ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքրիկ հուշ Կարեն Վարդանյանի մասին. Վահե Լորենց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վահե Լորենցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Փոքրիկ հուշ Կարեն Վարդանյանի մասին․
Շատերը Կարենին գիտեին որպես գործարար, մտավորական, հասարակական գործիչ․․․ բայց միայն մտերիմները գիտեին, որ Կարենը նաև հումորի նուրբ զգացում ուներ։ Եվ Կարենի ծիծա՜ղը․․․ անկեղծ, անբռնազբոս ծիծաղը․․․ երբ նա ծիծաղում էր քահ-քահ․․․ ուղղակի վարակիչ էր, և անկարող էիր լուրջ մնալ․․․
Մի երեկո, երբ իր աշխատավայրում այցելել էի Կարենին, առաջարկեց միասին սրճարան գնալ։ Գնացինք Կասկադ։ Նստեցինք սրճարանում, մոտեցավ մատուցողը։
-Բարև ձեզ, ներեցեք, Կովիդի պատճառով պետք է ձեզ ջերմաչափեմ ու գրանցեմ ձեր անունները։
-Խնդրեմ,-ասաց Կարենն ու ձեռքը մեկնեց մատուցողին, որ ջերմաչափի։
Երբ երկուսս էլ ջերմաչափվեցինք՝ մատուցողը հարցրեց մեր անունները։
-Պատրիս Լումումբա,-անվրդով, առանց միմիկան շարժելու ասաց Կարենը։
Մատուցողն անտարբեր գրանցեց։
-Բենիտո Մուսոլինի,-Կարենի տոնը վերցնելով՝ ,,ներկայացա,, ես։
-Էս ի՞նչ տարօրինակ անուններ ունեք,-զարմանքը չթաքցրեց աղջիկը՝ մանրամասն զննելով մեր դեմքը, փորձելով հասկանալ՝ հա՞յ ենք։
-Դե, լոռեցի եմ, անունս Մուսոյան Բենո է, գյուղում Մուսոլինի են ասում,- անվրդով պատասխանեցի։
Մատուցող աղջիկը գրանցեց ու շորորալով հեռացավ։
Կարծում էի՝ Կարենը կծիծաղի․․․ բայց, մռայլված շշնջաց միայն․-Ի՞նչ սերունդ է, ի՞նչ անգրագետ։ Եվ սրա՞նք են մեր ապագան․․․
Հաջորդ օրը կրկին այցելեցի Կարենին։ Հիմնարկի մուտքի մոտ պահակ տարեց կինը հարցրեց․-Ո՞վ եք․․․
-Բենիտո Մուսոլինի,- ժպտալով արտաբերեցի։
Անվրդով գրանցեց և մյուս հարցն ուղղեց․-Ու՞մ մոտ եք գնում։
-Պատրիս Լումումբայի,-պատասխանեցի։
Կինը սա էլ գրանցեց, ապա շրջվելով կողքը նստած ընկերուհու կողմը՝ հարցրեց․-Աղջի՛, էստեղ տենց մարդ կա՞, էդ Պատրիկն ո՞վ ա․․․
-Հա, դե որ ասում ա՝ կըլնի էլի, գրեցիր՝ թող գնա,- պատասխանեց կողքի իմաստունը․․․
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular