորդ անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սեպտեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է, որ տոկոսադրույքը բարձրացնելու է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%: ԿԲ-ից ամփոփել են նաև տնտեսական առկա միտումները՝ արձանագրելով, որ 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և ամսվա վերջին կազմել է 8.8%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը օգոստոսին ևս պահպանվել է 8.0%-ի շրջակայքում: Հայտնել են նաև, որ առաջարկի և պահանջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը պահպանվում է, գործընկեր երկրներում գնաճն ընթանում է նախկին կանխատեսումների համեմատ ավելի բարձր հետագծով. այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն:

«ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»,- տեղեկացրել են կենտրոնական դրամատնից:

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ։ Անդրադառնալով ԿԳ գործիքակազմի կիրառմանը` տնտեսագետը ասել է․ «ԿԲ-ն արձագանքն այս իրավիճակում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Փաստ է, որ գնաճային ճնշումները չափազանց մեծ են, ռիսկերը համակարգային են, և կարող են բերել լուրջ սոցիալական ցնցումների, եթե ԿԲ-ն նման «սառը ցնցուղ» չօգտագործի: Հասկանալի է` սա բավականաչափ կոշտ քայլ է, որովհետև տոկոսադրույքների բարձրացումը, որն անխուսափելի է, բերելու է ներդրումային ակտիվության առավել վատթարացմանը, իսկ ԿԲ-ի նախագահն առաջին հերթին խոսում էր մասնավոր ներդրումների սակավությունից։ Միևնույն ժամանակ, իր քայլով Կենտրոնական բանկը ձգտում է խարսխել գնաճային սպասումները և գների անսանձ թռիչքը»:

Խոսելով աննախադեպ գնաճի տեմպից՝ Ատոմ Մխիթարյանը ասել է․ «Սա սպառնալիք է նույնիսկ հանրային անվտանգությանը, ներդրումային միջավայրին և սոցիալական կայունությանը։ Եվ դա հասկանում են Կենտրոնական բանկում, բայց թե ինչ են մտածում կառավարությունում՝ պարզ չէ: Վերջին երեքուկես տարիների ընթացքում մենք այդպես էլ չտեսանք, որ գնային «ստատուս-քվոյի» փոփոխություններ տեղի ունենան, և այն խոստումները, որոնցով իշխող քաղաքական ուժը եկել է իշխանության, իրականություն դառնան: Խոսքը վերաբերում է հատկապես բազային ռեսուրսների սակագներին ու դրանց հասանելիությանը, կենսական նշանակության ապրանքների, ծառայությունների գներին, բնական մենաշնորհների ոլորտի ապրանքներին (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, ֆիքսված կապ) տրանսպորտային ծառայություններին. այս ամենը սողացող սպառնալիքի նման աճելով՝ այսօր վեր է ածվել թնջուկի: Ի դեպ, տնտեսության մեջ բավականաչափ մեծ տրանսակցիոն ծախսեր, կոռուպցիոն շրջանառություններ կան, ստվեր կա, և կարելի է ասել՝ բյուրոկրատական մեծ ազդեցություններով պայմանավորված ծախսեր՝ ևս, որոնք բարձրացնում են գների մակարդակը. սա է իրականությունը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular