ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների անպատժելիությունը լկտիացնում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատերազմից հետո ադրբեջանցիների գործողությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնում, իսկ անպատժելիությունը նրանց նոր սադրանքների է մղում։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ, ներկայացրել իրավիճակը։ Թաթոյանը միակ պետական պաշտոնյան է, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո անընդհատ բարձրացնում է սահմանամերձ դարձած բնակավայրերի խնդիրները, Ադրբեջանի թշնամական պահվածքը, պարբերական դարձած գնդակոծումները։ Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրական ազդակներ է փնտրում կամ նվաստանում Ադրբեջանի առջև, ՄԻՊ-ը յուրաքանչյուր դեպք արձանագրում ու ներկայացնում է հայ և միջազգային հանրություններին։

Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը ամենամեծ լարվածությունը ստեղծում է գերիների հարցի շուրջ` չհրապարակելով գերիների թիվը կամ հոգեկան տառապանքներ պատճառելով անհետ կորած զինծառայողների ծնողներին։

«Ադրբեջանցիների գործողությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնում։ Անգամ, եթե նրանք մեկ շաբաթ ոչինչ չձեռնարկեն, այդ հարցերը չեն լուծվելու, եթե մեկ ամիս չկրակեն, միևնույն է նրանց ներկայությունը կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում է»,- ասել է նա և ընդգծել պատճառը․

«․․․ հստակ է` անպատժելիությունը։ Նրանք հստակ տեսնում են, որ ինչ էլ անում են, չեն պատժվում։ Իրենց իշխանությունները միայն խրախուսում են` սկսած պատերազմի օրերից։ Ակնհայտ է մեկ բան` նրանք չեն հանգստանալու, եթե մենք ինքներս պաշտպանության ամուր երաշխիքներ չներդնենք»։

Մեկ այլ խնդիր էլ, ըստ Թաթոյանի, սոցիալ-տնտեսականն է։ Ադրբեջանցիները գողանում են վարկով գնած անասունները, հրդեհում արոտավայրերը, անտանելի պայմաններ ստեղծում, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները թողնեն և հեռանան իրենց գյուղերից։ Մարդու իրավունքների պաշտպանը իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները և խնդիրների լուծման առաջարկությունները գրավոր կերպով ներկայացնելու են կառավարությանը, որը, սակայն, մատը մատին չի խփում տուժած բնակիչների խնդիրները լուծելու ուղղությամբ։

Լևոն Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular