ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղեղը նախկինի պես չի աշխատում. Ռուսաստանում կուսումնասիրեն հետքովիդյան համախտանիշը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տոմսկի բժիշկները մեծ հետազոտություն են սկսում մարդու ճանաչողական գործառույթների վրա COVID-19-ի ազդեցության վերաբերյալ: Նրանք պատրաստվում են պարզել, թե վիրուսն ինչ երկարաժամկետ ազդեցություն է թողնում հիվանդների հոգեկան աշխարհի վրա ու ինչպես իրականացնել նրանց վերականգնումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Տոմսկի ազգային հետազոտական բժշկական կենտրոնի (TNIMC) հոգեկան առողջության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Բոխանը:

 

Բոխանն ասել է, որ այսօր COVID-19-ի հետազոտությունների մեծ մասը նվիրված է վիրուսի պաթոգենեզին, տարածմանը և մուտացիային, իսկ նյարդաբանական ու հոգեբանական ելքերի գնահատման վերաբերյալ հետազոտությունները չափազանց քիչ են:

«Մինչդեռ մենք տեսնում ենք, որ հոգեկան առողջության գիտահետազոտական ինստիտուտի սահմանային վիճակների բաժանմունքում հիվանդների հոսպիտալացման դեպքերի մինչև 70 տոկոսը այսպես թե այնպես կապված է COVID-19-ի հետ: Ընդ որում, այդ խնդիրը վերաբերում է նաև հիվանդությունը թեթև տարած մարդկանց»,– ասել է նա։

Նիկոլայ Բոխանը նշել է, որ վիրուսը մի շարք նյարդաբանական, հոգեբուժական ու ճանաչողական բարդություններ է առաջացնում, այդ թվում՝ հիշողության խանգարում: Գիտնականները մի քանի հնարավոր պատճառներ են առանձնացնում։ Նախ, վիրուսը կարող է ազդել նյարդային հյուսվածքների վրա։ Երկրորդ՝ հիշողության վատթարացումը կարող է կապված լինել թթվածնի սովի պատճառով ուղեղի վնասման հետ: Երրորդը կարող է լինել իմունային համակարգի արձագանքը վիրուսին։

«Ըստ կլինիկական դիտարկումների, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացած հիվանդների մոտ նկատվել են նաև ուշադրության խանգարում, խոսքի արագության ու տեղեկատվության մշակման արագության նվազում: Որոշ գնահատականներով՝ այդ ախտանշանները կարող են մինչև հինգ տարի պահպանվել: Բժշկական գրականության մեջ նկարագրված են նաև գործադիր գործառույթների խանգարումները: Միջին հաշվով, հիվանդների 26-40 տոկոսի մոտ COVID-19-ից հետո նկատվում է ուշադրության վերահսկողության, պլանավորման, վարքագծային վերահսկողության ու տարածության մեջ կողմնորոշման դժվարություն», - ասել է Նիկոլայ Բոխանը։

Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Կյանքի մասին գիտություններ» գիտական խորհրդի նիստում, որը նվիրված էր COVID-19-ի ու հոգեկան առողջության կապին:

«Նոր կորոնավիրուսային վարակի ուղեղային և նեյրոտրոպային բարդությունների պաթոգենեզը հետագա մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի։ Ծավալուն գիտական հետազոտությունները կօգնեն հիվանդների երկարաժամկետ վերականգնման տեխնոլոգիաներ մշակել»,- եզրափակել է Բոխանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular